Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«СМЕРЧ» ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ` ՀԱՅՈՑ ԶԻՆՈՒԺԻ ՀԶՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ
«СМЕРЧ» ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ` ՀԱՅՈՑ ԶԻՆՈՒԺԻ ՀԶՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ

Համազարկային կրակի «Смерч (9К58)» ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ) ձեռք բերելը հայկական զինված ուժերի և պետականության հզորացման հերթական քայլերից է: Դա հզոր հարձակողական միջոց է, աշխարհում շատ քիչ են 250-300 մմ-ոց նման ՀԿՌՀ-ները: Հաշվի առնելով հակառակորդի սպառազինման մակարդակը և սպառազինությունների զարգացման համաշխարհային միտումները` մեզ համար կարևոր են մեծ ՀԿՌՀ-ների` որպես հարձակման հզոր և ճկուն միջոցների կատարելագործման ոլորտի զարգացումները: Բանն այն է, որ նման համալիրները նախկինում չունեին մեծ դիպուկություն, և այդ պատճառով շատ երկրներ հրաժարվում են դրանց լայն կիրառությունից: Սա վերաբերում է նախևառաջ փոքր տրամաչափի ՀԿՌՀ-ներին, որոնք արկերի` մեծ տարածության վրա ցրվելու և մարտական մասերի փոքր լինելու պատճառով այնքան էլ արդյունավետ չեն, հատկապես լեռնային տեղանքում, որտեղ կրակի դիպուկությունը առավել կարևոր է: Ի դեպ, հենց այս պատճառով անիմաստ է Ադրբեջանի կողմից այդքան գովազդվող 107 և 122 մմ-ոց հրթիռների և դրանց համալիրների արտադրությունը, որը ներկայացվում է որպես տեխնիկական մի հրաշք: Շատ պետությունների, այդ թվում Իսրայելի և ԱՄՆ-ի սպառազինության մեջ չկան փոքր և միջին տրամաչափի ՀԿՌՀ-ներ:
Վերջերս հրթիռային տեխնոլոգիաների և միկրոէլեկտրոնիկայի զարգացումը թույլ տվեց մեծ համալիրները կատարելագործել այն աստիճանի, որ դրանց հրթիռները չափսերի մի փոքր մեծացումից հետո վերածվում են գրեթե մարտավարականի: «MLRS», «Смерч», «WM-80», «WS-1B», «LAR-160», «MAR-290» և այլ համալիրները կատարելագործվելով` վերածվել են մարտավարական հրթիռային «փոքրիկ» համալիրների: Հրթիռների դիպուկությունն ավելացել է մի քանի տասնյակ անգամ` հիմնականում արբանյակային նշանառման շնորհիվ:
Իհարկե, հրթիռների մեծացման պատճառով արձակման կայանների վրա նախկին 8-12-ի փոխարեն այսօր տեղադրվում է 2-4 հրթիռ, սակայն այդ կորուստը վերածվում է նույնիսկ առավելության: Օրինակ` ամերիկյան «MLRS» 240 մմ-ոց բազմաֆունկցիոնալ ՀԿՌՀ-ն, որն ունի մի քանի տեսակի` մինչև 30-40 կմ հեռահարություն ապահովող, չղեկավարվող, մեծ մարտական մասերով մինչև 12 հրթիռների (M-26) արձակման հնարավորություն:
Բացի դրանից, այս համալիրի արձակման կայանից կարելի է արձակել երկու «ATACMS» հրթիռ (MGM-140 և MGM-164` իրենց մարտավարական և օպերատիվ մարտավարական տարբերակներով): Այս հրթիռների տարատեսակները հարմարեցված են ամենատարբեր պայմաններում կիրառելու համար: «MLRS»-ն ունի արձակման թրթուրավոր շարժական կայան: Փաստորեն, «MLRS» բազմաֆունկցիոնալ ՀԿՌՀ-ն փոխարինում է ռուսական սովորական «Смерч» ՀԿՌՀ-ների, «Точка-У (9К79-1)» մարտավարական և «Искандер-Э (9К723)» օպերատիվ-մարտավարական հրթիռներին միաժամանակ:
Մեկ արձակման կայանով երեք տեսակի օդային հարձակման միջոց ունենալը նպատակահարմար է նաև մեզ համար: Չինական 273 մմ-ոց «WM-80» ՀԿՌՀ-ի նոր հրթիռները կարող են արձակվել մինչև 120 կմ: Իսկ ավելի կատարելագործված «Guardian-2» հրթիռները, որոնց տրամաչափը մեծացվել է մինչև 406 մմ, կարող են նշանակետեր խոցել մինչև 280 կմ հեռավորության վրա և ղեկավարվում են արբանյակային նշանառությամբ: Արձակման կայանի վրա դրանցից տեղադրվում է ոչ թե 8, այլ` 3 հատ:
Ռուսական «Смерч»-ը գրեթե նույն ճանապարհով դառնում է բոլորովին այլ համալիր: Այս զենքին կատարելագործվելու մեծ հնարավորություն են ընձեռում նրա հրթիռների մեծ տրամաչափը և արձակման հզոր կայանքը: Այս համալիրի նոր 9М55Ф, 9М55С, 9М528 և հատկապես 9М534 հրթիռները բավականին հզորացվել են, մեծացվել է դրանց հեռահարությունը, դիպուկությունը: Առանձնահատուկ հնարավորություններ ունի 9М534 հրթիռը, որն անօդաչու թռչող սարքի միջոցով կառավարում է կրակը:
Նմանատիպ հրթիռների կիրառության գործում չափազանց հետաքրքիր է հատկապես անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դերը, որոնք բազմաթիվ մարտավարական խնդիրներ լուծելուց բացի, կարող են նաև ծառայել որպես մարտավարական հրթիռային համալիրների նշանառման համակարգեր: ԱԹՍ-ների ճիշտ կիրառությամբ կարելի է հասնել զգալի տեղեկատվական առավելության, որն էլ ներկայումս որոշիչ է համազորային մարտում:
Նման համակարգեր ձեռք բերելը մեր պաշտպանունակության շարունակական բարձրացման հերթական ցայտուն և արդյունավետ քայլերից է, որը կարևոր է նաև հակառակորդի մշտապես հնչեցվող սպառնալիքներին հակազդելու տեսանկյունից: Մենք միշտ առաջնահերթ ուշադրություն ենք դարձրել մեր պաշտպանությանը, և հակառակորդը թյուր կարծիք է ձևավորել իր ռազմական հնարավորությունների մասին: Մինչդեռ մեր հարձակողական ներուժի աստիճանական մեծացումը սաստել է ու կսաստի բազմաթիվ տաք գլուխների: Դժվար չէ կռահել, թե նման հրթիռների հասանելիության գոտում ինչ նշանակետեր կարող են հայտնվել:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ