Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ ԵՂԲՈՐՍ



Հանրապետությունում մեկնարկում է ձմեռային զորակոչը: Նորակոչիկները պատրաստվում են ծառայության: Որպես նախկին նորակոչիկ ու հետո նախկին զինվոր, պատկերացնում եմ նրանց մտքերը, ապրումները՝ ո՞ւր եմ գնալու, ի՞նչ զորամաս, որտե՞ղ, ո՞վ է լինելու հրամանատարս, երկո՜ւ տարի…

Հիմա ես հպարտությամբ եմ հիշում ծառայությանս այդ երկու տարին: Իհարկե, ինձ հնարավորություն չընձեռվեց հերոսանալ թեժ մարտերում, սակայն, այնուամենայնիվ, ես գիտակցում էի պատասխանատվության այն աստիճանը, որն իմ ուսերին էր դրված: Հպարտություն է գիտակցել, որ մի ամբողջ ազգի պաշտպանությունը նաև քեզ է վստահված: Կուզեի, որ դու ևս զգայիր դա քո ուսերին, եղբա՛յրս…

Ձմեռ է գալիս, գիտեմ՝ ձեռքերդ կմրսեն, գիտեմ՝ ամեն րոպե կկարոտես ձեր տաք տունը, ձերոնց, բայց, վստահ եմ, որ հենց մտածեցիր քո սուրբ առաքելության մասին՝ անսահման կարոտդ կփոխակերպվի ամուր համբերության, և սառած ձեռքերդ էլ հաստատ կտաքանան:

Մի անգամ իմ սիրելի փոխգնդապետ Ղազարյանը հենակետի դիտորդին հարցրեց, թե՝ ով է նա, և զինվորը խոր շունչ քաշելով՝ թվարկեց իր ստորաբաժանումները՝ սկսած գումարտակից վերջացրած ջոկով և նշեց զինվորական հաստիքը: Փոխգնդապետ Ղազարյանը սակայն չբավարարվեց պատասխանով: Զինվորը շուտ իրեն ուղղեց և ասաց, որ ինքը տվյալ հենակետի դիտորդ այսինչն է: Այդ պատասխանից էլ չգոհացած՝ փոխգնդապետն ասաց. «Տղա՛ս, դու քո թիկունքում խաղաղ ննջող այս հինավուրց ազգի պահապան հրեշտակն ես»: Հրամանատարիս այդ խոսքերը այնքա՜ն մարդկային էին, այնքա՜ն ճշմարիտ, որ դաջվել են իմ սրտում, և ես դրանք երբեք չեմ մոռանա: Կուզեի, որ դու էլ հիշեիր՝ զինվորը պարզապես ժամկետային ծառայող չէ, այլ իր ժողովրդի պահապան հրեշտակը:

Հիշիր, թե մանուկ հասակում զինվոր տեսնելիս ինչ էիր զգում: Ակամայից քեզ պաշտպանված զգալով՝ քո առջև տեսնում էիր ամրակազմ մի տղամարդու, որը պատկառանք էր ներշնչում: Ազատ արձակում դուրս գալիս մի պահ քեզ նայիր անցորդ փոքրիկի աչքերով և կզգաս այն հմայքն ու նաև պատասխանատվությունը, որը քեզ տալիս է զինվորականի զգեստը: Դու պարտավոր ես այդ փոքրիկի առաջ, դու պարտավոր ես լինել այնպիսին, ինչպիսին նա է քեզ տեսնում՝ բարձր, վեհ, ուժեղ, արդար:

Ի վերջո, ծառայությունը լայն իմաստով մարտական պատրաստության գործընթաց է, որը կոփում է տղային և դարձնում տղամարդ… Դժվարություններից ընկճվել պետք չէ, ընդհակառակը, փորձիր դրանք պատվով հաղթահարել և ընդունիր դրանք որպես ինքնակատարելագործման գործընթաց: Երևույթները երբեք մի դիտիր ուրիշի տեսանկյունից: Փորձիր ամեն ինչի մեջ դրականը տեսնել:

Հիմա, այս օրերին, հայ զինվորի ամեն մի վայրկյանը հերոսություն է, և դա միայն իմ կարծիքը չէ: Ձեզ երբե՜ք չեն մոռանում, ձեր կենացը երբեք չի անտեսվում, ձեզ համար աղոթքները երբեք չեն լռում: Դուք հերոսներ եք. ահա հայրենիքի զինվորի ձեր կոչման գնահատականը…

Ծովակ ՈՍԿԱՆՅԱՆ

Խորագիր՝ #44 (1113) 12.11.2015 - 18.11.2015, Բանակ և հասարակություն


11/11/2015