Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՓՈԽԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ



Սիրիայի հյուսիսի ալ-Ջազիրա մարզում մարտի 17-ին քրդերը հռչակել են դաշնային ձեւաչափով ինքնավարության մասին: Վեց ամսվա ընթացքում քրդերի ինքնահռչակ այս շրջանի հիմնադիր խորհուրդը մտադիր է մշակել եւ ժամանակին գործի դնել դաշնային կառույցի մասին փաստաթուղթը: Դաշնային կառուցվածքի վերաբերյալ այս փաստաթղթի իրագործման աշխատանքները կիրականացնի 31 հոգուց բաղկացած ընտրովի խորհուրդը: Փաստացի՝ սկսվել է Սիրիայի ֆեդերալացման գործընթացը,  ինչը փոխելու է թե՛ ներսիրիական իրավիճակը, թե՛ Մերձավոր Արեւելքի ամբողջ քաղաքական քարտեզը:

 

ՍԻՐԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՓՈԽԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՔԱՐՏԵԶԸՍիրիայի տարածքից ռուսական ռազմաօդային ուժերի դուրսբերման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո այդ երկրում իրավիճակը ռազմականից տեղափոխվել է քաղաքական դաշտ: Քրդերի ինքնավարության հռչակումը կարող է օրինակ ծառայել Սիրիայի մյուս կրոնական և ազգային համայնքների համար, և այդ դեպքում ֆեդերալացման գործընթացը կլինի անշրջելի: Սակայն այդ գործընթացից կարող են օգտվել նաև տարածաշրջանային այլ դերակատարները՝ փորձելով այդ երկրում ստանալ իրենց ազդեցության գոտիները: Արդեն իսկ ակտիվացել են Անկարայում՝ նպատակ հետապնդելով սահմանամերձ հյուսիսային շրջաններում ստեղծել թուրքոմանների ինքնավարությունը:

Սիրիայում մեծ թիվ կազմող դրուզները ևս կարող են ինքնավարություն պահանջել և աջակցություն ստանալ Իսրայելում բնակվող իրենց եղբայրներից, որոնք ներկայացված են հրեական պետության զինուժում և հետախուզությունում: Մեծ հավանականությամբ, իրենց կաջակցեն նաև Լիբանանի հայրենակիցները, որոնք տնտեսական լայն հնարավորություններ ունեն:

Այսպիսով, կրոնա-ազգային հիմքերով Սիրիան կարող է բաժանվել «Սուննիստանի» (կենտրոնական շրջաններ, որոնք այս պահին գտնվում են Իսլամական պետության, Ջեբհատ ան-Նուսրայի և այլ կազմակերպությունների վերահսկողության տակ), «Ալևիստանի» (Սիրիայում իշխող կլան ալևիները կարող են կենտրոնանալ Լաթաքիայում և միջերկրածովյան շրջաններում): Այս գործընթացում կարևոր կլինի նաև հայերի և քրիստոնեական մյուս համայնքների դիրքորոշումը:

Էթնո-կրոնական սկզբունքով Սիրիայի ֆեդերալացումը կարող է իր ազդեցությունն ունենալ տարածաշրջանի մյուս երկրների` Իրաքի, Թուրքիայի, Իրանի և այլ երկրների վրա: Իրաքի քրդերն արդեն իսկ ձևավորում են իրենց պետականությունը և պատրաստվում անկախության հռչակմանը:  Այս պարագայում Անկարան հայտնվելու է լրջագույն մարտահրավերների առջև, քանի որ Թուրքիայում նոր թափ է ստանում քրդական ազատագրական շարժումը: Թեև Թուրքիան կենսականորեն դեմ է Սիրիայում քրդական որևէ ինքնավարության ստեղծմանը, սակայն նա այլ դիրքորոշում ունի Իրաքի քրդերի պարագայում: Անկարան հույս ունի նրանց միջոցով վերահսկողության տակ պահել հյուսիսիրաքյան նավթաշատ շրջանները:  Չի կարելի բացառել, որ «քրդական զարթոնքը» նոր թափ կհավաքի նաև Իրանում:

Փաստացի՝ Սիրիայի ֆեդերալացումը կարող է վերացնել Իրաքի ֆեդերալացման գործընթացի ճանապարհին հանդիպող խոչընդոտները: Արդեն շուրջ չորս տարի արաբական այդ հանրապետությունը հայտնվել է մասնատման վտանգի առջև:  Բնական է, որ Թեհրանը չի հանդուրժի Սիրիայում և Իրաքում թուրքական ազդեցության մեծացումը և կփորձի հավասարակշռել իրավիճակը՝ առաջ քաշելով իրաքյան շիաների ինքնավարության հարցը:  Դա է պատճառը, որ Սիրիայի ֆեդերալացման դեմ արդեն իսկ դուրս եկան ԱՄՆ-ը և Եվրամիության երկրների մի մասը, սակայն Սիրիայում ընթացող այս գործընթացը դառնում է այդ երկրում խաղաղության հաստատման եզակի տարբերակներից մեկը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Տարածաշրջան


23/03/2016