Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԲ ԽԻՂՃԴ ՀԱՆԳԻՍՏ Է
ԵՐԲ ԽԻՂՃԴ ՀԱՆԳԻՍՏ Է

ԿԱՄ ԻՆՉՊԵՍ Է ՍՏՈՒԳՎՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԻ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանային ծառայության մասին գրելիս այլեւս պաթետիկ խոսքեր չեմ ասում: Սահմանային ծառայության հերոսները` ժամկետային զինծառայող ու պայմանագրային, կրտսեր հրամանատար ու հրամանատար, կարիք չունեն վերամբարձ գովերգման ու մեծարանքի: Սահման պահող հայ զինվորին ու սպային նման խոսքեր հարկավոր չեն: Նա գիշեր ու զօր ամուր, աներեր կանգնած սահմանին՝ հայրենիքի պաշտպանի իր գործն է անում: Նրան, ով ատամներով է պահում իր հողը, մեկ անգամ տրված կյանքի գնով, ուրիշ բան հարկավոր չէ, խաղաղությունից բացի: 

Գարնան զարթոնքը չնաշխարհիկ է հատկապես Տավուշ աշխարհում: Եվ քեզ թվում է, թե ոչինչ չի կարող խաթարել այդ գեղեցկությունը: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վահան Ստեփանյանի ուղեկցությամբ բարձրանում ենք դիրքեր: Ես մեքենայի պատուհանից լուռ աջ ու ձախ եմ նայում` փորձելով մտաբերել, թե վերջին անգամ երբ եմ եղել այս կողմերում: Վարորդ, շարքային Արսեն Ղավալյանի հանկարծակի հարցը կտրում է մտքիս թելը.  «Պարոն մայոր, սկզբից ո՞ր պոստը գնանք»:

– Հրամանատարի տեղակալը վարորդին հրահանգեց ճանապարհի տվյալ հատվածը արագ անցնել:

-Ո՞նց է իրավիճակը առաջնագծում,- հարցնում եմ մայոր Ստեփանյանին: Տեղացիներն իրավիճակը բնորոշում են` ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն:

-Ավելի շուտ՝ անհանգի՛ստ: Հակառակորդը պարբերաբար, հատկապես գիշերները, ամենատարբեր զինատեսակներից կրակում է: Մենք խաղաղ ենք, նրանք են անընդհատ հրահրում: Մեր գյուղացին արդեն սկսել է հողի գարնանային աշխատանքները, վար ու ցանքը, եւ մենք ամեն գնով փորձում ենք գոնե այս հարաբերական խաղաղությունը պահել եւ գյուղացուն աշխատելու հնարավորություն տալ,- իրավիճակը ներկայացնում է մայոր Ստեփանյանը` մեքենայի պատուհանից ցույց տալով հողի հետ «կռիվ» տվող գյուղացիներին:

-Սահմանամերձ գյուղի բնակիչն էլ է զինվոր,- ասացի՝  խաղողի այգում փոր ու էտ անող տղամարդկանց նայելով:

-Միայն մի տարբերությամբ` զենքի փոխարեն գյուղացու ձեռքին հողագործի գործիքներ են,- ասաց հրամանատարի տեղակալը:- Սահմանամերձ բնակավայրերում աննկարագրելի մեծ է հավատը դիրքերում կանգնած զինվորի նկատմամբ, իսկ զինվորն էլ ուժեղ է, երբ թիկունքին զգում է գարնան ծաղկունքի հետ զարթնող հայոց շեների, հողի հետ կռիվ տվող մարդկանց շունչը:

Հենակետում՝ դիրքի ավագի զեկույցն ընդունելուց անմիջապես հետո, մայոր Ստեփանյանը հրաման արձակեց՝ «Հարձակում մարտական դիրքի վրա»:

Անձնակազմը գործեց համապատասխան մարտական հաշվարկի` անցնելով փոքր շրջանաձեւ պաշտպանության: Գործողությունը ղեկավարում էր դիրքի ավագ, ավագ սերժանտ Գարիկ Ղարաբաղցյանը: Պայմանագրային շարքային Մհեր Ալիխանյանը, որի պարտականությունն էր կասեցնել հակառակորդի առաջխաղացումը` զբաղեցրեց գետնատնակի դիմացի կրակակետը: Նա փորձառու, Աֆղանական պատերազմի բովով անցած, ծննդավայրի պաշտպանական մարտերին մասնակցած պայմանագրային է: Իր տեղը զբաղեցրեց նաեւ գնդացրորդ Սամսոն Մարգարյանը, որի ժամկետային ծառայությունն անցել է Արցախում, եւ նա լավ գիտե առաջնագծի ծառայության նրբությունները:

-Սամսոնի բոյին մի խաբվեք, պարոն մայոր, չնայած գնդացիրը նրա բոյին ու քաշին է, բայց շատ լավ է տիրապետում զենքին,- ինձ դիմելով՝ կատակեց Մհերը:

-Ասես ձեռքին խաղալիք լինի,- ընկերոջ խոսքը շարունակեց պայմանագրային սերժանտ Ջիվան Աղաջանյանը` Ոսկանապատի Ջիվանը, որ Արցախյան պատերազմի օրերին ժամկետային զինծառայող է եղել:

Իմ կյանքի քառասունմեկ տարուց քսանհինգը Ռուսաստանում եմ ապրել: Զորակոչվելուս տարիքը լրացավ, եկա Հայաստան, գնացի բանակ, ծառայեցի Արցախում: Հետո նորից  Ռուսաստան՝ ծնողներիս մոտ: Ամուսնացա, ընտանիք կազմեցի: Երկու երեխա ունեմ: Պայմանագրային ծառայությանս երկու տարին կլրանա սեպտեմբերին: Ճիշտն ասած, երբ սահմանում լարվածությունը գագաթնակետին էր հասել, դե մենք` դրսում ապրողներս, միշտ էլ հետաքրքրվում ենք այստեղի իրավիճակով, գնացի, ինքնաթիռի տոմս առա ու վերադարձա հայրենիք: Հաջորդ օրը գնացի զինկոմիսարիատ ու դիմելով զինկոմիսարիատի ներկայացուցչին՝ ասացի, որ ցանկանում եմ պայմանագրային ծառայության անցնել եւ շատ եմ ուզում, որ հետագա ծառայությանս վայրը լինի այնպիսի տեղում, որտեղ դրությունը լարված է: Եվ նրանք էլ ինձ ուղարկեցին սահմանամերձ այս զորամասը: Չեք պատկերացնի, թե խիղճս ինչքան հանգիստ է,- պատմեց Ջիվանը:

Այստեղ՝ սահմանին, օր չկա, որ հանկարծակի չստուգվի մարտական հենակետերի զգոնությունը, քանի որ մարտական պատրաստության պլանի համաձայն իրականացվող այսօրինակ գործողությունները սահմանային անչափ բարդ ու դժվարին ծառայության անքակտելի մասն են կազմում:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ