Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԻՄ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԿԱՌՈՒՅՑՈՒՄ ԶԻՆՎՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՐՈՊԵՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ Է»
«ԻՄ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԿԱՌՈՒՅՑՈՒՄ ԶԻՆՎՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՐՈՊԵՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ Է»

«ԻՄ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԿԱՌՈՒՅՑՈՒՄ ԶԻՆՎՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՐՈՊԵՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ Է»Զրույց զորամիավորման հրամանատար, գնդապետ ՏԻԳՐԱՆ ՓԱՐՎԱՆՅԱՆԻ հետ

 

Բանակային զորամիավորման համար 2016թ.-ը հայտարարվել է «Վերջնական կայացման եւ ամրապնդման տարի»` «Գիտելիքներով հարուստ հրամանատարը մարտական խնդիրների կատարման գրավականն է» կարգախոսով:

 

-Պարոն գնդապետ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2016 թվականը հայտարարեց հրամանատարական պատրաստվածության տարի, բանակաշինության ներկայիս փուլում, որպես բանակի մարտունակության երաշխիք, կարևորելով սպայի մասնագիտական պատրաստվածությունը: Ես ուզում եմ, որ մենք զրուցենք այն գործոնների մասին, որոնք պայմանավորում են սպայի  պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև անդրադառնանք սպայի պատրաստվածությամբ պայմանավորված` սպա-զինվոր փոխհարաբերությունների առանձնահատկություններին:

-Որքան էլ զարմանալի թվա, որպես սպայի մարտունակության ամենակարևոր բաղադրիչ, ես պիտի նշեմ սպայի սոցիալական և հոգեբանական պաշտպանվածությունը: Որպեսզի սպան լինի հոգեպես հանգիստ ու կարողանա ամբողջովին նվիրվել ծառայությանը, նրա ընտանիքը պիտի լինի ֆինանսապես կայուն և ապահով: Խոսքը շքեղության մասին չէ, այլ կեցության համար անհրաժեշտ տարրական ապահովության:

-Ո՞րն է տարրական ապահովության սահմանը:

-Եկեք խոսենք պարզ, առանց տողատակերի: Եթե մարդու կյանքի նպատակը կամ ամենակարևոր ձգտումը շքեղությունն է, հարուստ ապրելակերպը, ապա սպայի մասնագիտությունը նրա համար չէ: Թող նա գնա, առևտուր անի,  բիզնեսով զբաղվի: Ես չեմ ուզում բարձրագոչ բաներ ասել, բայց Արցախյան պատերազմի ժամանակ մարդիկ կամավոր գնում էին պաշտպանելու հայրենիքը, զոհվում էին, և ոչ ոք նրանց չէր վճարում: Այսօր էլ նույն հայրենիքն է, նույն պաշտպանությունը: Զինվորականի մասնագիտությունը շատ ծանր է` և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն: Միևնույն ժամանակ, շատ վեհ ու պատվարժան մասնագիտություն է: Անհամեստ չթվա` հայրենասերի, նվիրյալի, հայրենիքի տիրոջ, ազգի պաշտպանի մասնագիտություն է: Ու, բնականաբար, ամենքին չեն տրված այս որակները:

-Թույլ տվեք ասել իմ կարծիքը, որը փոքր-ինչ տարբերվում է Ձեր գնահատականներից: Սպան, ավարտելով ռազմական ինստիտուտը, որոշակի երազանքներով, նպատակներով գալիս է զորքեր և հանդիպում է այնպիսի խոչընդոտների, որ դժվարությամբ է հաղթահարում: 21-22 տարեկան տղան, որի ընկերները վայելում են կյանքը մայրաքաղաքում, ահռելի բեռ է վերցնում իր ուսերին` որպես սպա: Գոնե ինչ-որ չափով պիտի բարելավել նրա կենցաղը, կազմակերպել հանգիստը, հնարավորություն տալ ծանր ծառայությունից հետո զվարճանալու: Ասենք` ընկերներով բիլիարդ խաղալու, աղջիկների հետ սրճարան գնալու:

-Մայրաքաղաքում 21-22 տարեկան տղաների 80 տոկոսը կերազի այն աշխատավարձի մասին, որն ստանում է նույն տարիքի սպան: Պետությունը փոխանցում է նրա բնակարանի վարձը, տրամադրում է անվճար բուժսպասարկում: Մեր խնդիրն է կանգնել երիտասարդ սպայի կողքին, օգնել նրան դժվարությունների բախվելիս: Օրինակ` աջակցում ենք, որ հանրապետության տարբեր տարածքներից եկած և մեզ մոտ ծառայող սպաները հնարավորինս մատչելի գնով ձեռք բերեն վարձով բնակարաններ և բնակավայրի դիմաց ստանան իրենց հասանելիք պետական փոխհատուցումը: Եթե չլիներ պետության աջակցությունը, հնարավոր է` նորելուկ սպան չկարողանար բարեկարգ, հարմար բնակարան գտնել, պատրաստել բնակարանի փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և հենց սկզբից հիասթափվեր ու  կոտրվեր: Առաջին հայացքից թվում է` մասնավոր, փոքրիկ հարց է, բայց իրականում կարող է ազդել սպայի տրամադրության, հոգեբանության, աշխատունակության վրա:

-Պարոն գնդապետ, Ձեր ենթակայության տակ կան զորամասեր, որոնք բնակավայրերից դուրս են, այստեղ ծառայող երիտասարդ սպաները կտրված են աշխարհից, չեն կարողանում ընտանիք կազմել: Մոռանում են կանանց հետ շփվելու ձևը:

-Մի խտացրեք գույները: Սպան ասպետ է, նա չի կարող մոռանալ կանանց հետ շփվելու ձևը: Բնակավայրից դուրս տեղակայված զորամասերում ծառայող սպաները շատ ավելի բարձր են վճարվում, քան իրենց գործընկերները, նրանց տրվում է հավելյալ սնունդ: Բնակավայրից դուրս տեղակայված զորամասերում ծառայող սպաները ապահովված են ծառայողական բնակարաններով, որտեղ կարող են ապրել իրենց կանանց և երեխաների հետ: Երեխաներին ամեն օր անվճար ավտոբուսը տանում է մոտակա բնակավայրի դպրոցը ու ետ է բերում:

-Մոտակա բնակավայրը քանի՞ կիլոմետր է հեռու զորամասից:

-15-40 կիլոմետր: Շաբաթ-կիրակի օրերը սպան կարող է իր տիկնոջ հետ օգտվել այն բոլոր վայելքներից, որոնք հասու են մոտակա բնակավայրի բնակիչներին: Եթե  սահմանային զորամասում ծառայող սպայի կինը մայրաքաղաքային շքեղություն է ուզում, ապա, թող ներող լինի, մենք չենք կարող առաջին կարգի վարսավիրանոցներ, ռեստորաններ ու կինոթատրոններ կառուցել իր համար: Իմ եղբայրը ծառայում է բնակավայրից դուրս տեղակայված զորամասում, բայց դա չխանգարեց նրան ամուսնանալ և դուստր ունենալ:

Երբ նորավարտ սպան մտնում է զորամաս, կցվում է զորամասի ամենափորձառու, ամենակայացած ու հոգատար սպաներից մեկին, որը դառնում է նրա, այսպես ասած, կնքահայրը: Սա ավանդույթ է: Ավագ սպան օգնում է իր երիտասարդ գործընկերոջը բոլոր հարցերում:  Բացատրում է ծառայության ամենակարևոր  սկզբունքները, պահանջները, ծանոթացնում է չգրված օրենքներին, որոնք վերաբերում են մարդկային հարաբերությունների բարոյականությանը: Սպան, ուզի թե չուզի, դառնում է կառույցի բարոյախոսության ու ավանդույթների կրողը, նա երբեք չի կարող հակառակ գնալ հոսանքին: Հաճախ մեխանիզմն ինքն է պարտադրում սպային մտածելակերպի ու վարքի յուրահատկություններ:

-Կարո՞ղ եք օրինակ բերել:

-Իհարկե: Եթե սպան տեսնում է, որ իր զորամասում առաջ գնալու, խրախուսվելու, բարձր պաշտոն ստանալու միակ ձևը աշխատասիրությունն է և բարձր ծառայողական ցուցանիշները, նա արդեն զարտուղի ճանապարհներ չի որոնում, այլ փորձում է հաղթել առողջ ու արդար մրցակցությունում, լավագույնս դրսևորել իրեն: Եվ հակառակը` հովանավորչության մեկ դեպքն անգամ կարող է պատճառ դառնալ, որ սպաները աչքաթող անեն գործը, կորցնեն կատարելագործվելու ցանկությունը, եռանդը:

-Ձեր կենսագրության մեջ գրված էր, որ երկու որդի ունեք: Ծառայե՞լ են բանակում:

-Իհարկե: Ծառայել են զորամասի հետախուզական ստորաբաժանումում: Ես տղաներիս այնպես եմ դաստիարակել, ինչպես հայրս` ինձ: Խիստ, տղամարդավարի. երկուսն էլ զբաղվել են սպորտով, մեկը՝ կարատեով, մյուսը՝ ըմբշամարտով: Ամբողջ ամառը ուղարկել եմ գյուղ, որ գյուղի գործ անեն, անասուն պահեն: Նույնիսկ զրկել եմ այնպիսի բաներից, որոնք հասու էին իմ գրպանին: Ոչինչ պատրաստի չեն ստացել: Ես նրանց տվել եմ աշխարհի ամենամեծ հարստությունը` իմ պատիվը: Չգիտեմ` սա կգրեք, թե ոչ…

Շարունակեմ ընդհատված միտքս ու ասեմ, որ սպայի ուղին կանոնակարգված է ու որոշակի: Սահմանային ծառայության օրենքով սահմանված ժամանակահատվածին հաջորդում է համեմատաբար ավելի թեթև ծառայություն, բարձր ցուցանիշների դեպքում` ծառայողական առաջխաղացում: Որոշակի սոցիալական արտոնություններ` բժշկական, բնակարանային և համեմատաբար բարձր թոշակ: Թերևս բոլոր խավերից սոցիալապես ամենապաշտպանվածներից մեկը զինվորականությունն է` ոչ մեծ խոստումներով, բայց երաշխավորված ապագայով:

-Ձեր ղեկավարած կառույցի ո՞ր զորամասերն են 2016թ.-ին բարձր արդյունքներ արձանագրել, և որո՞նք են եղել հետնապահ:

-Ես չեմ ուզում պատասխանել այս հարցին, որովհետև առաջատարի և հետնապահի տարբերությունը շատ չնչին է: Եվ ամեն տարի մեկը կարող է շրջանցել մյուսին: Ընդհանրապես, ոչ միայն զորամիավորումը, այլև ամբողջ բանակը պիտի զարգանա համընթաց և ներդաշնակ, բանակը մեկ միավոր է, և բոլոր ոլորտները փոխկապակցված են:

-Կգա՞ այն օրը, երբ զինվորը բանակից հպարտ վերադառնա տուն, գլուխը բարձր: Բոլոր զինվորները` և մտավոր ցածր կարողություն ունեցողները, և բնավորությամբ թույլերը:

-Երբ զինվորները մտնում են զորամաս, նրանք դրսում են թողնում բոլոր անհավասարությունները` սոցիալական, մտավոր, հոգեբանական: Հագնում են նույն համազգեստը, ուտում են նույն կերակուրը, ապրում են նույն ռեժիմով, քանի որ բոլորն էլ իրագործելու  են մեկ խնդիր` պաշտպանելու են հայրենիքը: Ուստի բանակն ունի իր պահանջներն ու իր արժեհամակարգը, որտեղ մարդու սոցիալական վիճակը ոչ մի կարևորություն չունի, այլ գնահատվում է քաջությունը, աշխատասիրությունը, կարգապահությունը: Յուրաքանչյուր զինվոր ինքնադրսևորվելու հնարավորություն ունի: Այդ հնարավորությունը տրվում է բոլորին: Եվ ամենակարևորը` միասին հաղթելու սկզբունքն է: Զինվորը գիտի, որ ինքը որքան էլ ուժեղ լինի, մենակ չի կարող հաղթել հակառակորդին, իրեն ընկերոջ ուժն է պետք` հաղթելու ու ողջ մնալու համար: Եթե զինվորը կարողանա այս գաղափարը բանակից տանել հասարակություն, մենք անհամեմատ ուժեղ հայրենիք կկառուցենք:

Բանակը մի վայր է, որտեղ հավաքվում են հասարակության տարբեր խավերից եկած տղաներ` մտավորականի, բիզնեսմենի, պետական պաշտոնյայի, գյուղացու, բանվորի: Բանակը նրանց հնարավորություն է տալիս ճանաչելու միմյանց: Ու սպաների խնդիրն է` այնպես անել, որ նրանք տեսնեն լավը մեկը մյուսի մեջ, կարողանան շփվել, դրսևորել իրենց մարդկային որակները: Դառնան ավելի հանդուրժող, դառնան յուրային, դառնան «մենք»:

-Ի՞նչ խնդիրների կարող է բախվել զինվորը զորամասում: Եվ, արդյոք, սպայի պատրաստվածությունը չի՞ ենթադրում նաև զինվորի խնդիրների համար պատասխանատվություն կրելու, զինվորի ծառայությունը խոչընդոտող հանգամանքները վերացնելու կարողություն ու պատրաստվածություն:

-Տեսեք, զինվորի խնդիրները կհասնեն նվազագույնի, եթե նա, ինչպես պահանջում է օրենքը, զբաղված լինի առավոտից իրիկուն:

Իմ ղեկավարած կառույցում զինվորի յուրաքանչյուր րոպեն կանոնակարգված է: Հսկողությունը հասցված է առավելագույնի, զինվորի յուրաքանչյուր շարժը սպաների աչքի առաջ է: Այսինքն` որևէ խնդիր, որն ունի զինվորը, չի կարող վրիպել սպայի աչքից: Զորամասերի պատերին փակցված է իմ հեռախոսահամարը: Զինվորը տեղեկացված է, որ ցանկացած պահի կարող է զանգել ինձ, եթե իր խնդիրը ավելի ցածր օղակներում չեն լուծել:

-Ո՞ր զինվորը կհանդգնի զանգել զորամիավորման հրամանատարին:

-Ինձ զանգում են: Հնարավոր է կոտրել բոլոր կարծրատիպերը, եթե կառույցի ղեկավարը իրոք ցանկանում է դա: Օրինակ` իմ զինվորներից մեկը զանգեց ու ասաց, որ իր հոր սիրտը վիրահատում են Երևանում, իսկ իր անմիջական հրամանատարներն արձակուրդ չեն տալիս` պատճառաբանելով, որ ինքն արդեն օգտագործել է իր հասանելիք արձակուրդը: Իմ հրահանգով՝ զորամասի հրամանատարությունը զինվորին տաքսիով ճանապարհեց Երևան` տեսակցելու հորը:

-Ես կարծում եմ` բոլոր լուծումները կունենան մասնավոր բնույթ, քանի դեռ սպայակազմը չի բարձրացել նոր որակական հարթություն ու չի մերժել այս կամ այն արատը, ինչպես մերժեց այնպիսի ցածր ու նվաստացուցիչ երևույթներ, ինչպիսիք էին զինվորի վրա ձեռք բարձրացնելը, զինվորին փողով տուն թողնելը: Պատժիչ միջոցները այնքան արդյունավետ չեն, որքան բարոյական հակազդեցությունը:

-Բանակում յուրաքանչյուր դրական տեղաշարժ տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, սպայի հավաքական նկարագրի կատարելագործումը` նույնպես: Ես մեր ամենամեծ ձեռքբերումը համարում եմ սպա-զինվոր փոխհարաբերությունների նոր որակը, երբ զինվորը հարգում է հրամանատարին, ոչ թե վախենում նրանից, իսկ սպան «կառավարում է» զինվորին ոչ թե մահակով, այլ իր հանդեպ հավատ ու վստահություն ներշնչելով:

Այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ զինվորը ոչ մի ուրիշ հոգս չունի, բացի իր զինվորական մասնագիտության մեջ հմտանալուց: Նրա բոլոր կենցաղային խնդիրները լուծված են: Ամեն օր ինձ զեկուցում են զորանոցի բոլոր հարկաբաժինների ջերմային ռեժիմի մասին, ամենացածր ջերմաստիճանը +18 է: Ես կրկնակի ստուգումով ճշտում եմ ինձ ներկայացված թվերի հավաստիությունը: Որոշակի հաճախականությամբ մտնում եմ զորամասերի ճաշարանները ու ճաշում զինվորի հետ, կշռում նրանց չափաբաժինը: Եվ այլևս ոչ ոք զինվորի բաժինը չի գողանում: Զորամիավորման բուժծառայությունը տեղում չի նստում, իմ հրամանով` մեկ այս, մեկ այն զորամասում է, ստուգում է, բացահայտում հիվանդությունները, հսկում: Սպայակազմի շրջանում ձևավորված ավանդույթներից մեկն էլ լարված աշխատելու պատրաստակամությունն է: Գլուխ պահող, իր գործին մատների արանքով նայող սպային ոչ միայն հրամանատարները չեն ընդունում, այլև ծառայակից ընկերները: Պատահական չէ, որ գլուխ պահելը, գործը թերի անելը չի հարգվում նաև զինվորների շրջանում: Հիմա ես Ձեզ ցույց կտամ մի մատյան, որում գրանցված են բոլոր այն զինվորների տվյալները` ովքեր են ծնողազուրկ, ովքեր են միակ երեխան, որոնց ծնողներն են բաժանված, ովքեր են սոցիալապես անապահով…

-Ձեր ինչի՞ն է պետք այդ տեղեկությունը:

-Այն ինձ հնարավորություն է տալիս հասկանալու յուրաքանչյուր զինվորի հոգեվիճակը, վարքի հնարավոր դրդապատճառները և ցուցաբերելու ճիշտ մոտեցում:

-Դուք արդեն  երեք տարի ղեկավարում եք այս զորամիավորումը: Սպանության, ինքնասպանության, ծանր հանցանքի որևէ դեպք գրանցվե՞լ է Ձեր ղեկավարած կառույցում:

-Ո՛չ: Խաղաղ պայմաններում զինվորի կորուստը ամենածանր, ամենացավոտ հարվածն է բանակի և սպայակազմի հեղինակությանը: Մենք պիտի անենք հնարավորն ու անհնարը նման դեպքերը բացառելու համար: Սպայի յուրաքանչյուր վրիպում կարող է դաժան հետևանքներ ունենալ, հենց դրանով է սպայի աշխատանքը ծանր, հենց դրա համար է սպայի պատրաստվածությանն այդքան մեծ դեր վերապահվում:

-Պարոն գնդապետ, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:

 

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ