Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈՒՇԵՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
ՀՈՒՇԵՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

Գարունը գալիս է ժպիտով ու լավատեսությամբ. Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք հատվածներ լրագրող Ասպրամ Ծառուկյանի գրառած հուշերից:

ՀՈՒՇԵՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ

ՀՀ պաշտպանության նախարար

Առաջին անգամ Վազգեն Սարգսյանին հանդիպեցի 1992թ. Ասկերանի շրջանի ինքնապաշտպանության շտաբում: Թեժ մարտական գործողություններ էին ընթանում, և Վազգենն այդտեղ էր առաջին գծի իրավիճակին ծանոթանալու համար: Նախ խոսվեց Ասկերանի գումարտակի կազմավորման, հաստիքների և հրամանատարական կազմի ձևավորման մասին: Տղաներն ասացին, որ տեղում կադրային սպա կա. նկատի ունեին ինձ: Վազգենը ցուցում տվեց՝ աջակցել գումարտակի ձևավորման գործընթացին: Այնուհետև միասին այցելեցինք Խանաբադ գյուղի դիրքեր, որի հրամանատարն այդ ժամանակ Վիտալի Բալասանյանն էր:

Այդ օրն առաջինը տպավորվեց Վազգենի չափազանց մտահոգվածությունը մեր ճակատագրով: Ուզում էր այնպես անել, որ կարողանանք Ղարաբաղի պաշտպանության խնդիրներն իրականացնել: Այդ ժամանակ ղեկավարներից քչերն էին, որ կարող էին գալ մարտական գործողությունների առաջին հատված: Զարմանալին այն էր, որ ինքը եկել էր և ուզում էր ամեն ինչ տեսնել իր աչքերով: Տպավորիչ էին իր անկեղծությունն ու մարդամոտ լինելը, հատկանիշներ, որոնցով համատեղ գործունեության տարիների ընթացքում բազմիցս տպավորվեցի: Վազգեն Սարգսյանին ճանաչել եմ որպես համարձակ, անվախ, գործին նվիրված անձնավորություն: Կազմակերպչական մեծ կարողություններ ուներ՝ համախմբելու անսպառ ուժ ու եռանդ: Պետք է նաև նշել նրա խստապահանջությունը. այդ օրերի համար իր գործելաոճում զարմանալիորեն զուգորդվում էին ժամանակին ճիշտ պլանավորումն ու հետագայում պատշաճ կատարման հսկողությունը՝ համապատասխան պաշտոնատար անձին օգնելու, սատարելու համար և դա նաև իր՝ տվյալ վայրում լինելու և անմիջական մասնակցության շնորհիվ:

Վազգեն Սարգսյան անհատն ընդմիշտ դրոշմված կմնա իմ մտապատկերում նախ որպես բարձր, վսեմ հայ մարդ, ռազմական գործիչ, ինչի համար զինակիցները, ժողովուրդը նրան կոչեցին Սպարապետ:

1993 թ. գարնանը մենք մեկնեցինք Մոսկվա՝ Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շրջանակում մասնակցելու Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների միջև բանակցություններին: Այն օրերին ես Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի շտաբի պետն էի և հանդիպում էի Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետ, ներկայիս (2009թ.) պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ: Հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանը գորովանքով թոթվեց ուսս եւ ասաց. «Եվ հաղթանակած երկրի շտաբի պետը, որ մարտերում խունացած դաշտային համազգեստով փոխգնդապետ է, ստիպեց Ադրբեջանի զինված ուժերի պճնված գեներալին հաշվի նստել իր հետ»: Եվ ամեն անգամ ինձ ներկայացնելիս պատմում էր այդ օրվա իրողությունը:

 

ՍՈՒՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ

Ուրիշ ժամանակներ էին՝ հախուռն, բարդ, բայց և զարմանալի ոգեղեն ժամանակներ: Ջոկատի հրամանատարները կիրթ, գիտակից, ճկուն մտքի տեր մտավորական մարդիկ էին: Բոլորը չէ, որ առաջնորդ են դառնում, իսկ մեզ առաջնորդներ էին պետք: Շատերը չկարողացան իրենց բնածին ունակություններով, խիզախությամբ, գիտելիքներով հասնել այդ բարձրակետին: Վազգեն Սարգսյանը կարողացավ ստանձնել հենց այդ մեծ պատասխանատվությունը: Զինվորական գործին տիրապետեց ամենայն բծախնդրությամբ ու նվիրվածությամբ: Երիտասարդ էր, անփորձ, բայց ինչ գործողություն լիներ՝ ինքնաշեն զենքերի արտադրություն, թե մի այլ բան, ամեն ինչ կազմակերպում էր փորձառու գիտակի ճշգրտությամբ: Քաջ գիտեր՝ ով ինչ է անում, և ոչ ոք ոչինչ չէր թաքցնում նրանից:

Այսօր ոմանք Վազգենին ներկայացնում են կոշտ, բիրտ, նյարդային բնորոշումներով: Իրականում այնքա՜ն ջերմ էր, ընկերասեր, հանդուրժող: Նրան երբեմն հորդորում էինք. «Պետք չէ այդքան բարի լինել»: Կամավորական կռիվների, խրամատներում ձևավորվող հայոց բանակի, հրադադարից հետո զինուժի հզորացման գործընթացի ամբողջ ուղին անցնելիս չեմ տեսել մեկին, որ նրա չափ՝ գլխովին, անձնուրաց նվիրված լիներ բանակին:

Այսօր մեր տարածաշրջանում և աշխարհում ծայրաստիճան լարված վիճակ է, և յուրաքանչյուր հայի գերագույն նպատակն ու հոգու պարտքը պետք է լինի անել հնարավորը՝ Սպարապետի պատգամները կատարելու, Հայաստանն ու հայոց բանակը է՛լ ավելի հզորացնելու համար:

 

ԱԼՅՈՇԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ասկերանի քաղաքապետ

Խոջալուի կրակակետերի պատճառով Ասկերանը մեկուսացել, կտրվել էր Ստեփանակերտից: Սարերով էինք գնում-գալիս: Դժվար էր, բայց Ասկերանը չէր խեղճանում, ընկճվում: 1991թ. նոյեմբերին Ասկերանում առաջին անգամ հասարակական կարգով ռազմական խորհուրդ ստեղծեցինք՝ 11 հոգուց բաղկացած: Այն տեղավորված էր Ասկերանի բերդում: Վիտալի Բալասանյանն էր Ասկերանի նոր կազմավորված ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարը և ռազմական խորհրդի նախագահը: Նոյեմբերի 22-ին հրետակոծության ժամանակ փողոցում զոհվեց զենքը ձեռքին պահակակետ գնացող Վանյա Սարգսյանը: Նա 37 տարեկան էր եւ մեծ հեղինակություն էր վայելում գյուղում:

Վանյայի զոհվելու օրը Ասկերան եկավ Վազգեն Սարգսյանը՝ հանդիպելու ռազմական խորհրդի անդամներին: Ջահել էր, գեղեցիկ: Հայացքը, տեսքն ամբողջությամբ ջերմություն էին ճառագում: Իմանալով Վանյա Սարգսյանի զոհվելու մասին՝ շատ ազդվեց: Երբ իմացավ, որ չորս երեխա ունի, ասաց. «Ուզում եմ գնալ նրանց տուն»: Գնացինք, Վազգենը 1500 ռուբլի օգնություն տվեց Վանյայի ընտանիքին, որն այդ օրերի համար բավականին մեծ գումար էր: Այդ ծանր շրջանում ես Ասկերանի լիազոր ներկայացուցիչն էի: Վազգեն Սարգսյանի հետ գնացինք Խանաբադ: Վազգենը ոգեշնչող ելույթ ունեցավ: Վերջում ասաց. «Հաղթանակը մերն է լինելու», և դա մեզ հույս ներշնչեց: Ափսոս, որ հոկտեմբերի 27 եղավ: Վազգեն Սարգսյանի համար հայրենիքը վեր էր ամեն ինչից, նրա կերպարն այսօր էլ ոգևորում է:

 

ԺՈՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

գեներալ-մայոր

Ծառայությունս անցավ Գերմանիայում: Թոշակի անցնելուց հետո տեղափոխվեցի Ուկրաինա. տունս այնտեղ էր: Որոշել էի՝ անպայման վերադառնալու եմ հայրենիք: Բնակարանս փոխանակեցի Հրազդան քաղաքի մի բնակարանի հետ: Արդեն սկսվել էր Արցախյան շարժումը: Շահումյանում ծանր կացություն էր: Նամակ գրեցի կնոջս, երեխաներիս. «Կներեք, հարենիքս կանչում է»: Ուղղաթիռով մեկնեցի Ստեփանակերտ, այնտեղից էլ հասա Զարդախաչ: Ծանոթացա իրավիճակին և որոշեցի հավաքել Հայաստանում ապրող մեր գյուղացի բոլոր երիտասարդներին, որպեսզի ամեն ոք իր կարեցածի չափով օգնի գյուղի պաշտպանությանը: Կազմեցինք 27 հոգանոց ջոկատ, որը մեկնեց գյուղ: Անհրաժեշտ էր հագուստ, զենք: Դիմեցի «Արցախ» կոմիտե: Որոշվեց, որ դիմեմ Վազգեն Սարգսյանին: Նա մեզ ընդունեց այն շենքում, որտեղ այսօր կառավարությունն է աշխատում: Ներկայացրին հերթագրվածների անվանացուցակը: Առաջինն իմ անունն էր գրված՝ Գասպարյան Ժորա, հրետանավոր: Վազգենը կարդաց անունս, հարցրեց. «Էդ Գասպարյանն ո՞վ է, որ փախել է Ղարաբաղից»: Տեղիցս վեր թռա՝ ո՜նց թե… «Այո՛,- ասաց,- քեզ այնտեղ փնտրում են որպես դասալիք»: Զանգահարեց Սերժ Սարգսյանին և կատակով ասաց. «Ժորային բռնել եմ»: «Որ Ժորային…»: «Էն, որ ասում եք՝ հրետանավոր է: Տղերք է հավաքել, բերում է: Հիմա լուծում ենք հագուստի, զենքի հարցերը»: Ասացի, որ տեղափոխվել եմ Ստեփանակերտ, որ 25 տարի ծառայել եմ որպես հրատանավոր: Պատրաստ եմ լիովին կատարելու առաջադրված խնդիրները:

Մարտակերտի պաշտպանության համար զինամթերք խնդրեցի՝ «Գրադ» կայանք, ականանետ: Վազգենը ինձ մեծ հարգանքով էր դիմավորում: Չգիտեմ՝ ումից էր լսել, որ ինձ Դյադ Ժորա են ասում: Շուշիի ազատագրումից հետո ինձ շնորհեց գնդապետի կոչում և նշանակեց պետ:

1995-1996 թվականներն էին: Թիկունքի ապահովման հարցն էր քննարկվում: Նա խոսքի մեջ շատ էր գործածում «իրենց մոտ», «մեզ մոտ» արտահայտությունները: Իրենք ասելով՝ նկատի ուներ Արցախը: Ես շատ վիրավորվեցի: Ելույթի ժամանակ Վազգեն Սարգսյանը հանկարծ դիմեց ինձ. «Դյադ Ժորա, չե՞ք ուզում մի երկու բառ էլ Դուք ասել»: Ոտքի ելա, ասացի. «Շատ ներողություն, եկեք պայմանավորվենք, որ այս րոպեից սկսած չօգտագործենք «ձերը», «մերը» արտահայտությունները: Հայաստանի և Արցախի միջև ձեր ու մեր չպետք է լինի»: Վազգեն Սարգսյանը տեղից վեր թռավ, գրկեց ինձ, ասաց՝ ճիշտ է: Դարձավ ներկաներին. «Տղանե՛ր, մեկ էլ լսել եմ՝ «մերը, ձերը», չնեղանաք…»:

Մի դրվագ էլ. Մոնումենտում՝ նախկին գլխավոր շտաբի մոտ մի շենք կա, ասում են՝ գեներալական շենք: Առաջին անգամ գեներալներին բնակարան էր տրվելու: Շենքի բացումը Սպարապետն էր անելու: ԳՇ պետ Միքայել Հարությունյանն ինձ հրավիրել էր մասնակցելու բացման արարողությանը: Աղջիկները հանդիսավոր կանգնած էին, ժապավեն, մկրատ, ամեն ինչ պատրաստ էր: Մենք էլ գեներալներով էինք կանգնած: Եկավ Վազգեն Սարգսյանի մեքենան: Նա իջավ մեքենայից և ասաց. «Ժողովո՛ւրդ, բարև, Գրադ Ժորա, բարև, քե՞զ էլ են բնակարան տալու»: «Գուցե մոռացել են», -անակնկալի եկա ես: «Ո՞նց թե՝ մոռացել են…»: Կապշին վարչության պետին հարցրեց: Նա ասաց՝ ցուցակում չկա: Դարձավ վարչության պետին. «Ռեզերվային բնակարան կա՞»: Ասաց՝ կա: Վազգենը վերցրեց բանալին և տվեց ինձ: Երրորդ հարկում երկսենյականոց բնակարան էր: Նվիրատվություն էր, պարգև: