Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ԳԵՆԵՐԱԼԸ
ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ԳԵՆԵՐԱԼԸ

Հայրենասիրության դաս Երեւանի «Արգենտինյան Հանրապետություն» դպրոցում

ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ԳԵՆԵՐԱԼԸ«Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների համար մարտի 17-ը յուրահատուկ էր: Նրանք հյուրընկալել էին  պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին: Դպրոցի ընդարձակ դահլիճում «Արիության դասը» ունկնդրելու էին եկել 70 աշակերտներ եւ 20 ուսուցիչներ: Զինղեկ, փոխգնդապետ Սերգեյ Ղազարյանը հոգացել էր դահլիճի կահավորումը. համազգեստի նմուշներ, Հայրենական մեծ պատերազմի հայազգի մարշալների մեծադիր նկարներ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին պատմող նյութեր եւ պատերազմական տարիների լուսանկարներ, Շուշիի ազատագրման ռազմական գործողությունների գծապատկեր:

Դասը մեկնարկեց օրհներգով, այնուհետեւ ներկաները դիտեցին Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի մասին պատմող տեսաֆիլմը: Աշակերտները հուզված եւ ոգեւորված էին: Տեսանյութից հետո ելույթով հանդես եկավ Մուրազ Սարգսյանը: Նա հանգամանալից ներկայացրեց հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական պատերազմին, հայազգի մարշալների ու Խորհրդային Միության հերոսների կյանքն ու սխրագործությունները, մեծ խանդավառությամբ՝ որպես ականատես, պատմեց Արցախյան պատերազմում մեր ժողովրդի ցուցաբերած արիության եւ հաղթանակների մասին: Գեներալը, իհարկե, անդրադարձավ նաեւ մերօրյա հերոսների՝ թշնամուն զսպող հայ զինվորների առօրյային, ծառայությանը: Գեներալը վստահ է՝ հակառակորդին կարելի է զսպել միմիայն հայրենիքի հանդեպ ունեցած մեծ  սիրով եւ նվիրումով:

«Արիության դասին» ներկա աշակերտների համար ակնհայտ էր՝ մենք մեծ ջանքերի, երբեմն անդառնալի  կորուստների գնով ենք թշնամուն ետ պահում մեր սահմաններից, մեր բանակը  պատվով պահպանում եւ պաշտպանում է մեզ: Մեր հաղթանակը:

Հանդիպման ավարտին դպրոցի տնօրեն Նարինե Ադամյանը ներկաներին հավաստիացրեց, որ ռազմահայրենասիրական դաստիարակության գործը իրենց կրթօջախում ամուր հիմքերի վրա է: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին՝ ուսուցողական դասի համար: Պատվոգրերով պարգեւատրվեցին փոխտնօրեն Ա. Մնացականյանը եւ ուսուցիչներ Լ. Դաշյանն ու Վ. Մակասյանը:

 

Արփինե Մնացականյան

դաստիարակչական գծով փոխտնօրեն