Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ` ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂՈՒՄ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ` ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂՈՒՄ

2016 թվականի փետրվարի 12-ն է: Գնդապետ Ա. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասում երդման արարողություն է: Շարահրապարակում հպարտ ու ձիգ կանգնած են հայոց հաղթանակած բանակի զինվորները: Առավոտյան ժամը 10-ն է,  օրը պայծառ ու արեւոտ է: Հնչում է ՀՀ պետական օրհներգը: Շարահրապարակ է բերվում զորամասի մարտական դրոշը: Ուսումնական դիվիզիոնի հրամանատար, կապիտան Ա. Կիրիլենկոն զեկուցում է զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Ս. Մեսրոպյանին: Փոխգնդապետ Ս. Մեսրոպյանի ողջույնից հետո սկսվում է երդման հանդիսավոր արարողությունը: Ամեն անուն-ազգանունից հետո հավաքված հարազատների, բարեկամների շրջանում մի նոր ոգեւորության ալիք է բարձրանում: Եկել են Հայաստանի տարբեր բնակավայրերից: Բոլորի տրամադրությունը բարձր է` գոհ են ընդունելությունից, ինչպես զորամասի անձնակազմից, այնպես էլ ազատագրված հողում բնակություն հաստատած բնակիչներից: Երդման արարողությունից հետո ինչպես զինվորներին, այնպես էլ ծնողներին, հարազատներին շնորհավորանքի խոսքեր են ասում զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Կ. Բաբայանը, հոգեւոր սպասավոր Անդրանիկ սարկավագը, մայոր Վ. Մանասյանը, կապիտան  Գ. Պետրոսյանը, Ա. Դոլունցը, Մ. Դավթյանը:  Շարքային Աժդահակ Կիրակոսյանին շնորհավորում են ծնողները` Զավենն ու Վալյան, քույրերը` Արուսիկն ու Անին, քրոջ ամուսինը` Սեւակը: Ներկաներից մեկը դիմում է Զավենին` «Ձեր թո՞ռն է»:

-Ո՛չ, եղբա՛յր,  տղաս է, երեք աղջիկ ունեի, ասեցի՝ պիտի տղա էլ ունենամ, որ զինվոր տամ մեր երկրին, մեր բանակին, տղաս է,- հպարտությամբ ասում է հայրը:

Ամենուր ոգեւորություն է, բարձր տրամադրություն. երդումից հետո բնակիչները հրավիրում են իրենց նոր օջախները, հյուրասիրում ինչով կարող են, ցույց են տալիս իրենց լիքը մառանները: Նրանցից մեկը կատակով ասում է. «Հողը այնքան բերրի է, որ կոճակն էլ պոկվի ընկնի հողում` անպայման ծիլ կտա, կաճի»: Հետո նրանցից շատերը պատմում են ազատագրված այդ տարածքի հերոսներից եւ առանց խոսքի արդեն հասկանում ես, թե որտեղից է գալիս սերը զինվորի հանդեպ:

 

Սեւակ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ