Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԺԻՇԿԸ



Մարտի 2-ին լրացավ Արցախյան գոյամարտի մասնակից, ԼՂՀ վաստակավոր բժիշկ, գրող-հրապարակախոս, ՀՀ գրողների միության անդամ երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանի 77-ամյակը: Վաստակաշատ հայորդին թաղվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին:

 

ԲԺԻՇԿԸԲժշկի ծննդյան օրը Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի մշակույթի տանը տեղի ունեցավ «Հավերժի ճամփորդը» խորագրով միջոցառում, որին  ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ավանի վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ինչպես նաեւ բժշկի մարտական ընկերները, Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը, ընկերներ, հարազատներ:

Արցախ Բունիաթյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղում: Ուսանել է Երեւանի բժշկական ինստիտուտում: Արցախյան պատերազմի ժամանակ Աբովյանի հիվանդանոցից  մի խումբ բժիշկների հետ մեկնել է թեժ գիծ եւ մինչեւ վերջին օրը մարտնչել պատերազմի դաշտում:

Միջոցառման մասնակիցները մեջբերումներ արեցին Բունիաթյանի՝ Արցախյան պատերազմին նվիրված ութ հատորյա հուշագրությունից, կնոջն ու երեք դուստրերին գրած նամակներից: Բժիշկի անցած ուղին բնորոշվեց որպես իսկական հայի ճանապարհ: Նա լավ էր հասկանում, որ հարաբերական դադարը դեռ պատերազմի ավարտ չէ, դեռ շատ գործ կա անելու, հասկանում էր, որ ազատագրված տարածքները պետք է շենացնել: Այդ պատճառով իր հետագա ամբողջ կյանքը նվիրեց Քաշաթաղին: Բերձոր շրջկենտրոնում 1995-96 թվականներին հիմնեց հիվանդանոց: Գլխավոր բժիշկը նաեւ  առաջին վերաբնակներից էր, որն ամեն ինչ արեց՝ բնակչության կարիքները հոգալու եւ բուժսպասարկումը  զարգացնելու համար:

Քաշաթաղի հոգեւոր հովիվ Աթանաս վարդապետ Մովսիսյանը, որը դեռեւս 1960-ական թվականներից է ճանաչել Արցախին, երբ միասին Վարագ Առաքելյանի եւ այլ նվիրյալների հետ Նժդեհի մասունքներն ամփոփել են Սպիտակավոր եկեղեցու մոտ ու Խուստուփի լանջին, ընկերոջը ներկայացրեց որպես իդեալական մարդասեր եւ հոգատար բժիշկ՝ որպես իսկական հայ:

Բժիշկ Արցախ Բունիաթյանը, որն ուներ նաեւ գնդապետի զինվորական կոչում,  հետմահու պարգեւատրվեց «Հայոց բանակ-20-ամյակ» մեդալով:

ԲԺԻՇԿԸ

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար  Դավիթ Դավթյանը տեղեկացրեց, որ հիվանդանոցի նորակառույց շենքը շուտով կհանձնվի շահագործման եւ բուժմիավորման անձնակազմի առաջարկով կկոչվի բժիշկ Արցախ Բունիաթյանի անունով:

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #08 (1128) 09.03.2015 - 15.03.2016, Ճակատագրեր


10/03/2016