Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԼՈՒՅՍԻ ՄԵՋ ԽԱՎԱՐ ՉԿԱ»



Հայոց բանակին վերաբերող ամեն մի հարց, առավել եւս՝ մեր բանակի կազմավորման, կայացման եւ զորացման համար իրենց կյանքը նվիրաբերած մեր որդիների, զավակների համար մեր բանակի ղեկավարությունը, անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորության սահմաններում լուծվեն այս տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ խնդիրներ։ Ցավոք, լինում են հարցեր, խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում մնում են «ստվերում», եւ պաշտպանության նախարարի՝ «Բանակը բաց է հասարակության առջեւ» կարգախոսը նպաստում է այդ խնդիրների վերացմանը, որի նպատակն է օգնության ձեռք մեկնելը։ Այս առումով անշուշտ դրական է «Հրապարակ» կայքում տպագրվածը։ Մանրամասնորեն չենք մեջբերում նամակներում բերված փաստերը, մայրական սրտառուչ խոսքերը, որոնք կարդում ենք տխրությամբ ու հուզմունքով։ Տավուշի մարզի Աչաջուր համայնքում բնակվող 60-ամյա տիկին Արաքսյա Մանուչարյանը ապրում է միայնակ, կիսախարխուլ տան մեջ։ Ազատամարտիկ որդին զոհվել է 1994թ.-ին Օմարում, աղջիկն ամուսնացել է, իսկ մյուս որդին ապրում է արտերկրում, եւ մայրը ոչ մի լուր չունի նրանից։ Այս մասին պաշտպանության նախարարությանը տեղեկացվել է ապրիլ ամսին։ Պաշտպանության նախարարի հանձնարարականով գյուղ մեկնած նախարարության աշխատակիցները խոստացել են տան վերանորոգման համար շինանյութ հատկացնել, սակայն հետո կայքում տպագրվում է նույնաբովանդակ մեկ այլ հոդված, միայն այն տարբերությամբ, որ այստեղ Արաքսյա Մանուչարյանի փոխարեն նշվել է Արաքսյա Վարդանյան, որը բնակվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Այստեղ դիմողը նշում է, որ իր տունը 4-րդ կարգի վթարային է, եւ նա հաշվառված է, սակայն հերթը չի եկել։

Նույն օրը պաշտպանության նախարարի կարգադրությամբ, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականով` համապատասխան ծառայությունը 7-օրյա ժամկետում ուսումնասիրել եւ իսկությունը հաստատվելու դեպքում նյութեր պատրաստել առաջիկա նիստի ընթացքում առաջնահերթության հարցը քննարկելու համար, իսկ բացասական որոշման դեպքում համապատասխան շինանյութ տրամադրել եւ աջակցել շինարարական աշխատանքներում։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Վարդանյանը հաշվառված չէ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ (ՊՆ ուղարկված բնակարանային բարելավման կարիքավոր ընտանիքների հերթացուցակում ընդգրկվելուց հետո միայն պաշտպանության նախարարությունը կարող է սահմանված կարգով քննարկել բնակարան գնելու համար պետական անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը)։

Ուսումնասիրություններից հետո պաշտպանության նախարարին տեղեկացվել է, որ բնակելի տունը իրոք 4-րդ կարգի վթարային է եւ ենթակա չէ նորոգման։

Նախարարի ցուցումով հանձնարարվել է աջակցել դիմողին՝ բնակարանային բարելավման կարիքավորների հերթացուցակում հաշվառելու հարցում եւ հաշվառելուց հետո քննարկել առաջնահերթություն տալու հարցը։ Այդ մասին բանավոր տեղեկացվել է Տավուշի մարզպետարանի պատասխանատուին, որպեսզի աջակցեն բնակարանի հաշվառման համար համապատասխան փաստաթղթերի պատրաստման եւ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար։

Փորձեցինք համառոտ ներկայացնել այս պատմությունը։ Հավատացած եղեք, այս հարցը եւս կլուծվի պաշտպանության նախարարության եւ անձամբ նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ։ Պարզապես որոշ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի տեղական մարմինները պատրաստեն վերոնշյալ փաստաթղթերը։

Պաշտպանության նախարարությունը ամեն ինչ կանի, վստահ եղեք։ Դուք լավ գիտեք, թե նմանատիպ քանի գործեր կան, որոնք պաշտպանության նախարարի մշտական ուշադրության կենտրոնում են` արվում են լռությամբ, պարտքի գիտակցումով, առանց աղմուկի ու ինքնագովասանքի։ Ով ճանաչում է պաշտպանության նախարարին, ծանոթ է նրա կենսագրությանը, կհավատա նրա խոսքին։ «Հրապարակ» կայքում տպագրված Տիկին Արաքսյա Մանուչարյանի նամակները եւս մեզ մտորումների, խորհրդածությունների տեղիք են տալիս` Օմարում զոհված ազատամարտիկի մահից 20-ից ավելի տարիներ են անցել` ինչու տեղական ինքնակառավարման մարմինները այդ հարցը ավելի վաղ չեն բարձրացրել, մի՞թե գյուղ չեն այցելել կառավարության այլ նախարարությունների աշխատակիցներ։ Սա ցավալի փաստ է, որովհետեւ, ի վերջո, պետք է գիտակցենք, որ մեր` բոլորիս սրբազան պարտականությունը երկրի պաշտպանությունն է, զորացումը եւ այդ պայքարում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին չմոռանալը։ Եվ այդ գործում ամեն մեկս պետք է ձեռք մեկնի իր կարողությունների չափով։

Ովքեր ներկա են եղել սահմանային բնակավայրեր մեր նախարարի այցերին, կարող են վկայել, թե մարտական հենակետերից հետո, երբ նախարարը հանդիպում է սահման պահող մեր շեների բնակիչներին` նրան ինչ հարցերով են դիմում բնակիչները` ջրի, վառելիքի, ճանապարհների, հարկերի, մթերումների, հավատացնում եմ, հազար ու մի այսպիսի հարցերով։ Եվ նա որդիաբար, իր հնարավորությունների ներածին չափով փորձել է օգնել։ Եվ այս նյութն էլ վերնագրեցինք իմաստուններից մեկի խոսքերով՝ «Լույսի մեջ խավար չկա», որովհետեւ, ինչպես նկատեցիք, զոհված ազատամարտիկի մայր Արաքսյա Մանուչարյանի նամակները այդպես են վերնագրված` «Սեյրան Օհանյանը կարող է ինձ օգնել», «Վերջին հույսը»: Պետք չեն ավելորդ մեկնաբանություններ…:

«Հայ զինվոր»

Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/12/2015