Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԿ ՕՐ ԹԻԿՈՒՆՔԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
ՄԵԿ ՕՐ ԹԻԿՈՒՆՔԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

«Առանց թիկունքի ճակատ չի լինի». այս հայտնի թեւավոր խոսքը թիկունքի զորամասում կլսես բոլորի բերանից՝ սպայի, ավագ սպայի, ենթասպայի, վարորդի ու բանվորի։ Ասել է թե՝ նրանցից յուրաքանչյուրը հրաշալիորեն հասկանում է այդ խոսքի իմաստը, գիտակցում իր գործի, ծառայության կարեւորությունը եւ պատասխանատվության աստիճանը։ Եւ բոլորովին չպետք է զարմանալ, եթե հանկարծ մեկը ձեր հարցին՝ ծառայության դժվարությունների մասին, հանկարծ սկսի պատմության դասեր տալ.
-Գիտեք չէ՞, ինչո՞ւ Նապոլեոնը Ռուսաստանում պարտվեց։
-Դե, ասում են՝ պատճառներից մեկը ռուսական ձմեռն էր, սառնամանիքը։
-Չէ, չէ, ինչ սառնամանիք։ Նապոլեոնը չգիտե՞ր՝ ուր է գնում։ Նա պարտվեց, որովհետեւ խորացել էր Ռուսաստանի մեջ ու շատ էր կտրվել թիկունքից։ Ահա հիմնական պատճառը։ Նրա զորքերը զրկվել էին նյութական ապահովումից՝ զենք ու զինամթերքից, պարենից, ուտելիքից։ Թե չէ՝ սառնամանի՜ք…
Վարպետ Հրաչը վարորդ է եւ մազաչափ անգամ չի կասկածում իր դատողությունների ճշմարտացիության վրա։ Նա զորամասի հնաբնակներից է եւ հպարտ է, որ տեսել է իր զորամասի ծնունդը։ Հրաչ Եթարյանը պատմական այն ավտոշարասյան մասնակիցներից է, որ1992թ. հունիսի 23-ին զենքով ու զինամթերքով, ճակատին անհրաժեշտ պարենով ուղեւորվեց Արցախ։ Հետագայում այդ օրը կնշանավորվի որպես Թիկունքի օր։
-Թեեւ այդ օրից համարյա 20 տարի է անցել, եւ շատ մանրամասներ արդեն մոռացել եմ,- պատմում է վետերան ենթասպան,- բայց երբեք չեմ մոռանա մեր ոգեւորությունը, խանդավառությունը։ Մենք հասկանում էինք, որ պատերազմի դաշտում կռվող տղաները անհամբեր մեզ են սպասում, եւ այդ պատճառով շտապում էինք։ Ավտոշարասյան հրամանատարը՝ այն ժամանակ կապիտան, հիմա արդեն՝ գնդապետ Բակուր Աղաջանյանը, մեզ բոլորիս ոտքի հանեց առավոտ շուտ։ Թե ինչպես, քանի ժամում հասանք Լաչին, հիմա արդեն չեմ հիշում. երիտասարդ էինք, ոգեւորված, մեր արյունը եռում էր, ու մենք մեզ մի-մի զինվոր էինք զգում։ Այդ շարասյան մասնակիցներից շատերն էլ հենց դարձան մեր այս զորամասի կորիզը, նրա շուրջն էլ հետագայում ձեւավորվեց թիկունքի ծառայությունը։ Վարորդները շատ լավ գիտեն, թե ինչ ասել է՝ ճամփի ընկեր։ Բայց այդ օրվա փորձառությունն ուրիշ էր։ Ուզում եմ հիշել Սուրեն Ասատրյանին, Աշոտ Սիմոնյանին, Ենգիբար Գրիգորյանին, Մարտին Սիմոնյանին, Ռուստամ Քամալյանին, Ալեքսեյ Գազյանին… Այդ նվիրված ու փորձառու տղաներից շատերն իրենց կյանքը կապեցին թիկունքի զորամասի հետ եւ ծառայեցին մինչեւ թոշակի անցնելը, մի քանիսն էլ, օրինակ՝ ես ինքս, չկարողացան այլեւս կտրվել այս միջավայրից ու դեռ շարունակում են աշխատել-ծառայել։ Գուցե մի քանիսի անունը մոռացա, բայց այս զորամասում պինդ, հավատարիմ, իրենց գործը լավ իմացող տղաներ են աշխատել։ Եվ մեր բեռնավորված մեքենաները գնացել են ռազմաճակատի բոլոր ուղղություններով։
Ենթասպա Հրաչ Եթարյանին զորամասում ճանաչում են որպես վարպետ Հրաչ։ Նա ինչպես չի կասկածում, թե Նապոլեոնի պարտության պատճառը թիկունքային վատ ապահովումն էր, նույնպես էլ կասկած չունի, որ մեր արցախյան հաղթանակը արդյունք էր թիկունքի ծառայությունների կազմակերպված գրագետ աշխատանքի։ Վարպետ Հրաչը պատերազմը ճանաչում է դեռ Աֆղանստանից։
-Երբ ավտոշարասյան վերջում տեսնում եմ Հրաչի բեռնատարը՝ տեխնիկական վերջափակ է, մտահոգություններիս մասին մոռանում եմ։ Այլեւս վստահ եմ լինում, որ ինչ էլ ճանապարհին պատահի, ինչ տեխնիկական թերություններ էլ որ առաջանան, Հրաչը կարգի կգցի, կվերահսկի։ Հո ընկերներն իզուր չեն ասում, որ Հրաչը երկաթից մարդ է շինում։ Բարեբախտաբար, Հրաչի նման նվիրված ու պարտաճանաչ մարդիկ զորամասում քիչ չեն։ Ես որպես հրամանատար հպարտանում եմ նրանցից յուրաքանչյուրով եւ ձգտում եմ որքան հնարավոր է շատ շփվել այդ աշխարհ տեսած, փորձառու, խոսքի տեր տղաների հետ։ Ինքս այս զորամասի նորեկներից եմ, բայց երջանիկ եմ եւ ուրախ, որ բախտն ինձ նման մարդկանց է հանդիպեցրել։ Զորամաս եմ եկել այն հաստատ նպատակով, որ նրանց ստեղծածին մի բան էլ ինքս ավելացնեմ, հնարավորինս հեշտացնեմ բոլորի աշխատանքը, հետաքրքիր դարձնեմ ծառայությունը։ Եկել եմ շարունակելու այն լավագույն ավանդույթները, որոնք դրվել են ինձ նախորդող հրամանատարների կողմից։ Նրանք շատ բան են արել, եւ նրանց արածը արժանի է ամենաբարձր գնահատականին։ Այսօր մենք ունենք կուռ ու համախմբված մի կոլեկտիվ, որն իր ծառայությունը կատարում է բանիմացորեն եւ խղճի մտոք։ Եթե զորամասն անցած տարի ճանաչվել է որպես թիկունքային լավագույն զորամաս, ուրեմն առաջին հերթին շնորհիվ այն մարդկանց, որոնք ձեւավորել, դաստիարակել, ստեղծել են այս կոլեկտիվը։
♦♦♦
Զորամասի հրամանատար փոխգնդապետ Կարեն Մխիթարյանը 2010թ. ուսումնական տարվա հաջողությունների համար ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվել է անձնական զենքով, զորամասը՝ փոխանցիկ դրոշով, իսկ անձնակազմը՝ դրամական պարգեւով։ Թեեւ հրամանատարը խուսափում էր իր աշխատանքի գնահատականը տալուց, այնուամենայնիվ, պարզ է, որ քիչ չէ նաեւ նրա ներդրումը զորամասի հաջողություններում։ Նա անցել է իսկական զինվորականին վայել ճանապարհ։ 1992-ից հայոց բանակում է։ Սովորել է ՌԴ թիկունքի եւ տրանսպորտի ակադեմիայում։ Ավարտելուց հետո ծառայության է անցել թիկունքի վարչությունում, 2002-ից՝ գնդի հրամանատարի տեղակալ։ Նրա պատերազմական կենսագրությունը գրվել է հիմնականում Քարվաճառում եւ Հորադիզում։ Թիկունքի զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է 2009-ից։ Սիրում է իր աշխատանքը եւ համոզված է, որ զորամասի հաջողությունները դեռ առջեւում են։
-Մենք հիմա մտածում ենք թիկունքի թանգարան ստեղծելու մասին,- իր խոսքը շարունակում է փոխգնդապետ Կարեն Մխիթարյանը։ -Եթե մենք թանգարան ենք բացում, ուրեմն ցույց տալու, հաջորդ սերունդներին պատմելու բան ունենք, ուրեմն մենք վաստակել ենք մեր արածը, մեր պայքարը, մեր հաղթանակը ցույց տալու իրավունքը։ Մինչեւ թանգարանի բացումը, որը կկատարվի հունիսի 23-ին, այսինքն՝ Թիկունքի օրը, քիչ ժամանակ է մնացել, բայց անելիքները դեռ շատ են։ Դեռ ճշգրտվում են թիկունքի գործունեության մասին տարբեր բանակային զորամիավորումներից ստացված տեղեկությունները, մանրամասն ուսումնասիրվում եւ ընտրվում են ցուցադրվելիք փաստաթղթերը, նմուշները։ Թանգարանի տարածքն արդեն վերանորոգված է։ Ամեն ինչ անելու ենք, որ թիկունքի ծառայությունների անցած ճանապարհը եւ նրա ներդրումը հաղթանակի գործում հավուր պատշաճի երեւա։ Թանգարանային նմուշները կպատմեն այն մարդկանց մասին, որոնք ոչինչ չխնայեցին հայրենիքի անկախության համար, մոռացան սեփական շահն ու իրենց կյանքը նվիրեցին այդ պայքարին։
Մեծ են մեր զորամասի վրա դրված պարտականությունները, եւ մեր բանակի հզորացման հետ մեծանում են մեզ ներկայացվող պահանջները։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի խնդիր է կատարում մեր զորամասն այսօր, բավական է հենց միայն այն փաստը, որ հիմա, հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, 45-50 բեռնավորված մեքենաներ երթի մեջ են տարբեր ուղղություններով։ Բարեբախտաբար, ամեն տարի թարմացվում է մեր ավտոտեխնիկան, ավելանում է մեծ բեռնատարողությամբ մեքենաների թիվը։ Տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում զորամասում ավելացել է վերանորոգման ստորաբաժանումը։ Այսօր մենք ունենք մեր բանակի թիկունքային՝ պարենային, իրային եւ վառելիքաքսուքային ծառայությունների տեխնիկական միջոցները լիարժեք վերանորոգելու, շարք վերադարձնելու բոլոր հնարավորությունները եւ անհրաժեշտ տեխնիկական միջոցները։ Թիկունքային տեխնիկայի վերանորոգումն այլեւս մեր պարտականությունների կարեւոր մասերից մեկն է։ Աչքով չտամ, զորամասը անթերի է կատարում պլանային առաջադրանքները, ինչի համար կուզենայի շնորհակալական խոսք ասել ողջ անձնակազմին։ Ընդգծեմ ավագ սպաներին. նրանք կարողանում են ճիշտ կազմակերպել աշխատանքը, ինչով էլ նպաստում են մեր ծառայության որակի բարձրացմանը։ Ուզում եմ տալ զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Հրայր Վարդանյանի անունը։ Կուզենայի բարի խոսք ասել փոխգնդապետ Թոմաս Աբրահամյանի մասին, որի աշխատանքի արդյունքում մեր տեխնիկան միշտ սարքին վիճակում է, պատրաստ մարտական առաջադրանք կատարելու։ Գոհունակության խոսք եմ ուզում ասել նաեւ մեր նոր համալրման՝ երիտասարդ սպաներ Իգոր Առուստամյանի եւ Սուրեն Ղազարյանի մասին։ Մի խոսքով, մենք զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով եւ ձգտում ենք հետ չմնալ ամենօրյա աշխատանքային պլանից։
♦♦♦
Երբ հանդիպեցի զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Հրայր Վարդանյանին, հիշեցի հրամանատարի խոսքերը. «Նա բարձր նկարագրի տեր մարդ է ու փորձառու զինվորական։ Զորամասում տիրող բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի համար ես ամենից շատ հենց նրան եմ պարտական»։ Ընդամենը մի քանի րոպե, եւ դու համոզվում ես, թե հրամանատարը որքան լավ է ճանաչում ծառայակից ընկերներին եւ որքան դիպուկ է բնորոշում նրանց մարդկային ու մասնագիտական որակները։
Փոխգնդապետ Վարդանյանը զինվորականի ուսադիրներով, ինչպես ասում են, աշխարհը ոտի տակ տված մարդ է։ Զինվորականի կյանքը նրան հասցրել է մինչեւ Հեռավոր Արեւելք, նույնիսկ ավելի հեռու՝ Սախալին, Կուրիլյան կղզիներ… Հայտնի չէ, թե նա ուրիշ ինչ հեռավոր ճանապարհներ ոտնակոխ կաներ, եթե Հայաստանում չսկսվեր ազատագրական շարժումը։
-Իմ ամբողջ հարազատությունն ու բարեկամները Ադրբեջանում էին ապրում. ես չէի կարող Հեռավոր Արեւելքում ինձ համար հանգիստ նստել։ Եվ վերադարձա։ Հեշտ է ասել՝ վերադարձա։ Ո՞վ էր թողնողը։ Հավատացեք, մինչեւ փոխնախարար միջնորդել են, որ ինձ Հայաստան տեղափոխվելու թույլտվություն տան։ Ես իմ համառության շնորհիվ կարողացա տուն դառնալու իրավունք ստանալ։ Եկա, տեղավորվեցի զինկոմիսարիատում որպես զինկոմի տեղակալ եւ անմիջապես էլ ակտիվորեն ներգրավվեցի կամավորական ջոկատների կազմավորման եւ ձեւավորման գործում։ Հատկապես դժվարին էին եռամսյա հավաքները. այն ժամանակ դրանք զինկոմիսարիատի աշխատակիցներիցս մեծ ջանքեր, աշխատանք ու լարում էին պահանջում։ Այդ եռամսյա հավաքների մասնակիցներից կազմված մի խումբ ուղեկցեցի 5-րդ կամավորական բրիգադ ու ինքս էլ մնացի՝ կռվելու։ Ստանձնեցի Վեդիի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարությունը։ Այդտեղ էր, որ ամենից շատ ինձ պետք եկան իմ պրոֆեսիոնալ հմտությունները։ Հուսալի խրամատավորում, հուսալի կապ պահակակետերի միջեւ։ Սրանք առաջնային խնդիրներ էին անձնակազմի կյանքը, անվտանգությունն ապահովելու համար։ Այդպես էլ եղավ. բարեբախտաբար, մենք ոչ մի կորուստ չունեցանք, վտանգներն ու փորձանքները շրջանցեցին իմ տղաներին։ Իհարկե, այն ժամանակ շատ դժվար էր կամավորականների հետ աշխատելը, բայց իմ կարծիքով՝ փորձառու հրամանատարը անպայման լեզու է գտնում բոլորի հետ։ Պատերազմի օրերին ինձ շատ օգնեցին Սիմֆերոպոլի ռազմաքաղաքական բարձրագույն ուսումնարանում ստացած իմ գիտելիքները։
Փոխգնդապետ Հրայր Վարդանյանը ծնվել է Կիրովաբադ քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու որդի, որոնք նրա պարծանքն են, ի դեպ, երկուսն էլ՝ զինվորական։ Նրանք ծառայում են հայոց բանակում, սպաներ են, ավագ լեյտենանտի կոչումով։
-Ես նրանց ընդամենը մի հայրական խրատ եմ տվել,- ասում է փոխգնդապետը,- եթե սպա եք, առավել եւս՝ հրամանատար, ապա պետք է ձեր ենթակաների աչքում հարգանք ունենաք։ Եթե զինվորները չհարգեցին ձեզ, ուրեմն թողեք ծառայությունը, ուրիշ բանով զբաղվեք՝ պատ շարեք, առեւտուր արեք, ինչ կուզեք… Միայն ենթակաների հարգանքը վայելող սպան կարող է հաջողությունների հասնել։ Իմ տղաները բարեբախտաբար, կարծես թե, ականջի ետեւ չեն գցել իրենց հոր խրատը։ Վերջերս գնացի նրանց մոտ, զրուցեցի դիվիզիոնի հրամանատարի հետ։ Հրամանատարը գոհ էր։ Թեթեւ սրտով տուն վերադարձա։ Ես հիմա իմ վաղվա օրը միայն նրանց հետ եմ կապում… Ընդհանրապես, մեր տոհմի տղամարդիկ սիրել եւ միշտ կապված են եղել զինվորական ծառայությանը։ Եղբայրներս ծառայում են մեր բանակում, մասնակցել են Արցախյան հերոսամարտին, կռվել են առաջին օրվանից մինչեւ վերջ։ Պապերս կռվել են Հայրենական մեծ պատերազմում։ Մայրական պապիս հինգ եղբայրները գնացել են պատերազմ, եւ նրանցից ոչ մեկը տուն չի վերադարձել։ Այսպիսին է եղել մեր տոհմի անցյալը, բայց ես նայում եմ առաջ, իսկ առջեւում իմ տղաներն են՝ հայոց բանակի սպաները։
♦♦♦
Հաճելի է բանիմաց, իր գործին նվիրված, կիրթ մարդու հետ զրուցելը։ Փոխգնդապետ Վարդանյանը սակայն տպավորություն է գործում նաեւ իր մարդկային վերաբերմունքի ջերմությամբ, ինչի շնորհիվ զրույցը դառնում է անկեղծ, անկաշկանդ ու մտերմիկ։ Եվ դու հավատում ես նման մարդու ամեն խոսքին, հավատում ես նրա փորձառությանը, հավատում ես, որ քո բանակն ուժեղ է եւ գտնվում է հուսալի ձեռքերում։ Ու ինչքան լավ է, որ նման սպաները քիչ չեն։ Ահա, օրինակ, մայոր Արմեն Առաքելյանը, որ ներկա էր մեր զրույցին։ Եվ եթե չլիներ իմ ընդգծված հետաքրքրասիրությունը, թերեւս այդպես էլ չիմանայի, որ այդ համեստ ու զուսպ անձնավորությունը հարգանքի արժանի կենսագրություն ունի եւ անուրանալի վաստակ՝ զորամասի կայացման գործում։ Ավարտել է Սեւաստոպոլի ռազմածովային ինժեներական բարձրագույն դպրոցը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։ Երկար տարիներ ծառայել է հյուսիսային նավատորմում, ատոմային սուզանավերով ակոսել Հյուսիսային եւ Ատլանտյան օվկիանոսների ջրերը։ Թերեւս ուրիշ ընթացք ունենար նաեւ նրա կենսագրությունը, եթե չպայթեր Արցախյան պատերազմը։
-1992-ից ծառայության եմ անցել ավտոմոբիլային գումարտակում, որը տեղավորված էր Բալահովիտում։ Մեր զորամասը դեռ նոր-նոր էր ձեւավորվում։ Մենք՝ այն ժամանակ դեռ երիտասարդ սպաներ, մի խնդիր ունեինք՝ պահպանել եղած ավտոմոբիլային տեխնիկան, որն արդեն կիսով չափ թալանված, կիսով չափ անսարք վիճակում էր։ Պատերազմ էր, եւ ամեն միավոր տեխնիկան ոսկու գին ուներ։ Այդ ժամանակից էլ արդեն սկսվեց նյութական միջոցների առբերումը պատերազմական տարածք։ Որքան բան է փոխվել այս տարիների ընթացքում։ Հիմա մեր զորամասը համալրված է ժամանակակից տեխնիկայով եւ ամեն օր հսկայածավալ աշխատանք է իրականացնում։ Ի դեպ, աշխատանքները կատարվում են հստակորեն, ժամանակին, թիկունքի վարչության ծառայությունների պլաններին համապատասխան։ Այո՛, շատ բան է փոխվել. բանակի հզորացման հետ մեծացել են նաեւ մեր ծառայությունների ծավալները, զուգահեռաբար՝ պատասխանատվությունը…
Մայոր Առաքելյանը զորամասի փորձառու սպաներից է, փորձառություն, որը ձեռք է բերել ինչպես պատերազմական օրերին, այնպես էլ խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի ընթացքում։
-Քսանհինգ տարի արդեն բանակում եմ։ Զինվորականի արդար վաստակով երկու տղա եմ մեծացրել։ Ապրում եմ իմ հայրական տանը՝ Բալահովիտում։ Ծառայելով, ինչ խոսք, չեմ հարստացել, բայց ձեռք եմ բերել պատիվ, արժանապատվություն, հարգանք եւ հանգիստ խղճով ապրելու իրավունք։
Զորամասի ու նրա հրաշալի մարդկանց հրաժեշտ տալուց առաջ, հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Հրայր Վարդանյանը մեզ ծանոթացնում է նաեւ վերանորոգման-վերականգնման գումարտակի անձնակազմի հետ։
-Մեր գումարտակի խնդիրը ունեցվածքին նոր կյանք հաղորդելն է,- իրենց աշխատանքն է ներկայացնում գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ժիրայր Ավետիսյանը։ -Մեր արտադրամասերում կատարվում են դաշտային ախտահանիչ բաղնիք-կցորդների վերականգնման աշխատանքները։ Արհեստանոցներից մեկում երկրորդական հումքից՝ կարվում են բանակին անհրաժեշտ պարագաներ, որոնք վարպետ դերձակներ Անահիտ Գալստյանի եւ Հասմիկ Գեղամյանի շնորհիվ ոչնչով չեն տարբերվում նորերից, ինչը ԶՈՒ մասշտաբով, նյութական միջոցների բավականին մեծ խնայողություն է։
Ահա եւ անցնում ենք պողպատե սաղավարտների վերականգնման արտադրամասի մոտով։ Բոլորն իրենց աշխատանքով են զբաղված՝ հենց այնպես, պարապ կանգնած մարդ չես գտնի։ Զորամասն ապրում է իր ամենօրյա կյանքով, արտաքուստ հանգիստ, անշտապ։ Ուրեմն այստեղ բարձր է աշխատանքային կարգապահությունը, եւ ամեն ինչ ընթանում է նախօրոք կազմված, մշակված ու ճշգրտված պլանային առաջադրանքներին համաձայն։ Իսկ որտեղ կարգապահություն եւ ծրագրավորված աշխատանք, այնտեղ հաջողություն եւ առաջընթաց։

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
մայոր
Լուս.` ՀՈՎՀ.ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ