Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒ ՇԱՀԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ



ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒ ՇԱՀԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԳրականության և բանակի մտերմությունը թելադրված է կյանքի կողմից և ունի իր պատճառները: Ի՞նչ է գրականությունը` հոգու շարժ ու ընթացք: Ի՞նչ է բանակը` հայրենիքը թշնամուց պահող-պահպանող Ուժ: Ուժը կարիք ունի՞ հոգու ներկայության: Անկասկած: Մեկ ճշմարիտ երգը, հուզիչ և ազնիվ մեկ բանաստեղծությունը զինվորի մեջ կարող է արթնացնել քնած ուժեր, բացել զորացման ու հաղթանակի ճանապարհները… Երբ այսօր ասում ենք բանակաշինություն, բանակի զորացում ու զարգացում, գերժամանակակից զենքերից, դրանց տիրապետումից բացի պետք է նկատի ունենալ նաև զինվորի ու զինվորականի հարուստ էություն, իսկ դա կայանում է նրա մերձ լինելով գրականությանն ու արվեստին:

Ահա այս նկատառումներից ելնելով ՀԳՄ կազմակերպել էր պաշտպանության փոխնախարար Դ. Տոնոյանի հանդիպումը գրողների հետ: Աշխարհում և մեր մերձակա երկրներում տիրող տագնապալի իրավիճակը, Ադրբեջանի ամենօրյա սահմանային ռմբակոծումները մտահոգում են գրողներին և ցանկալի էր զանգվածային լրատվությունից զատ քիչ ավելի հանգամանորեն տեղեկանալ աշխարհաքաղաքական իրավիճակին, որը և հաճույքով կատարեց փոխնախարարը: Գրողների հնչեցրած տարաբնույթ հարցերի առանցքը մեր բանակի մարտունակության աստիճանն էր, ռազմական ամենատարբեր ոտնձգություններին մեր պաշտպանվածության հուսալիությունը: Փոխնախարարի տված գնահատականները իրական էին. առկա և հնարավոր գործողությունները նա դիտարկում էր ռազմական դաշինքների գործողությունների, ինչպես նաև տարածաշրջանում ամենահնարավոր անակնկալների խորապատկերի վրա…

Փոխնախարարը բարձր գնահատեց բանակ-ՀԳՄ կապը, որը անցյալ տարվանից իրական մարմին ու ընթացք է ստացել` նախարար Սեյրան Օհանյանի ջերմ հավանությամբ: 2015 թ. նախարարության հովանու ներքո անցկացվեց մրցանակաբաշխություն, որին արժանացան 28 գրողներ` արձակ, պոեզիա, հրապարակախոսություն ժանրերում… Գրողները նաև եղել են զորամասերում, ելույթներ են ունեցել, գրքեր նվիրել: Ավանդույթը կշարունակվի նաև այս տարի:

Հանդիպումը շահեկան էր. գրողներիս համար ինչ-որ չափով տեսանելի դարձավ բանակի սպառազինության աստիճանը, թշնամուն դիմակայելու, հակահարված հասցնելու կարողությունը: Զրույցը մտերմիկ էր, երկուստեք մտահոգություններով ու լավատեսությամբ տոգորված: Ցանկություն հայտնվեց առաջիկայում շարունակել հանդիպումները բանակի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Սիրով ուզում եմ օգտագործել պատեհ առիթը ու շնորհավորել բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը, մեր սպաներին, զինվորների ու գեներալներին մաղթելով խաղաղ հայրենիք, հաղթանակ ու բարի ծառայություն:

 

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

բանաստեղծ

Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Բանակ և հասարակություն


10/02/2016