Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՏՎԻ ԽՆԴԻՐ ԷՐ
ՊԱՏՎԻ ԽՆԴԻՐ ԷՐ

ՊԱՏՎԻ ԽՆԴԻՐ ԷՐԿարինեն ասաց` Արաբկիրի զինկոմիսարիատի վրա ավազակային հարձակում է եղել: Ընկերներով նստած էինք` զինվորական լրագրողներով: Ալիսը չհավատաց` սուտ կլինի, ինչ պիտի տանեին զինկոմիսարիատից: Հասմիկը կատակեց` երևի ուզել են` գնան սահման պահեն: Զինկոմը մերժել է, դե, տղերքն էլ հարձակվել են: Ծիծաղեցինք` անցավ: Զանգահարեցի: Մեր հեռախոսազրույցը կարճ տևեց. զինկոմիսարիատից հաստատեցին եղելությունը:

-Մեր երրորդ բաժնի պետին ճանաչո՞ւմ եք: Փոխգնդապետ Միքայել Միրզոյանին:

-Նախկինում պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունո՞ւմ է ծառայել:

-Այո՛, ինքն է: Երկու պատերազմների մասնակից է` Աֆղանական և Արցախյան: Չորս եղբայրներն էլ կռվել են Արցախում: Ռազմիկ է: Նրա համարձակությունը չլիներ, զոհվածների, թոշակառուների 14 միլիոն դրամը հիմա չկար, մարդը կյանքի գնով պաշտպանել է պետական փողը, դիմադրություն է ցույց տվել դանակը իր պարանոցին դրած հանցագործներին:

…Փոխգնդապետ Միքայել Միրզոյանն իմ աշխատասենյակում է:

-Հերթապահ էի: Նստած էի հերթապահության սենյակում: Կեսգիշերն անց էր, երևի, ժամը երեքի մոտերքը: Հանկարծ դուռը բացվեց, ինչ-որ տղամարդ ներս ընկավ ու դանակը պահեց պարանոցիս: Փողերը տուր` ասաց: Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների, հաշմանդամների,  զորացրված զինծառայողների թոշակները սեյֆում էին: Փող չկա` ասացի: Կա` ասաց, սեյֆը բաց: Թափով հրեցի ու հասա հեռախոսին: Հասցրի ասել, որ հարձակվել են: Հանցագործը փախավ:

-Փող էր, տայիք` գնար,- ասում եմ:-  Բա որ սպաներ:

Նայում է ապշած:

-Առաջին մարդն եք, որ նման բան է ասում: Ո՞նց տայի: Խնդիրը փողը չէր: Ասեին, որ զինվորականը՝ փոխգնդապետը, վախից սեյֆը բացել է հանցագործի առաջ: Ամոթից կմեռնեի:

Ես հիշում եմ, որ նա, ինչպես զինկոմիսարիատում ասացին, երկու պատերազմների մասնակից է:

-Մեր տուն մտած լինեին, իմ անձնական գումարը ուզեին մահվան սպառնալիքի տակ` գուցե բացեի սեյֆը, բայց Արցախում զոհված ազատամարտիկների ընտանիքների թոշակը ո՞նց չպաշտպանեի:

Տարօրինակ հատկություն եմ ձեռք բերել իմ զինվորական կենսագրության ընթացքում` ցավից, վիրավորանքից, տխրությունից քարանում եմ, իսկ հպարտությունից  արցունքոտվում, վեհություն, գեղեցկություն տեսնելիս արցունքներս ակամա հոսում են: …Փոխգնդապետը նայում է զարմացած:

-Շատ դյուրազգաց եք:

-Հանցագործությունը բացահայտվե՞լ է,- հարցնում եմ ինձ վերագտնելով:

-Երկուսին էլ կալանավորել են: Երկրորդը զինկոմիսարիատի դռների մոտ էր հերթապահել:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Արսեն Գրիգորյանի աշխատասենյակում եմ:

-Մենք ամեն ինչ արեցինք, որ ավազակային հարձակումը հնարավորինս կարճ ժամկետում բացահայտվի, որ հանցագործները հայտնաբերվեն, որովհետև կատարվածը սովորական ավազակային հարձակում չէ, այլ ունի բարոյական ենթատեքստ` ապօրինի միջոցներով մտնել զինկոմիսարիատ, դանակով սպառնալ իր ծառայողական պարտականությունները կատարող փոխգնդապետին և պահանջել Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների, հաշմանդամների, թոշակառու զինծառայողների թոշակները. ոտնահարում է ոչ միայն իրավական նորմերը, այլև մարդկային չգրված օրենքները: Այսօր կասկածյալները կալանավորված են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:

-Նրանք որտեղի՞ց էին իմացել, որ սեյֆում էդ պահին փող կա,- հարցնում եմ քննիչին:

Բազմանշանակ նայում է:

-Նախաքննությունը շարունակվում է: Ի դեպ, ասեմ, որ տուժողը իրեն իսկական զինվորականի պես է դրսևորել: Խուճապի չի մատնվել, սառնասրտորեն դիմադրել է, կարողացել է տեղեկացնել կատարվածի մասին: Տուժողը ինքնազոհաբար ու խիզախորեն պաշտպանել է սեյֆի պարունակությունը` 14 միլիոն դրամ գումարը:

Իմ միտքը չի հանգստանում:

-Եթե փողը տայիր, քեզ վերջում սպանելու էին,- ասում եմ փոխգնդապետ Միքայել Միրզոյանին:

-Ինչի՞ց ենթադրեցիք,- հարցնում է զարմացած:

-Դե, որովհետև հանցագործը հարկ չի համարել դեմքը ծածկել: Եթե սպանելու մտադրություն չունենար, դեմքը կծածկեր, որ հետագայում չկարողանաս նկարագրել իրեն, տվյալներ հաղորդել ֆոտոռոբոտ պատրաստելու համար:

Միքայելը բարձրաձայն ծիծաղում է:

-Քննիչի նման եք մտածում:

Հանկարծ ես նկատում եմ, որ նա բավականին հաղթանդամ է ու բարձրահասակ: Մարզված, աթլետիկ կազմվածք ունի, ամուր մկաններ:

-Մարզվո՞ւմ եք:

-Ես ձյուդոիստ եմ, կարգ ունեմ:

Քննիչի լեզուն ոնց էր բռնում տուժող կոչի էս առնական ու հզոր տղամարդուն` մտածում եմ ես ու ժպտում իմ մտքերի վրա:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

 

Հ.Գ. -Արցախյան պատերազմի ժամանակ լրագրողը հարցնում է Միքայել Միրզոյանի մորը` Գրետա մայրիկին` ինչպե՞ս եք դիմանում, երբ Ձեր չորս որդիները սահմանին են` զենքը ձեռքին: Գրետա մայրիկը պատասխանում է` եթե ինչ-որ մեկը սպառնա ինձ, ու իմ որդիները չպաշտպանեն, էլ ինչի՞ համար եմ ծնել նրանց: Հայրենիքն էլ մայր է: