Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՅԻՍԻ 9-Ը ԱՅՆԹԱՊՈՒՄ
ՄԱՅԻՍԻ 9-Ը ԱՅՆԹԱՊՈՒՄ

Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում 180 զոհվածների եւ արցախյան մարտերում ընկածների հուշարձանների մոտ էին հավաքվել Արարատի մարզի Այնթապ գյուղի հասարակությունը, գյուղ, որ ունի տասը հազարից ավելի բնակչություն։ Հայոց հիմնի հնչյունների տակ բեմ են բարձրանում Հայրենականի շքանշանակիր ու մեդալակիր հերոսները՝ Սերյոժա Դավթյանը, Գրիգոր Ավետիսյանը, Սերյոժա Դանիելյանը, Հայկ Աֆրիկյանը, Զոհրաբ Մարտիրոսյանը։ Խոսք է տրվում գյուղաբնիկ, բազում մարտերով անցած գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանին. «Կարոտը մեծ է, հաղթանակը մեծ, զույգ հուշարձան կոթողները մեր զոհվածների հավերժի փառքն են, մեր թանկագին սրբությունները։ Հայի սիրտը մաքուր է ու ազնիվ, բայց վտանգի պահին նա անհաղթ սուր է։ Մեր բանակը հզոր է եւ պատրաստ ամեն մի ոտնձգության»։ Իրենց սրտագին խոսքն են ասում Հայրենականի վետերան Գրիգոր Ավետիսյանը եւ արցախյան կռիվների մասնակից Հովիկ Մուրադյանը։ Իրենց վարպետությունն են ցուցադրում այն դպրոցականները, որոնք տարբեր մարզաձեւերում դարձել են հանրապետության չեմպիոններ։ Հետո բեմ են բարձրանում գյուղի երկու դպրոցների պարի ու ասմունքի խմբերը։ Երգի, երաժշտության հնչյունները տարածվում են գյուղով մեկ եւ հասնում մինչեւ հեռուները։ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Այնթապի մասնաճյուղի ղեկավար Տիգրան Բաբախանյանը կազմակերպության անունից պատվոգրեր է հանձնում Հայրենականի եւ Արցախյան պատերազմի մարտիկներին, դպրոցի տնօրեններ Ալվարդ Սահակյանին եւ Լիլյա Շահբազյանին եւ մի շարք շնորհալի դպրոցականների։ Հավաքվածները շնորհավորում են նաեւ մարտիկ, մանկավարժ Շիրակ Մուրադյանի ծննդյան տարեդարձը։ Այնթապի համայնքապետ Կարեն Սարգսյանը պարգեւատրում է Արցախյան եւ Հայրենական պատերազմներում ընկած հերոսների ընտանիքներին։
Միջոցառումը մեծ խնդություն պարգեւեց բոլորին եւ հպարտություն՝ իրենց հերոս զավակների, հայրերի համար։ Նմանատիպ միջոցառումները միաժամանակ հայրենասիրական անմոռաց դասեր են մատաղ սերնդի համար։

ՀԱՅԿԱԶ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ