Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ



Ղաջարյան կայսրության ժամանակ՝ Ֆաթհալի շահի թագավորության տարիներին, հայազգի Մանուչեհր խանը եղել է Իրանի վարչապետը։ Նրա եղբայրը՝ Սուլեյման խանը, Իրանի Խորասանի եւ Լորեստանի նահանգների զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր։
Մանուչեհր խանի եղբորորդին՝ Ջահանգիր խանը, Իրանի արդյունաբերության նախարարն էր եւ զինանոցի պետը։
♦♦♦
Իրանում հախճապակու, ճենապակու, շաքարի ճակնդեղի առաջին գործարանների հիմնադիրը համարվում է Սեթ Աստվածատրյանը՝ Սեթ խանը։
♦♦♦
19-րդ դարի 70-ական թվականներին Թեհրանում պալատական նկարիչ էր Հակոբ Մկրտումի Հովնաթանյանը, որը կրում էր «Նաղըշ բաշի» (նկարիչների գլխավոր) տիտղոսը։ Նրա նկարներն աչքի էին ընկնում կերպարային մտածողության, կատարելությամբ։ Թաղված է Թեհրանի Ս. Գեւորգ եկեղեցու բակում։
♦♦♦
Հայ փիլիսոփա, աստվածաբան, նկարիչ Հովհաննես Մրքուզը (Հովհաննես Ջուղայեցի) զբաղվել է գիտական-մշակութային գործունեությամբ։ Պարսկերեն եւ արաբերեն է թարգմանել Ավետարանը եւ այլ գործեր։ Մեծ համբավ է ունեցել ե՛ւ հայերի, ե՛ւ պարսիկների ու արաբների միջավայրում, ազդել է ինչպես հայ, այնպես էլ իրանական փիլիսոփայական մտքի զարգացման վրա։
♦♦♦
Բոլորովին վերջերս կյանքից հեռացավ Իրանի ֆիզիկայի առաջին կին պրոֆեսորը, Իրանի աստղագիտության պատմության մեջ առաջին արեւային աստղադիտարանի եւ հեռադիտակի հիմնադիրը՝ Ալենուշ Տերյանը։ Նա Թեհրանի համալսարանի աստղադիտարանի տնօրենն է եղել։ Ալենուշ Տերյանը Իրանում աստղաֆիզիկա դասավանդող առաջին անձն է։ Իրանի հեռուստատեսության «Իմաստուններ» ծրագրի կողմից ճանաչվել է որպես գիտության ոլորտի մնայուն դեմք։ 2003թ. նրա մասին ֆիլմ է ստեղծվել («Դեպի արեւ»)։ 2006թ. հուլիսին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից գնահատագրի ու շքանշանի է արժանացել։

Պատրաստեց՝
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #21 (886) 1.06.2011 – 8.06.2011, Պատմության էջերից


08/06/2011