Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵՄՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԼԵԳԵՆԴՆ Է



Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում համերգներով հանդես եկավ ՌԴ բանակի Ալեքսանդրովի անվան երգի եւ պարի ակադեմիական համույթը: Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում ելույթ ունեցան համույթի մենակատարները, «Ալեքսանդրով պարկ» էստրադային խմբի անդամները: Հատկապես տպավորիչ էր ՌԴ վաստակավոր արտիստ, ալեքսանդրովյան լեգենդ Վասիլի Շտեֆուցայի կատարումը: Շտեֆուցան 80 տարեկան է, որից 50 տարին՝ համույթում: Այսօր էլ իր հզոր ձայնով նա ցնցում է դահլիճը, ցույց տալիս, թե ինչպես կարող է երգել «զինվորական պապիկը»:

Ջերմ ընդունելության արժանացան երգիչների հայերեն կատարումները: Համույթում ձեւավորված ավանդույթի համաձայն՝ բոլոր արտասահմանյան շրջագայությունների ժամանակ մասնակիցներն անպայման երգում են տվյալ երկրի լեզվով:

Հավելենք, որ ալեքսանդրովցիները համերգներով հանդես եկան նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար:

Ալեքսանդրովի անվան համույթը Ռուսաստանի ամենամեծ զինվորական գեղարվեստական կոլեկտիվն է: Այն արդեն 87 տարեկան է: Համույթի հիմնադիր Ալեքսանդր Ալեքսանդրովի գործերից մեկը 1944թ. դարձել է ԽՍՀՄ, իսկ 2000թ.՝ Ռուսաստանի Դաշնության հիմնը: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին անսամբլը ավելի քան 1400 համերգ է տվել, որից 742-ը՝ առաջնագծում: Այժմ խմբի համերգային ծրագրում ավելի քան 2000 ստեղծագործություն կա՝ ազգային երգեր եւ պարեր, դասական ստեղծագործություններ, զինվորական երգեր: Համաշխարհային ճանաչում ունեցող երգերը հաճախ ներկայացվում են նոր, ժամանակակից մշակմամբ:

Ալեքսանդրովի անվան համույթը Ռուսաստանի այցեքարտերից մեկն է: Այն երաժշտության լեզվով մշակույթ է տարածում, նպաստում տարբեր ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը:

Ա. ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #44 (1113) 12.11.2015 - 18.11.2015, Հոգևոր-մշակութային


12/11/2015