Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԴՐԱՆԻԿ



ՍԻԱՄԱՆԹՈ

 

ԱՆԴՐԱՆԻԿԻնքն էր, որ Երազիս մարմարյա եզերքներուն

վրա, այս գիշեր,

Ապառաժի մը նման անհաղթելիորեն ոտքի,

Իր ըմբոստացողի հրեղեն գլուխն աստղերուն

մեջ մխրճելեն,

ՈՒ իր ձեռքը ատելության սուրերովը զինած,

Հողին փրկության սիրովը հրաշացած

եղբոր մը նման,

Որ եղբոր մը օտարացումեն իր հոգին

կ’արյունե,

Խոսեցավ ինծի ան, եւ իր բառերը իրարու

ետեւե, եւ կարգ առ կարգ,

Խիստ էին եւ քաղցր եւ ճշմարիտ եւ քինահույզ

եւ առնական…

«Եւ ահավասիկ ես եմ, ո՜վ մեղկության ու

անշարժության զավակ,

Որ աղմկահույզորեն` այս իրիկուն

հեռուներեն կու գամ,

Քու երազուն եւ անտարբեր ու անգործոն

ու եսական ու տկար

Երիտասարդի մարմինդ ու էությունդ ու հոգիդ,

Բազուկիս հարվածովը ու սուրերուս

շառաչին հետ,

Կռիվներու հարկադրիչ ժամերուն համար

վերջնականապես ցնցելու…

Ունկնդրե՛ իմ ձայնիս, որ այս վճռականության

օրերուն

Մեր ցեղին, մեր վրեժին ու մեր արյունին

աղաղակն է ահարկու,

Ու խառնուե՛, ընկերացի՛ր, եղբայրացի՛ր սա՛

մեր հզորաքայլ ամբոխին հետ՝

Եթե դեռ քու հոգիիդ մեջ ազատության

որեւէ կայծ վառ մնաց,

Եթե դեռ քու բազուկներդ քաջությունը ունին

թշնամիներ հարվածելու,

Եթե սիրտդ գեթ անգամ մը խոցոտվեցավ մեր

մայր-հողին մահացումեն,

Եթե ցեղիդ տառապանքեն ու անմեղներու

կոտորածին մղձավանջեն

Քո ներսիդիդ ատելության ու բարկության

անտառները բարձրացան…

Եթե դուն դեռ կյանքիդ մեջը պիտի կրնաս

նպատակի մը փաթթվիլ,

Եթե դեռ քու աչվըներդ այս անօգուտ

արցունքներեն չկուրցան…

Եթե դուն քու աղոթքներդ

Ատելության գոռումներու փոխեցիր,

Եթե ցեղիդ ռազմական ու արեգակե արյունին

Երակներուդ եւ գլխուդ մեջ բորբոքվիլը

դեռ կը զգաս,

Եթե դեռ Արամին, Տիգրանին, Արտաշեսին

եւ Վարդանին

Հաղթանակող զորութենեն քու մեջդ շունչ

մը մնաց,

Դյուցազնական քայլերեն քու

երազողի նայվածքներուդ առջեւ

Անձնվիրության, վրեժի եւ ազատության

ճանապարհ մը բացվեցավ,

Ոտքի՛ կեցիր այն ատեն, եղբայրացի՛ր

խումբերուս ու մրրկուե՛ անոնց հետ,

Որովհետեւ գիտցիր, որ այս զոհաբերումի,

ընդվզումի եւ հույսի օրերուն

Մեր ամեն մեկուն համար անկողնի մեջ հոգի

տալը վատությունն է վատություններուն…»:

Հանկարծ խումբերը հեռացան արեւածագին

կրակներուն մեջեն

Ու իրենց կամավորի գիտակից ու վճռական

քայլերուն հնչյունը երկաթյա

Մարմարակույտեր փշրող անհամար

կռաններու հնչյունը ուներ…

Մինչդեռ թշնամիներեն անջատված գլուխներ

ջահերու պես կը բոցավառեին՝

Իրենց ուսերուն վրա բարձրացուցած

սուրերուն կատարներեն…

Եւ ես այն ատեն՝ նախանձությամբ ու

տարփանքով հողին վրայ ծնրադիր՝

Իրենց հերոսի քայլերուն հետքը

երկյուղածորեն համբուրեցի…

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Հոգևոր-մշակութային


03/03/2016