Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅԳԵԿՈՒԹԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ



Բերդավան համայնքն ունի 860 տնտեսություն և 3600 բնակիչ: Մեծությամբ ու բնակչության թվով Նոյեմբերյանի երկրորդ գյուղն է Կողբից հետո: Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 348 աշակերտ, իսկ մանկապարտեզի սաների թիվը 120 է: Գյուղը գազաֆիկացված ու էլեկտրաֆիկացված է, իսկ երեք տարի առաջ վերջնականապես լուծվել է խմելու ջրի խնդիրը:

Համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանի աշխատասենյակում եմ: Մինչ զրույցն սկսելը ուշադրությունս գրավեց գյուղապետի աշխատասենյակի անկյունում, փայտե սեղանի վրա դրված պարսպապատ բերդի փոքրիկ մակետը՝ վրան տարբեր տրամաչափի արկերի բեկորներ:

-Մեր գյուղի բերդի մակետն է,- կարծես կռահելով հարցս, ասաց գյուղապետն ու շարունակեց,- իսկ վրայի «երկաթներն» էլ սեպտեմբերի 24-ին ու 25-ին թշնամու հրետանային կայանքներից գյուղի վրա արձակված արկերինն են:

♦♦♦

Մոտավորապես երեք հարյուր տարի առաջ գյուղը զբաղեցրել է այս հինավուրց ու պատմական բերդի տարածքը: Խմելու և ոռոգման ջրի պատճառով մարդիկ աստիճանաբար տեղափոխվել են իրենց այգիների կողմը, այսինքն՝ գյուղի ներկայիս տարածք, որտեղ և՛ ջուրն է առատ եղել, և՛ միջատներն ու սողունները քիչ: Ահա այսպես շենացել է տարածքը և բերդի անունով էլ կոչվել Բերդավան:

♦♦♦

-Մեր հիշողության մեջ դեռևս թարմ է Բերդավանի վերջին հրետակոծությունը… Այդ մղձավանջից անցել է մեկ ամիս ու ավելի ժամանակ, սակայն հետևանքները դեռ երևում են ամեն քայլափոխի, մարդկանց դեմքերից, խոսք ու զրույցից: Ինչպես է բնակչության տրամադրությունը ներկա պահին:

-Բերդավանը կամաց-կամաց բուժում է իր վերքերը, թեպետ սեպտեմբերյան մղձավանջը չի լինում մոռանալ: Բերդավանցին կամքով արի է, ուժեղ, նրան կոտրել հնարավոր չէ: Հրետակոծությունների հետևանքով գյուղն ունեցավ երկու զոհ, մի քանի վիրավոր, տասնյակ երեխաներ հայտնվեցին հոգեկան ծանր վիճակում:

-Իսկ սահմանային լարվածության պատճառով համայնքից հեռացողներ կա՞ն:

-Գյուղի միջնակարգ դպրոցն ու երաժշտական դպրոցը, մանկապարտեզը բնականոն աշխատում են, իսկ գյուղացիներն էլ անտեսելով ամեն տեսակի վտանգ` խաղող են հավաքում: Հարցին պատասխանեմ՝ առհասարակ չկան: Մի քանի ընտանիք տեղափոխվել են ՌԴ` աշխատանքի: Իսկ կրակոցների պատճառով՝ ո՛չ: Բերդավանցիների գլխով առավել ծանր բաներ են անցել. 1992 թվականի դեկտեմբերի 28-ը, 1993 թվականի փետրվարի 6-ը, երբ գյուղը հրետակոծվոց «Գրադ» կայանքներից…

Այնուամենայնիվ, ցավալի է, որ կրակոցների նկատմամբ անտարբեր են դարձել մեր երեխաներն ու կանայք: Մեկ էլ նկատում եմ, որ գյուղի վրա կրակելու պահին երեխաները գնդակը վերցրած գնում են ֆուտբոլ խաղալու, իսկ մի երիտասարդ հարս էլ շտապում է խանութ…

-Իսկ ի՞նչ կասեք ապաստարանների մասին. հասցրե՞լ եք ապահովել բնակչության անվտանգությունը:

-Նախ ուզում եմ անձամբ իմ և ամբողջ համայնքի անունից խորին երախտագիտությունս հայտնել մեր զորամասի հրամանատարությանը, որի նախաձեռնությամբ ու ուժերով կառուցվեց գյուղի մանկապարտեզի ապաստարանը, եւ մեր փոքրիկներն այսօր պաշտպանված են: Իսկ դպրոցի նկուղային հարկը վերածել ենք ապաստարանի. ապահովել ենք լուսավորությամբ, գործում է օդափոխության համակարգը, ջրի հարցը լուծված է: Առհասարակ սահմանամերձ բնակավայրերում ապաստարանին լիարժեքորեն փոխարինում են տների նկուղային հարկերը: Համարյա բոլոր տներն էլ նկուղ ունեն: Ապաստարանների խնդիր չունենք. այս հարցը քննարկվել է համայնքի ակտիվի, ավագանու կողմից:

-Կառավարությունը բավականին թեթևացրել է սահմանամերձ բնակավայրի բնակչության հոգսերը. դա որքանո՞վ է զգալի բերդավանցու համար:

– Այո՛, գյուղն ազատված է հողի հարկից, գործող մանր բիզնեսն էլ է հարկերից ազատվել, այո՛, այս տարվանից սկսած՝ պետական բուհերում սովորող ուսանողների համար կառավարության որոշմամբ կկիրառվեն ուսման վճարի զեղչեր (քիչ օգնություն չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մեր գյուղը կրթական մակարդակով մարզի առաջատարներից է. այս տարի պետական բուհերում սովորող 107 ուսանող ունենք), այո՛, ավելացել է գյուղի, գյուղացու բյուջեն, սակայն պետության նման քայլերը, պետության ուշադրությունը շատ ավելի բարոյահոգեբանական նշանակություն ունեն՝ մենք մենակ չենք, մեր մեջքին պետությունն է կանգնած: Այդ վերաբերմունքը է՛լ ավելի է ամրացնում սահմանամերձ բնակավայրերի գյուղացիներիս կամքն ու տոկունությունը:

Այս ամենով հանդերձ, Բերդավանն ունի նաև բազում չլուծված խնդիրներ՝ ոռոգման ջրի խնդիր, գյուղամիջյան անմխիթար ճանապարհների… Գյուղապատկան 4000 հա հողերից այսօր Դեբեդից սնուցվող ոռոգման գծով ոռոգվում է միայն 300-ից 400 հեկտարը… Սակայն հարցերի հարցը թշնամու ուղիղ նշանառության տակ ապրող ու արարող գյուղի անվտանգությունն է…

«Ի՞նչ անել, ինչպե՞ս անել»,- հռետորական հարց է տալիս գյուղապետ Արարատ Գաբրիելյանն ու ինքն էլ պատասխանում.

-Մինչև թշնամու դիրքերն այնքան չհեռացնենք մեր դիրքերից, որ մեր բնակավայրերը նրանց հրետանային կայանքների համար անհասանելի դառնան, մենք հանգիստ չենք ունենա:

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #45 (1114) 19.11.2015 - 25.11.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


19/11/2015