Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ՆԵՐՔՈ



Փետրվարի 15-ին զինված ուժերում մեկնարկեց 2016 թվականի ձմեռային ուսումնական փուլը, որը խաղաղապահ բրիգադում արդեն բնականոն հունի մեջ է ընկել:  Մենք մասնակցեցինք վաշտի հրամանատար, մայոր Արտակ Մարտիրոսյանի ղեկավարությամբ անցկացվող մարզումներին, որոնց ընթացքում զինծառայողները կատարելագործում էին իրենց հմտությունները, ամրապնդում արհեստավարժությունը: Ի դեպ, վաշտում ընդգրկված են պայմանագրայիններ, որոնք ժամկետային ծառայությունը անցկացրել են առաջնագծում:

Ստորեւ մայոր Ա. Մարտիրոսյանը մանրամասնում է գործողությունների կատարման նրբությունները:

 

Գործողություն 1

 

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ՆԵՐՔՈԽումբը զարգացնում է իր հմտությունները տեղաշարժի` գրոհ կամ նահանջ, ժամանակ: Զինծառայողները պետք է կարողանան անընդհատ կրակ վարել եւ միեւնույն ժամանակ լինել այնքան զգոն, որ իրար չվնասեն: Գործողության ժամանակ խումբը ե՛ւ դիտարկում է կատարում, ե՛ւ կրակ վարում, ե՛ւ համագործակցում: Խմբի անդամների միջեւ ներդաշնակում ապահովելու համար կարեւոր է շարային պատրաստությունը: Շարային քայլի ժամանակ զինվորը սովորում է զգալ կողքինին, պահպանել  հավասարությունը, զարգացնում է կողային տեսողությունը: Այս հմտությունները կիրառում են նաեւ վերոնշյալ գործողության ժամանակ: Յուրաքանչյուր ուսումնական փուլի ընթացքում նորամուծություններ ենք կիրառում. հիմա կրակային պարապմունքների կամ մարտավարական գործողությունների ժամանակ օգտագործում ենք տեսանկարահանումը: Այնուհետեւ վերլուծում ենք բոլոր դրվագները եւ  զինծառայողին հնարավորություն տալիս տեսնելու ինքն իրեն կողքից, քանի որ այդպես սխալները ավելի նկատելի են: Սա արհեստավարժությունը բարձրացնելու եւս մի քայլ է:

 

Գործողություն 2

 

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ՆԵՐՔՈՊատկերացնենք, որ զինծառայողը հանգիստ կանգնած պարեկություն է իրականացնում: Հանկարծակի դիմացից դուրս է գալիս հակառակորդը: Առաջինը, ինչը նա պետք է անի, արագ կրակի վտանգի ուղղությամբ: Պետք է այնքան վարժված լինի, որ նշան չբռնի. ինչպես մատնացույց ես անում մարդուն,  այդպես բնական էլ պետք է զենքը պահես եւ կրակես: Մեր վաշտի զինծառայողը այդ գործողությունը կատարում է  0.8-1.2 վայրկյանի ընթացքում: Սա շատ լավ ցուցանիշ է, որ սովորաբար արձանագրում են մարզիկները: Մեր պարապմունքների ընթացքում կիրառում ենք միջազգային գործնական հրաձգության ֆեդերացիայի դասընթացները: Կրակելուց անմիջապես հետո զինծառայողը պետք է ծնկի եւ նորից կրակի, այնուհետեւ պառկի ու եւս մեկ անգամ կրակի: Այսպես նա դառնում է փոքրիկ, անորոշ թիրախ հակառակորդի համար, բայց եւ բաց չի թողնում նրան խոցելու հնարավորությունը: Ինչպես ասում են` զինվորը որքան ճկուն լինի եւ որքան լավ տիրապետի զենքին, այնքան ավելի երկար կապրի մարտի դաշտում:

 

Գործողություն 3

 

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ՆԵՐՔՈԻնչպե՛ս ոտքդ գետնին դնես,  ո՛ր կողմի վրա հենես մարմնիդ ծանրությունը, ո՛ր ուսդ ինչպես աշխատեցնես, ինչպես բռնես զենքը եւ վերջապես ինչպե՛ս քաշես ձգանը: Թվում է` մանրուքներ են, բայց եթե այս ամենը ճիշտ չանես՝ դրական արդյունք չես ունենա: Եթե զինծառայողը անվարժ եւ արագ քաշի ձգանը, ապա նա կունենա մեծ շեղում անգամ մոտիկ տարածությունում: Կրակելիս նա պետք է, այսպես ասած, «բաց թողնի» սրտի զարկը: Երբ զինծառայողը վարպետանում է, մենք անցնում ենք  հակառակ ուսով զենքի հետ աշխատելու վարժություններին: Եթե սովորել  է աջով կրակելուն, ապա վարժվում է նաեւ ձախին: Սա կարեւոր է, քանի որ հնարավոր է դիրքավորման առումով խնդիր առաջանա  կամ վիրավորվի: Զինծառայողը պետք է արհեստավարժ լինի բոլոր տեսանկյուններից:

 

Գործողություն 4

 

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ՆԵՐՔՈԿալաշնիկովի ձեռքի գնդացիրը մեր զինված ուժերում ճնշող կրակ առաջացնող ամենաարդյունավետ զինատեսակն է: Ինչու է արդյունավետ, որովհետեւ թեթեւ է մյուս գնդացիրներից, նաեւ` դիմացկուն է: Այն հեշտ է տեղաշարժել, լավ մարզված զինծառայողը կարող է օգտագործել անգամ որպես ինքնաձիգ, կարող է  կրակել թե՛ կանգնած, թե՛ ծնկած դիրքից: Մեր գնդացրորդն այս պահին սովորում է արագ տեղաշարժվել եւ դիպուկ կրակ վարել մարտի դաշտում: Գնդացրով արդյունավետ կրակ վարելու համար խզակոթը պետք է ֆիքսված լինի: Եթե ամուր սեղմված չլինի ուսին, ապա կրակը կձախողվի: Զինծառայողը 2-3 վայրկյանի ընթացքում պետք է հայտնաբերի թիրախը, նշանոցի մեջ վերցնի եւ գնդակոծի: Ինչքան արագ կատարի գործողությունը, այնքան հակառակորդի համար դժվար կլինի վնասել նրան: Բացի այն, որ գնդացրորդը պետք է լինի գերազանց ֆիզիկական պատրաստվածության վիճակում, պետք է լինի նաեւ վերին աստիճանի պատասխանատու եւ մտածող անհատ, որպեսզի հասկանա, թե որն է ջոկի կամ դասակի խնդիրը: Գնդացրորդի ուսերին է ամբողջ խմբի ապահովությունը:

 

 

Գործողություն 5

 

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ՆԵՐՔՈԱյս վարժությունը կիրառվում է քաղաքային պայմաններում, կամ երբ տարածքը բաց է, եւ հակառակորդը թվով գերակշռում է, իսկ մենք հնարավորություն չունենք քողարկվելու: Հակառակորդը կրակում է մեր զրահապատ զինծառայողի ուղղությամբ, որի թիկունքում մի քանի զինծառայող են պատսպարված: Երբ 0.5-1 վայրկյան անց առաջին զինծառայողի փամփուշտները վերջանում են,  հաջորդն է շարունակում կրակ վարել նույն ուղղությամբ: Այդ ընթացքում խումբը տեղաշարժվում է կա՛մ ետ՝ մի հարմար տեղ դիրքավորվելու համար, կա՛մ առաջ` գրոհելու: Այս գործողությունը կարեւոր է խմբի ներդաշնակումը վարժելու համար: Այն հիմնականում կիրառվում է ֆրանսիական բանակում:

 

 

Գործողություն 6

 

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ՆԵՐՔՈՎրաստանի Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում լեռնագնացության դասընթացները բարեհաջող ավարտած սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ Լեւոն Սուքիասյանը ցույց է տալիս ծառայակիցներին բարձրահարկ շենքի տանիքից գլխիվայր սողալու հնարքը: Այս գործողությունը օգտագործվում է շենքի գրոհման ժամանակ, երբ հիմնական խումբը ներթափանցում է շինություն եւ կարիք ունի օդային աջակցության:  Զինծառայողը գլխիվայր կախված վիճակում դիտարկում է կատարում եւ անհրաժեշտության դեպքում՝ կրակում: Երկու ամսվա ընթացքում զինծառայողներն ինքնուրույն կատարում են այս վարժությունը: Հնարքը ամրացնում է, կոփում զինծառայողին նաեւ բարոյահոգեբանական առումով: Ընդհանրապես, զինվորի որակը փոխվում է, երբ նա հաղթահարում է վախը:

 

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/02/2016