Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԻ ԴԱՍԵՐԸ



Արցախյան գոյամարտը տվեց հերոսներ, որոնք այսօր դարձել են սերունդներ դաստիարակող կերպարներ: Նոյեմբերի 22-ին լրացավ այդ նվիրյալներից Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 73-ամյակը: Արցախյան շարժման առաջամարտիկը 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նյուվադիի առաջին գրոհին: Հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախյան ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում: 1991 թվականի հունիսին ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը՝ 1992 թվականի հունիսի 21-ը: Հայրենիքի նվիրյալ զավակն այդ օրը Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցին:

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը, որտեղ սովորում է 13 աշակերտ, կոչվում է Լեոնիդ Ազգալդյանի անունով: Հերոսի 73-ամյա տարեդարձի առթիվ, դասղեկ Կարինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, դպրոցի դահլիճում կազմակերպվել էր ցերեկույթ: Դասարանը բաժանվել էր երկու թիմի, որոնք միմյանց հետ մրցեցին ասմունքելով, պարելով, երգելով: Առաջինը կոչվում էր «Լեոնիդ» (թիմի ավագ՝ Մուշեղ Մարտիրոսյան), երկրորդը՝ «Ազգալդյան» (ավագ՝ Նարեկ Մաթևոսյան): Մինչ մրցույթն սկսվելը՝ Արցախի օրհներգի հնչյունների տակ թիմերի ավագները ներս բերեցին մեր երկու հանրապետությունների եռագույնները: Ցերեկույթին ներկա էին դպրոցի ուսուցիչները, աշակերտները, ծնողներ, հյուրեր: Աշակերտների ելույթները գնահատում էին տնօրեն Անահիտ Քոսակյանը, փոխտնօրեն Վարդուհի Հովհաննիսյանը և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Սոնա Դավթյանը: Առաջին երեք մրցույթում թիմերը հավաքեցին հավասար՝ 6-ական միավոր: Այնուհետև աշակերտները պատասխանեցին դասղեկի 20 հարցերին, որոնք վերաբերում էին Լեոնիդի կյանքին ու գործունեությանը: Վերջնական արդյունքում հաղթեց «Լեոնիդ» թիմը: Դպրոցի տնօրենը, շնորհավորելով հաղթող թիմին, կարևորեց նման միջոցառումները սերունդների դաստիարակության գործում:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Բանակ և հասարակություն


03/12/2015