Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ո՜ՆՑ ԿԾԱՌԱՅԵԻ…



Պատերազմի պատճառով մանկությունս որբանոցներում անցավ` Կոնդի ընդունման կայան, Փամբակի մանկատուն, հետո՝ Գորիս…

Որբանոցի սաներով օգնում էինք պատերազմում զոհվածների եւ ռազմաճակատում գտնվողների ընտանիքներին, փորում էինք նրանց հողը, կարտոֆիլ հավաքում, ջուր բերում… Աղջիկներն էլ մեզ հավասար աշխատում էին, գիշերներն էլ ճակատում կռվողների համար գուլպա, ձեռնոց գործում: Գործածների մեջ տեղավորում էին իրենց անուն-ազգանունով մի նամակ՝ «Մենք հավատում ենք, որ դուք շուտով կհաղթեք, կվերադառնաք ու մանկատնից մեզ տուն կտանեք»: Մեծ ու փոքր մի բան էինք ուզում՝ հաղթանակ:

Պատերազմն ավարտվեց, հաղթանակից հետո շատ ծնողներ եկան իրենց զավակներին տուն տանելու: Ամեն անծանոթի մանկատուն մտնելուց հավատում էի, որ այս անգամ իմ հետեւից են եկել:

Չէ՛, չեկան…

Դժվար մեծացա, թե որբի համար ինչքան դժվարություններ կան աշխարհում, միայն որբության ցավը ճաշակածը ինձ կհասկանա…

Պատերազմից հետո կյանքն ընկավ իր հունի մեջ… Ստեղծեցին, ցանեցին, ծաղկեցրին պատերազմից ավերված երկիրը…

Եկավ ծառայության գնալու ժամանակը: Երեք տարի ծառայել եմ խորհրդային բանակում, սկզբում շատ դժվար էր, վեճեր էին լինում տարբեր ազգերի զինվորների միջեւ, բայց շուտով ամեն ինչ հարթվեց, ազգային խտրականությունը վերացավ, ու դարձանք եղբոր նման հարազատ ու ջերմ: Ծառայել եմ բելառուսական Վիտեբսկ քաղաքում, պարաշյուտիստ էի… Բարդ էր, բայց ընտելացա, միշտ կազմ ու պատրաստ եմ եղել բոլոր թռիչքների ժամանակ, գիշեր լիներ, թե ցերեկ:

Մեկ տարի ծառայելուց հետո ծովային ծառայողների ծառայության ժամկետը կրճատելու պատճառով ինձ տեղափոխեցին Բալթիսկ՝ ռազմածովային ուժեր: Այստեղ էլ շուտ հաղթահարեցի ծովային ծառայության բոլոր դժվարությունները՝ աշխատելով բարձր պահել հայ ազգի պատիվը:

Լավ ծառայեցի, պատվով, նամուսով: Լավ ծառայելուս համար նամակ էին ուղարկել հայրենիք՝ շնորհակալություն հայտնել: Երբ բանակից արձակուրդ եկա, ինձ Լենինի հատորներով պարգեւատրեցին: Հիշում եմ, անգամ կատակեցին, թե Գրիգորյանին մինչեւ կյանքի վերջ կբավականացնի կարդալու համար…

Երբ Հայաստանում պատերազմ սկսվեց, սիրտս նորից կտոր-կտոր եղավ, հիշեցի որբ մանկությունս, ամենաշատը հոգիս տակնուվրա էր լինում որբացած երեխեքի համար….

Մեր բանակի կազմավորումը ինձ աշխարհի չափ ուրախացրեց:

Թոռներիս ուրիշ հպարտությամբ բանակ ճանապարհեցի: Գոհ եմ, պատիվս բարձր պահեցին՝ լավ ծառայեցին, պապից հետ չմնացին իրենց օրինակելի ծառայությամբ:

87 տարեկան եմ, էս տարիքս մի քիչ նեղում է… Ջահելությունը լավ բան է… Կհավատա՞ք, կուզեի մեկ անգամ էլ ջահելանալ, և գիտե՞ք ինչու՝ մեր ազգային բանակում ծառայելու համար… Ո՜նց կծառայեի…

Ցոլակ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #44 (1113) 12.11.2015 - 18.11.2015, Բանակ և հասարակություն


11/11/2015