Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱԴԱԴԱՐԻՑ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ ԱՆՑ



ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏԶՀԵՏԵ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է «ՆՈՐ ՍԻՐԻԱՅԻ»

 

ՀՐԱԴԱԴԱՐԻՑ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ ԱՆՑՍիրիայում փխրուն, բայց շարունակվող զինդադադարը, ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում իշխանական ուժերի և քրդական ստորաբաժանումների հաջողությունները, արտասահմանից ուղիղ աջակցության կասեցումն ու տեղացի ազգաբնակչության հիասթափությունը կարող են հանգեցնել «Իսլամական խալիֆայություն» ինքնահռչակ միավորման մոտալուտ կերպարանափոխությանը:

Սիրիայի տարածքում փետրվարի 27-ից հայտարարված մասնակի հրադադարի ռեժիմի կարևորագույն հիմքը ոչ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև կայացած պայմանավորվածություններն էին, այլ նաև դրանց իրավափաստաթղթային վավերացումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2268 բանաձևի տեսքով: Թեև հայտարարված կրակի դադարեցման ռեժիմը խիստ հարաբերական և փխրուն բնույթ ունի, սակայն տալիս է իր որոշակի դրական արդյունքը: Երկու շաբաթվա ընթացքում Սիրիայի արևմուտքում և հարավում ավելի քան 3 տասնյակ տարաբնութ զինված ընդդիմադիր խմբավորումներ կառավարության հետ հաշտվելու համաձայնություն են հայտնել: Միաժամանակ, Ժնևում մեկնարկում է Սիրիայի ճգնաժամի հաղթահարման բանակցությունների նոր փուլը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջանքեր չի խնայում խախտելու այնքան մեծ դժվարություններով ձեռք բերված համեմատական խաղաղությունը` ապարդյուն փորձելով սիրաշահել կամ ահաբեկելու միջոցով իր կողմը գրավել հաշտության կոչեր հնչեցրած ընդդիմադիրներին: Ակնհայտ է, որ մոտ ժամանակներս ականատես ենք լինելու մերօրյա «խալիֆայության» փլուզմանը:

Մարտի սկզբներին «Իսլամական պետության» մայրաքաղաքի՝ ալ-Ռաքքայի հարյուրավոր բնակիչներ՝ դժգոհելով ահաբեկչական այդ կառույցի զինյալների գործելաոճից, հրաժարվել են ենթարկվել իրենց հայրենի քաղաքում հաստատված վայրենաբարո կարգուկանոնին, իրենց հսկողության տակ են վերցրել մի քանի թաղամաս և այնտեղ բարձրացրել Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Նրանց են միացել ահաբեկչական խմբավորման ղեկավարության հետ խնդիրներ ունեցող կառույցի զգալի թվով զինյալներ: Միաժամանակ, ալ-Ռաքքայի դեմ են շարժվում հյուսիս-արևմուտքից ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող «Սիրիական ժողովրդավարական ուժեր» կոչված կոալիցիոն կառույցի՝ քրդերից, արաբներից, ասորիներից կազմված ստորաբաժանումները, իսկ հարավ-արևմուտքից և հարավից՝ սիրիական կառավարական ուժերն ու նրանց հարող զորամիավորումները: Իրենց հերթին պաշտոնական Բաղդադը և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ևս պաշտոնապես հայտարարել են Իրաքում ԻՊ-ի կենտրոնատեղի հանդիսացող Մոսուլ քաղաքի ազատագրման ռազմագործողության մեկնարկի մասին:

Ակնհայտ է, որ «Իսլամական պետությունը» զրկված է իր երբեմնի արտաքին աջակցությունից. Վաշինգտոնը վճռական է տրամադրված այդ կառույցի վերացման հարցում՝ Սիրիայի ներքաղաքական պայքարում աջակցելով միայն չափավոր ընդդիմությանը: Սաուդյան Արաբիան նույնպես չի ցանկանում բացահայտ կոնֆլիկտի մեջ մտնել այդ կառույցի դեմ ռազմական գործողություններ իրականացնող Ռուսաստանի հետ, իսկ Թուրքիան ինքն է հետզհետե  վերածվում մերձավորարևելյան «նոր Սիրիայի»:

Այսպիսով, եթե սիրիական հակամարտության շրջանակներում գերտերությունների միջև նկատվող փոխգործակցության դրական միջավայրը պահպանվի, և ճգնաժամի՝ ակնկալվող քաղաքական կարգավորման առկա միտումները շարունակվեն, ապա շատ շուտով «Իսլամական պետությունը»  կդադարեցնի իր գոյությունն առնվազն այն տեսքով, որ ունի այժմ: Չի բացառվում, որ ահաբեկչական այդ կազմակերպությունն իրեն հովանավորող թուրքական իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներգրավմամբ զորագրվի թուրքաբնակ քրդերի ազատագրական պայքարի դեմ գործողություններին և մի օր, ինչպես ցույց է տալիս պատմությունը, դառնա չարորակ մի ուռուցք, որը կհանգեցնի թուրքական ներկայիս պետականության կազմալուծմանը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Տարածաշրջան


17/03/2016