Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՐԻ ԵՐԹ
ԲԱՐԻ ԵՐԹ

Երթարշավից առաջ՝ անվտանգության հիմունքների մանրամասն հիշեցում

Օրերս նորակոչիկ վարորդների լրապատրաստման դասընթացների շրջանակներում անձնակազմը կատարեց 50 կիլոմետրանոց երթարշավ: Գործնական վարժանքին մասնակցում էին գնդապետ Ա. Գյոզալյանի հրամանատարությամբ գործող զորամասի ինչպես նորակոչիկները, այնպես էլ արդեն իսկ որոշակի փորձառություն ունեցող զինվորները: Երթարշավ-պարապմունքը ղեկավարում էր զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Նավասարդյանը:

Նրա անմիջական վերահսկողությամբ վաղ առավոտյան հավաքակայանում անցկացվեց երթարշավին մասնակցող անձնակազմի եւ զինտեխնիկայի ստուգատես: Փոխգնդապետը մանրամասն պարզաբանեց գործնական մեքենավարման կարգը, ավտոշարասյան կազմում գործելու առանձնահատկությունները: Առաջադրանքի կատարումից առաջ հրահանգավորեց վարորդներին եւ մեքենաների ավագներին՝ խստորեն պահանջելով պահպանել ճանապարհային երթեւեկության, մեքենավարման կանոնները: Բոլոր զինծառայողներին եւս մեկ անգամ հիշեցրեց անվտանգության հիմունքները:

Այնուհետեւ փոխգնդապետ Նավասարդյանը անդրադարձավ տեսական պարապմունքների ընթացքում անձնակազմին ուսուցանված մի քանի կարեւոր դրույթների, մասնավորապես՝ ավտոմոբիլային տեխնիկայի կառուցվածքի, շահագործման եւ ընթացիկ նորոգմանը վերաբերող:

50 կիլոմետրանոց երթն սկսելուց առաջ հրամանատարի տեղակալը պատասխանատուների հետ ճշտեց երթուղիները, քարտեզի վրա նշեց առավել մեծ ուշադրություն պահանջող տեղամասերը: Քիչ անց տարբեր մակնիշի մարդատար եւ բեռնատար ավտոմոբիլային տեխնիկայի շարասյունը հավաքակայանից դուրս եկավ եւ ուղղվեց դեպի նախանշված երթուղի: Ուսումնական հագեցած պարապմունքների, նախապատրաստական մեծածավալ աշխատանքի շնորհիվ երթարշավն անցավ առանց միջադեպերի՝ նպաստելով վարորդական անձնակազմի հմտությունների կատարելագործմանը:

 

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ