Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽԱՉԻ ԹԱՓՈՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ
ԽԱՉԻ ԹԱՓՈՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ

ԽԱՉԻ ԹԱՓՈՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎԵկեղեցական և ժողովրդական ավանդություն է, որ Քրիստոսի Ծննդյան Սուրբ և կենարար պատարագի ավարտին կատարվող Ջրօրհնյաց արարողությանը կիրառված խաչը պահվի Ջրօրհնյաց խաչի քավորի տանը մինչև բուն Բարեկենդան: Եվ արդեն քանի տարի է, ինչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ջրօրհնյաց խաչի քավոր լինելուն են արժանանում հայոց բանակի նվիրյալ զորականները: Այս պարագայում արդեն Ջրօրհնյաց խաչը հանգրվանում է ոչ թե քավորի տանը, այլ Թափորով և հանդիսավորությամբ շրջում է Հայաստան աշխարհի սահմանապահ զորամասերով և ի տես ու օրհնություն սահմանապահ զինվորյալ հայորդիների բարձրացվելով հայոց մարտական դիրքերում՝ հանգրվանում է զորամասերում մինչև բուն Բարեկենդան:

Այս տարի Ջրօրհնյաց խաչը կրկին երկրի սահմաններում է:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տնօրինությամբ ՀՀ ՊՆ հոգևոր առաջնորդությանն է փոխանցվել սույն թվականի հունվարի 6-ին Քրիստոսի հրաշափառ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Ջրօրհնեքի սուրբ խաչը,  որը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ թափորով շրջապտույտ է կատարել երկրի սահմանի ամբողջ երկայնքով՝ իր օրհնությունը բերելով հայոց պետական սահմանը պահպանող զինծառայողներին:

Հայոց բանակի հոգևոր հայրերը կատարեցին խաչապտույտ հայոց բանակի մարտական դիրքերում, զինվորի աղոթագրքեր բաշխեցին և Ջրօրհնյաց խաչով զինվորներին օրհնեցին՝ աղոթելով,  որ Բարձրյալն իր Սուրբ Նշանով հավիտյանս պահապան լինի մեր բանակին և պետությանը՝ խաղաղություն ու անսասանություն պարգևելով հայոց սահմաններին:  Այնուհետև իրենց քաջալերիչ և խրատական խոսքում ներկայացրին խաչի կարևորության և մեր պատմության մեջ ունեցած դերի մասին, որը հայոց զինվորին ուժ, եռանդ և զորություն պետք է պարգևի, քանզի սահմանում կանգնած ամեն մի զինվոր պետք է քաջ գիտակցի, որ ինքն իր ժողովրդի և եկեղեցու ուշադրության կենտրոնում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հայոց բանակը միասնական են, և դրա մեջ է մեր ուժը, հայ զինվորականը և հայ հոգևորականը միշտ քայլել են միևնույն ուղղությամբ` հոգեպես և ֆիզիկապես հայրենիքը պաշտպանելու ճանապարհով:

Թող Երկնավոր Տերը միշտ իր օրհնության, Աջի և Փրկչական խաչի հովանու ներքո պահի Հայոց Բանակն ու մեզ բոլորիս: Ամեն:

 

ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր

Նարեկ սարկավագ Պետրոսյանը