Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԿԱԼԻ ՊԵՏԸ



Զինվորական ծառայությունը մայոր Հենզել Սերոբյանի կենսակերպն է, ապրելու եւ գործելու գերագույն նպատակը՝ այն աստիճան ներծծված արյան մեջ, որ զրույցի ընթացքում ինչ-որ բան սխալ ասելիս ինքնաբերաբար օգտագործում է սպային հատուկ «отставить»-ը: Երիտասարդ տարիներից համազգեստ կրելով` անմնացորդ նվիրվել է իր գործին, բարեխղճորեն կատարել սպայի պարտականությունները, ինչն արտացոլված է նրա ծառայողական բնութագրում` «մայոր Սերոբյանն իրեն դրսեւորել է միայն դրական կողմերով, նախաձեռնող է, բարդ իրադրությունում կարողանում է ճիշտ որոշումներ կայացնել, հրամանատարական պատրաստության ծրագիրը գերազանց է յուրացնում, մշտապես աշխատում է մասնագիտական վարպետության կատարելագործման ուղղությամբ: Վայելում է ծառայակիցների հարգանքը, ունակ է զինվորական կարգուկանոն հաստատելու եւ պահպանելու…»:
Մայոր Հենզել Սերոբյանը ծնվել է 1966թ. հունվարի 4-ին Մարտունու շրջանի Լիճք գյուղում՝ բազմանդամ ընտանիքում (հինգ եղբայր, մեկ քույր)։ Հոր մահից հետո երեխաների հոգսը մնացել է մոր վրա, իրենից տասնչորս տարի մեծ եղբայրն էլ հայրություն է արել ընտանիքի անդամներին: Բոլորն էլ ուսում են ստացել, կյանքում գտել իրենց տեղը: Հենզելն ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ծառայել է խորհրդային բանակում: Հայտնի չէ՝ ինչ ճանապարհ նա կընտրեր, եթե չլիներ ավագ եղբոր` Հովիկի օրինակը. Հովիկն այդ ժամանակ արդեն ծառայում էր սահմանապահ զորքերում: Եվ ահա 1988թ. Հենզելն ավարտում է Դրագոբիչի (Լվովի շրջան) ենթասպաների դպրոցը եւ ծառայության նշանակվում Արտաշատի սահմանապահ ջոկատում: Այդ օրվանից էլ նա զորամասում է` հավատարիմ զինվորական պարտքին ու կոչմանը: 1995թ. վերապատրաստման կուրսեր է անցել եւ ստացել սպայական առաջին կոչումը` կրտսեր լեյտենանտ:
«Այդ օրն առանձնապես հիշարժան է ինձ համար, շատ էի հուզվել, ոգեւորվել: Պատկերացրեք, դրանից հետո նոր զգացի սպային բաժին ընկնող պատասխանատվության ամբողջ լրջությունը, ծանրությունը, ենթակաների հետ աշխատելու նրբությունները: Ինքս իմ մեջ որոշեցի, որ կարող եմ, պարտավոր եմ ձգտել եւ հասնել ավելիին, հարգվել բոլորի կողմից ու երբեք չարատավորել սպայի պատիվը»:
Եվ, իրոք, դա նրան հաջողվեց. ժամանակից շուտ ավագ լեյտենանտի կոչում ստացավ, ծառայողական տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնելուց հետո 2000թ. նշանակվեց ուղեկալի պետ: Այս տարիների ընթացքում խրախուսվել է տարբեր աստիճանի ղեկավարների, նույնիսկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության պետի կողմից: 2007թ. նրա ղեկավարությամբ ուղեկալը լավագույնն է ճանաչվել հանրապետությունում: Որպես օրինակելի ուղեկալ՝ արժանացել է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Բորիս Ելցինին ու Ռոբերտ Քոչարյանին հյուրընկալելու պատվին:
«Ամեն ուղեկալ իր մարտական խնդիրն ու առանձնահատկությունն ունի: Անձնակազմը պետք է լիովին ընկալի դրանք, ջանք ու եռանդ չխնայի գիտելիքներն ու հմտությունները լիարժեք կիրառելու համար, ամբողջ էությամբ խորամուխ լինի ծառայական նրբությունների մեջ եւ ամենակարեւորը՝ վստահի ղեկավարին: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաջողությամբ իրականացնել մասնագիտական գործունեությունը: Այդ նպատակին հասնելու համար, որպես ուղեկալի պետ, պահանջկոտ եմ, բծախնդիր, բոլորից հավասարապես պահանջում եմ գերազանց պատրաստվածություն, սթափ եւ գիտակցված մոտեցում առօրյա պարտականությունների կատարմանը»:
Իհարկե, ամեն ինչ հարթ ու խաղաղ չի եղել: Հիշում է, թե ինչպես 2004թ. մի քանի հոգուց բաղկացած խումբ վնասազերծեցին: Չլիներ ընդհանուր համաձայնեցված աշխատանքը, սահմանախախտները հանգիստ իրենց ուզածը կանեին-կգնային: Հատկապես դժվար է եղել 90-ականների սկզբներին: Լինելով պարետային դասակի հրամանատար` պատասխանատու էր սահմանապահ ջոկատի տարածքի, զենք-զինամթերքի պահեստների պահպանման ու անձեռնմխելիության համար: Իսկ այդ ընթացքում Արցախում եւ սահմանամերձ շրջաններում կռիվները թեժանում էին, մեր մարտիկներին օդ ու ջրի պես ռազմամթերք էր հարկավոր: Հերթապահության ժամերին անընդհատ մտորումների մեջ էր. իսկ եթե հանկարծ ջոկատներից մեկը փորձի ուժով բռնագրավել զենքը, ինքը ինչպե՞ս վարվի, մասնագիտական պարտքին հավատարի՞մ մնա, թե՞ իր հայրենակիցներին օգնի: Ի վերջո, լուրջ երկընտրանքի առիթ չեղավ, մեկ-երկու դեպքում սահմանափակվեց իրավիճակի նրբության շուրջ բացատրական աշխատանքներով: Գուցեեւ իր դերը խաղաց Հենզելի` արդեն հայտնի վճռական ու խիստ բնավորությունը:
«Փառք Աստծու, որ ամեն ինչ այդպես վերջացավ, ես հարկադրված չեղա ընտրություն կատարել: Ճիշտ է, մի պահ ինձ մեղավոր էի զգում, որ չեմ գնացել կռիվ, բայց հետո հասկացա, որ քիչ գործ չեմ արել: Այն ժամանակ չէինք, մտածում` ինչ է հայրենասիրությունը, բայց բոլորս միասին կանգնած էինք պետական սահմանին, որի մյուս կողմից գրեթե ամեն օր մեզ վրա կրակում էին, փորձում անցնել Արաքսը: Շատ դեպքերում մեր օտարազգի ծառայակիցներին մենք էինք ոգեւորում, միայն թե սահմանը պահպանվի»:
Պետք է նշել, որ Հենզելի ավագ եղբայրը` Հովիկը, որ պատճառ է եղել Հենզելի՝ ծառայության անցնելուն, զինվորական մեծ ընտանիքի սկզբնավորողն է։ Հենզելից հետո իրենց ամենափոքր եղբայրը` Սպարտակը, նույնպես դարձել է սահմանապահ: Հովիկն ու Սպարտակը ավագ ենթասպաներ են, վաշտի ավագներ: Սահմանապահ թիկունքային ստորաբաժանման կազմում Հովիկը նաեւ գործուղվել է Չեչնիա, երբ այնտեղ մարտական գործողություններ էին։ Զինծառայող միջնեկ եւ կրտսեր եղբայրների կանայք` Քնարիկն ու Մարինեն, նույնպես անցել են պայմանագրային ծառայության: Քույր-եղբայրների որդիների մեծ մասը պարտադիր ժամկետային ծառայությունն անցկացրել է սահմանապահ զորքերում, մի քանիսն էլ մտածում են զինվորական դառնալու մասին: Սերոբյանների գերդաստանը մեծ է` հինգ եղբայրներն ու քույրը իրենց ընտանիքներով միասին կազմում են վաթսունչորս հոգի:
«Որոշակի առիթներով բոլորս միասին պարտադիր հավաքվում ենք: Օրինակ` այս տարի լրացավ մեր գերդաստանի ավագի` Քնարիկ մայրիկիս ծննդյան 80-ամյակը: Մեծ շուքով նշեցինք, ուրախացանք: Ամեն տարի ամռանը գյուղում մասնակցում ենք Վարդավառի տոնին, վերջում մեծ քեֆ-ուրախություն կազմակերպում: Վաթսունչորս հոգին էլ անխտիր ներկա էր, երբ մայորի կոչում էի ստացել, սրտանց ուրախացան ինձ համար: Մեր գերդաստանում մեկի թե՛ ուրախությունը, թե՛ ցավը ընդհանուր են բոլորիս համար: Այնպես որ, նմանատիպ ընտանեկան հավաքները այսուհետ էլ անպակաս են լինելու, հուսով եմ՝ ավելի մեծ կազմով: Դրանք կարեւոր են նաեւ նրանով, որ աշխատանքի բերումով հաճախ չենք կարողանում տեսնվել եւ այդ օրերին իրարից մեր կարոտը առնում ենք, հիշում ենք հին օրերը, նոր ուժ ու էներգիա ենք ստանում իրարից»:
Մայոր Սերոբյանը խոստովանում է, որ չի հոգնել ծառայական դժվարություններից, սպայի լարված ու անփոփոխ առօրյայից, ընդհակառակը, այն շատ հետաքրքիր ու պատվաբեր է համարում եւ փորձում է նոր մոտեցումներով առավել հետաքրքիր դարձնել թե՛ իր, թե՛ ենթակաների համար` անփոփոխ թողնելով միայն իր պահանջները` հավատարմություն մասնագիտական պարտքին ու հայրենիքին, սահմանապահի առաքելության հստակ գիտակցում ու կատարում: Նա ավելի է ոգեւորվում, երբ իր թիկունքին զգում է ընտանիքի աջակցությունը, տեսնում է երեխաների հաջողությունները: Մեկ տղա եւ մեկ աղջիկ ունի: Աղջիկը սովորում է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, տղան՝ ոստիկանության ակադեմիայի առաջին կուրսում: Երկուսն էլ մանուկ հասակից ապրել են ուղեկալի տարածքում, շփվել զինվորականների հետ, տեսել են հոր ծանրաբեռնվածությունը եւ երբեք չեն դժգոհել ուշադրության պակասից: Մայոր Սերոբյանը խոստովանում է, որ այժմ արդեն իր համար անչափ կարեւոր է հասուն զավակների կարծիքը: Ի դեպ, օրերս ամուսնացավ որդին` Հրանտը, եւ ուրեմն, ավանդույթները շարունակվում են, Սերոբյանների գերդաստանը ավելի է մեծանում:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան

Խորագիր՝ #47 (862) 1.12.2010 - 8.12.2010, Ազգային բանակ


08/12/2010