Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ԱՄՓՈՓԻՉ  ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ԱՄՓՈՓԻՉ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ԱՄՓՈՓԻՉ  ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՀունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2015թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին գերատեսչությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ, ոստիկանության եւ տարածքային կառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայրենասիրական դաստիարակության ոլորտում 2015թ. իրականացված միջոցառումների վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Նա մանրամասն ներկայացրեց մի քանի հիմնական ուղղություններ՝ հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ կատարված աշխատանքներ, բուհական ասպարեզ, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների ներգրավվածություն, համագործակցություն այլ գերատեսչությունների հետ: Անշուշտ կարևորվում է հոբելյանական միջոցառումների անցկացումը պատշաճ մակարդակով, ինչպես նաև ՀՀ ՊՆ կողմից իրականացվող հետազոտական աշխատանքները զինված ուժերում առկա որևէ հիմնավոր խնդիր վերհանելու նպատակով: Առաջնային տեղ է հատկացվել այս կարևոր ոլորտի մասին հանրային իրազեկմանը թե՛ ՀՀ ՊՆ լրատվամիջոցներում, թե՛ տեղեկատվական այլ հարթակներում:

Վարդան Ավետիսյանը անդրադարձավ նաև առկա բացթողումներին և առաջիկա անելիքներին: Նա առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ՝ շահագրգիռ գերատեսչությունների, կառույցների, ուսումնական հաստատությունների առավել պատրաստված մասնագետներից բաղկացած, որը կմշակի տարբեր հարցերի լուծմանը միտված միջոցառումների ծրագիր:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես եկան նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների պատասխանատուներ՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված քայլերը:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ԱՄՓՈՓԻՉ  ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԱմփոփելով նիստի արդյունքները՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները տարեցտարի տալիս են իրենց դրական արդյունքը: Դա նկատվում է ոչ միայն բանակում հանցավոր երևույթների և ոչ կանոնադրային հարաբերությունների նվազման տեսքով, այլև հակառակորդի հետ շփման գծում, ուր վերջին երկու տարիներին տիրում է զինադադարի հաստատումից հետո նախադեպը չունեցող լարվածություն: Նախարարի հավաստմամբ՝ աճող սերնդին ճիշտ արժեհամակարգով դաստիարակելուն ուղղված ջանքերը, զուգորդվելով մարտական ուսուցման հետ, տվել են հրաշալի արդյունք, ինչի վկայությունն են ՀՀ և ԼՂՀ ամուր պաշտպանված սահմանները:

Իհարկե, պաշտպանության նախարարը բավարար չի համարում կատարված աշխատանքների ծավալն ու մակարդակը: Նա հատկապես իր դժգոհությունը հայտնեց նախորդ խորհրդակցության ժամանակ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունից: Հակառակ դեպքում ոլորտում գրանցված արդյունքները շատ ավելի բարձր և տեսանելի կլինեին:

Հայրենասիրական դաստիարակության ոլորտում 2016թ. իրականացվելիք աշխատանքները առավել նպատակային և արդյունավետ կազմակերպելու համար նախարարը նախանշեց հիմնական ուղղությունները՝ հաջողության հիմնական գրավականներից մեկը համարելով համագործակցությունը շահագրգիռ բոլոր օղակների միջև:

Միջոցառման ավարտին հայրենասիրական դաստիարակության բնագավառում ունեցած ավանդի համար մի շարք զինծառայողներ և գերատեսչությունների ներկայացուցիչներ արժանացան գերատեսչական պարգևների, պատվոգրերի և նվերների:

 

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ