Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐԴԱՐ,  ՕՐԻՆԱԿԱՆ, ԹԱՓԱՆՑԻԿ
ԱՐԴԱՐ, ՕՐԻՆԱԿԱՆ, ԹԱՓԱՆՑԻԿ

ՏՈՆ ԷՐԵԲՈՒՆՈՒ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ

Գնդապետ Կարեն Խաչատրյանի համար աշխատանքային օրն սկսվեց սովորականից ավելի շուտ։ Տարիների փորձից ելնելով՝ համոզվել է, որ կան անհամբեր ծնողներ, որոնք մութուլուսին, այսինքն՝ ծանուցագրում նշված ժամից էլ շատ շուտ են տղաներին արթնացնում ու շտապում զինկոմիսարիատ…
Ժամը 9-ին բուժհանձնաժողովն սկսեց ընդունել զինակոչիկներին։ Վերջին մանրակրկիտ ստուգումը մեկնումից առաջ։ Յուրաքանչյուր կասկածի դեպքում զինկոմ գնդապետ Կ. Խաչատրյանը խորհրդակցում է ավագ բժշկուհի Մարինա Թաթուլյանի, մասնագետ բժշկի հետ, ուսումնասիրում մասնագիտական բուժհաստատությունից կամ զինվորական բուժհանձնաժողովից տրված հետազոտության արդյունքները։
-1992-1993թթ. ծանր են եղել մեր ժողովրդի համար, այդ պատճառով էլ ավելի մեծ թվով տղաների ենք ուղարկել լրացուցիչ հետազոտության մասնագիտացված հիվանդանոցներ։ Ձգտում ենք չսխալվել, որպեսզի հանրապետական հավաքակայանի բուժհանձնաժողովի կողմից զինակոչիկի վերադարձի դեպքեր չունենանք,- ասաց բժշկուհի Մ. Թաթուլյանը։
-Գաղտնիք չէ, որ զորակոչի հաջողության հիմքը դրվում է կցագրման ժամանակ։ Հուսով եմ, որ այդ կարևոր աշխատանքը ճիշտ է կատարվել, և մենք այժմ բացթողումներ չենք ունենա։ Նախապատրաստական աշխատանքներն սկսվել են փետրվար ամսից։ Արվել է հնարավորը, որ բոլոր զինակոչիկները լիարժեք բուժհետազոտման ենթարկվեն։ Ես չեմ կասկածում մեր տղաների պատրաստակամությանը։ Բոլորն էլ ձգտում են ժամանակին գնալ բանակ և իրենց պարտքը կատարել։ Ավելին, ինչպես նախորդ զորակոչերի ժամանակ, չի բացառվում, որ այժմ էլ շատերը վերադառնան արտասահմանյան երկրներից և մեկնեն ծառայության։ Լինում են դեպքեր, երբ զինակոչային տարիքի տղաները, որոնք նույնիսկ Հայաստանում էլ չեն ծնվել կամ ծնողների հետ հայրենքից հեռացել են շատ փոքր հասակում, վերադառնում են, որ ծառայեն մեր բանակում։ Մենք, մեր աշխատողները շատ վաղուց որևէ զինակոչիկի հետևից չեն գնացել, չեն գնում, որովհետև դրա կարիքը չկա։ Տղաները զինկոմիսարիատ են ներկայանում ցանկացած ձևով ծանուցում ստանալու դեպքում, նույնիսկ գալիս են առանց անհրաժեշտության։ Կապը, փոխադարձ վստահությունը շատ մեծ է ինչպես տղաների, այնպես էլ նրանց ծնողների միջև։ Բոլորն էլ գիտակցում են, որ առանց բանակի չի կարող լինել ազատ ու անկախ հայրենիք, որ բանակը ժողովրդի համար բացարձակ արժեք է,- ասաց գնդապետ Կ. Խաչատրյանը։
♦♦♦
Զորակոչային բաժնի պետ փոխգնդապետ Սիմոն Սիմոնյանը մի վերջին անգամ ստուգում-ճշտում է զինակոչիկների փաստաթղթերը և զինգրքույկների հետ ներկայացնում զինկոմին։ Վերջինս էլ իր հերթին է դրանք թերթում, ուսումնասիրում և տեսնելով, որ ամեն ինչ ճիշտ է, կնքում է զինգրքույկների համապատասխան էջերը։
Մինչ տոնական հանդիսության սկսվելը, մենք ծանոթանում, զրուցում ենք զինակոչիկների և նրանց հարազատների հետ։ Այստեղ արդեն բոլորը գիտեն, որ իր կրտսեր որդուն է բանակ ճանապարհում Հայրենական մեծ պատերազմի վետերան Հոկտեմբեր Ստեփանյանը։ Ծանոթանում ենք։ Հոկտեմբեր հայրիկը 83 տարեկան է։ Նա ծնվել է 1928թ.-ին։ Տասնչորս տարեկանից նա մասնակցել է զրահագնացքների, զրահամեքենաների նորոգմանը և դրանց ռազմաճակատ տեղափոխմանը։
Երկաթուղային դեպոյի կարևոր մասնագետն անձամբ ֆաշիստների վրա կրակելու հնարավորություն չի ունեցել, բայց նրա մասնակցությամբ նորոգված ու ռազմաճակատ հասցված զրահամեքենաները շատ են օգնել առաջին գծում կռվողներին։ Հոկտեմբերը երկու անգամ է ամուսնացել, ունի երեք տղա և մեկ աղջիկ, բազմաթիվ թոռներ, որոնց մի մասը նախկին երկրի՝ ԽՍՀՄ-ի բանակում է ծառայել, մի մասն էլ՝ Հայաստանի ազգային բանակում։
Հա, եթե տանեն, կգնամ բանակ ու լավ էլ կծառայեմ,- ասում է նա։
Որդին՝ զինակոչիկ Արիստակես Ստեփանյանը, տասնութ տարեկան է։ Նա սովորել է Վահան Տերյանի անվան N 60 միջնակարգ դպրոցում, այժմ էլ Հյուսիսային համալսարանի իրավագիտական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է։ Դպրոցում Արիստակեսը միայն «լավ» ու «գերազանց» գնահատականներ է ստացել, մի տարի էլ սովորել է ռազմական դասարանում ու միշտ արժանացել ՆԶՊ ուսուցիչ փոխգնդապետ Ավանեսովի գովեստին։ Զինակոչիկի մայրը՝ տիկին Նինա Ստեփանյանը, վստահ է, որ իր որդին պատվով է կատարելու իր զինվորական ծառայությունը։
Բոլորն էլ գնում, համալրում են մեր բանակը, կարևորն այն է, որ լինեն կարգապահ, լսեն իրենց հրամանատարներին, պատվով ծառայեն ու վերադառնան իրենց ծնողների մոտ,- ասում է նա։
Շատ պարգևներ, մեդալներ ունեմ, որ ստացել եմ պատերազմի ու հետագա տարիներին, բայց ինձ համար ամենաթանկը մեր պաշտպանության նախարարից ստացած «Մարշալ Բաղրամյան» մեդալն է։ Մարշալ Հովհ. Բաղրամյանը ինձ համար սրբություն է եղել, մեր բոլոր զինվորներն ու սպաները պիտի նրանից օրինակ վերցնեն։
Արիստակեսին ճանապարհում էին նաև ընկերները՝ Բարսեղ Անդրեասյանը, Հենրիկ Մխիթարյանը, Գառնիկ Աբգարյանը, Նարեկ Կարապետյանը և Ալեքսան Ավագյանը։
Մենք մի տարի ենք փոքր Արիսից, եկող տարի էլ մենք կգնանք,- ասաց Բարսեղը։
♦♦♦
Այստեղ էին նաև Հոկտեմբեր Ստեփանյանի հարևանները՝ 76-ամյա Գևորգյան Ռազմիկը, նրա որդի Կարեն Գևորգյանը, հարսը՝ Ջուլիետան։ Վերջիններս իրենց փոքր որդուն՝ Գևորգ Գևորգյանին էին ճանապարհում։
Մեծ թոռս՝ Տիգրան Գևորգյանը, բանակում է, արդեն մեկ տարի ծառայել է, սահմանն է պահպանում։ Դիմել ենք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, և նա ընդառաջել է, որ Գևորգը գնա եղբոր մոտ։ Տղա են, պիտի ծառայեն, իրենք երկիր պահեն, որ մենք այստեղ հանգիստ քնենք,- ասաց Ռազմիկ պապիկը։
♦♦♦
Եկավ համերգն սկսելու պահը։ Փոխգնդապետ Ս. Սիմոնյանի հրահանգով զինակոչիկները՝ Արայիկ Խալաթյանը, Հովհաննես Մարգարյանը, Հակոբ Բասմաջյանը, Հովհաննես Հարությունյանը, Սերյոժա Մանուկյանը և մյուսները տեղ զբաղեցրին շարահրապարակի կենտրոնում։ Դիմելով նրանց փոխգնդապետը պատվիրեց լինել ուշադիր, պարտաճանաչ և բարեխղճորեն կատարել հրամանատարների առաջադրանքները, իսկ ծնողներին ու հարազատներին կոչ արեց վստահել մեր բանակի հրամանատարական կազմին և համբերությամբ սպասել։
Համայնքի թաղապետարանի կրթության բաժնի աշխատող Ռիտա Մայիլյանը զինակոչիկներին փոխանցեց համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանի ուղերձը։ Այնուհետև գեղեցիկ կատարումներով հանդես եկան մայրաքաղաքի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Հայաստան», «Էրեբունի» պարային, «Մուշ» երգի և ասմունքի համույթները, որոնց գեղարվեստական ղեկավարներն են Գայանե Ղազարյանը, Ազատ Նիկողոսյանը, Արթուր Սիմոնյանը և Նելլի Սարգսյանը։ Ինչպես նշեց Գայանե Ղազարյանը, ստեղծագործական կենտրոնը մշտապես մասնակցում է զորակոչերի առթիվ կազմակերպվող միջոցառումներին։

ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ

Առաջինը հավաքակայան եկան մայրաքաղաքի Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատից եկած տղաները։ Նրանց հետևեցին Շահումյանի, Կոտայքի, Նոր Նորքի, Էրեբունու, Էջմիածնի զինակոչիկները։ Ինչպես միշտ, այս անգամ էլ զինակոչիկներին առաջինն ընդունում է մանդատային հանձնաժողովը։ Չբավարարվելով փաստաթղթերի ուսումնասիրությամբ, բանավոր հարցերի միջոցով մեկ անգամ ևս ճշտվում է՝ զորակոչիկների մեջ կա՞ն արդյոք միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկներ, զոհվածի որդիներ կամ եղբայրներ, ամուսնացած և երեխա ունեցողներ, հաշմանդամ ծնողներ ունեցողներ, փախստականներ, այլազգիներ…
Ճշտում ենք նաև, արդյոք բոլո՞րն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, միաժամանակ պարզում ենք, թե ով ինչ կրթություն ունի, կա՞ն ռազմական ուսումնական հաստատություններում սովորելու թեկնածուներ։ Այս ամենն արվում է զորակոչի օրինականության պահպանման և տեղաբաշխման ժամանակ ճիշտ կողմնորոշվելու նպատակով,- ասաց մանդատային հանձնաժողովի անդամ փոխգնդապետ Արթուր Գալստյանը։
Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ գնդապետ Գագիկ Հարությունյանը համակարգում է զորակոչի ամենօրյա ընթացքը։ Նրա կարծիքով՝ ամեն ինչ արվել է հերթական զորակոչը հաջողությամբ անցկացնելու համար։
– Ապրիլի վերջին պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին գործընթացի անմիջական պատասխանատուները, մարզային զորակոչային հանձնաժողովների նախագահները՝ մարզպետները և քաղաքապետները, տարածքային ոստիկանապետները, իրավապահ բոլոր մարմինները։ Զորակոչային հանրապետական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկվեցին 2010թ. աշնանային զորակոչի արդյունքները, բացահայտվեցին աշխատանքում տեղ գտած բացթողումները, թերությունները և դրանց պատճառները։ Նշվեց, որ 2011թ. գարնանային և հետագա զորակոչերի ընթացքում այլևս նման սխալներ չպետք է կրկնվեն։ Միաժամանակ խորհրդակցության ընթացքում համապատասխան առաջադրանքներ տրվեցին բոլոր այն կառույցներին, որոնք որևէ ձևով պատասխանատու են զորակոչի կազմակերպման համար։ Ասեմ նաև, որ մայիսի 12-ին այստեղ՝ հավաքակայանում գործընթացին մասնակից ծառայությունների հետ շարային ստուգատես անցկացրեց ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը,- ասաց գնդապետ Գ. Հարությունյանը և շարունակեց։ Մեր հիմնական նպատակն արդար, օրինական և թափանցիկ զորակոչ կատարելն է։ Բանակ պետք է գնան նրանք, ովքեր առողջ են և չունեն տարկետման իրավունք։ Դեռևս ամիսներ առաջ տարածքային զինկոմիսարիատներում ճշտվել և հստակեցվել է զորակոչիկների թվակազմը, բուժհանձնաժողովները մեծ աշխատանք են տարել լիարժեք հետազոտություններ կատարելու ուղղությամբ։ Պահանջները մեծ են մանդատային հանձնաժողովից, և մեր կողմից շատ մեծ ուշադրություն է դարձվում զինհաշվառման փաստաթղթերի լրացման ամբողջականությանը։ Այս անգամ զորակոչային հանձնաժողովը որոշեց զորակոչն սկսել մայիսի տոներից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ զինկոմիսարիատները, և թե՛ այստեղ գործող հանձնաժողովները գործի մեջ շատ են հմտացել, և ժամկետի կրճատումը մի քանի օրով ընդհանուր արդյունքի վրա որևէ ազդեցություն չի ունենա։ Արդեն այսօրվանից, մարտական զորամասերին զուգահեռ, կհամալրվեն նաև ուսումնականները, իսկ հունիսի 6-ից կսկսվի նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտածների զորակոչը։
♦♦♦
Մանդատային հանձնաժողովից հետո զինակոչիկները ներկայանում են բուժհանձնաժողովին, որտեղ ևս մեկ անգամ հետազոտվելով՝ ստանում են անհրաժեշտ պատվաստումներ և ենթարկվում ֆլյուրոգրաֆիկ հետազոտման։
-Մենք կատարում ենք շուրջ տասնմեկ հիվանդությունների դեմ պատվաստումներ, ինչպես նաև որոշում ենք բոլորի արյան խումբը, կարգը և կատարում ստուգումներ սեռավարակային հիվանդությունները հայտնաբերելու ուղղությամբ։ Այս ամենի համար ապահովված ենք անհրաժեշտ պատվաստամիջոցներով և նյութերով,- ասաց բուժհանձնաժողովի նախագահ մայոր Արսեն Մելքոնյանը։- Ասեմ նաև,- շարունակեց նա,- որ 1992-93թթ. ծնվածների մեջ հաճախակի են հանդիպում սրտային և հենաշարժիչ հիվանդություններ ունեցողները։ Դա ոչ ճիշտ ֆիզիկական դաստիարակության արդյունք է։ Մենք հիմնականում գոհ ենք տարածքային զինկոմիսարիատների բուժհանձնաժողովների աշխատանքից, բայց երբեմն նրանք խորությամբ չեն ուսումնասիրում գործող հրամանը և տեղյակ չեն լինում կատարված փոփոխություններին։ Ինչ վերաբերում է մեր հանձնաժողովին, ասեմ, որ բոլոր բժիշկներն էլ մեր հոսպիտալների, պոլիկլինիկաների հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ծառայության առաջավոր մասնագետներ են և գործին վերաբերվում են ամենայն պատասխանատվությամբ։
♦♦♦
Հանրապետական հավաքակայանի ներքին կարգ ու կանոնը վերահսկում է ռազմական ոստիկանությունը։ Աշխատանքային խումբը ղեկավարում է փոխգնդապետ Աշոտ Ավագյանը.
– Վստահեցնում եմ, որ ձեռնարկվել են բոլոր միջոցները, որ պատշաճ կերպով իրականացվի զինակոչիկների տեղափոխումը զորամասեր։ Ավտոբուսները տեխնիկապես լավ վիճակում են։ Մեր ներկայացուցիչները ճանապարհին արդեն անհրաժեշտ բացատրական աշխատանք են կատարում երիտասարդների շրջանում։ Երթուղիներում, հնարավոր օգնության համար, ամբողջ օրը հերթապահելու են ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները։
Զրուցում ենք զինակոչիկների հետ։ Կոտայքի զինկոմիսարիատից են զորակոչվել գառնեցիներ Վարդան Ղարիբյանը, Արմեն Աբելյանը և Մերուժան Պապիկյանը։ Նրանց տրամադրությունը լավ է, ասացին, որ խանգարող հանգամանք չկա և պատրաստ են ծառայության։ Աբովյանցիներ էին Սուրեն Միրզոյանը, Մեսրոպ Հարությունյանը և Կոմիտաս Բաբայանը։ Վերջինս ասաց, որ սովորում է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանում, Մեսրոպն էլ ասաց, որ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ուսանող է։ Զառ գյուղից Նարեկ Հովհաննիսյանն էլ ասաց, որ սովորում է քոլեջում։ Մայակովսկի գյուղից էին Ռաֆայել Մանուկյանը և Ռոման Դրբոյանը։ Բոլորն էլ հաստատեցին, որ արդեն հասցրել են միմյանց հետ ծանոթանալ և ընկերանալ, և լավ կլինի, որ ծառայության նշանակվեն նույն զորամասում։
♦♦♦
Նոր Նորքի զինկոմիսարիատից են զորակոչվել Հարություն Գրիգորյանը, Տիգրան Վարդանյանը, Նարեկ Գրիգորյանը, Կարեն Հարությունյանը, Գոռ և Արտաշես Սաֆարյան զույգ եղբայրները։ Վերջիններս Նոր Նորքի հինգերորդ զանգվածից են՝ Ալվարդ և Արամ ամուսինների որդիները։
– Երեք եղբայր ենք, մեծը՝ Զորիկը, արդեն ծառայել է, հերթը մերն է,- ասաց Գոռը։
Եղբայրները սովորել են թիվ 159 դպրոցում, այժմ էլ սովորում են շինարարական քոլեջում։
– Դեռևս տասներեք տարեկանից, սովորելուն զուգահեռ, աշխատել ենք։ Սկզբում բանվորություն էինք անում խանութում, հետո էլ շինարարության վրա աշխատեցինք։ Դպրոցն ավարտելուց հետո որոշեցինք դառնալ շինարար, միաժամանակ զինկոմիսարիատի ուղեգրով սովորել ու ձեռք ենք բերել մեխանիկ-վարորդի մասնագիտություն,- պարզաբանեց Արտաշեսը։
Զգացվում է, որ երիտասարդներն աշխատասեր են, կոփված և ծառայության ընթացքում էլ իրենց շատ լավ կդրսևորեն։
Երեկ տանը լավ քեֆ էինք արել, այսօր էլ զինկոմիսարիատի բակում պարեցինք, ուրախացանք, ամեն ինչ շատ լավ էր,- ավելացրեց Գոռը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս. ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ