Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐ
ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐ

…Նոյեմբերի 1-ն է՝ հերոսի ծննդյան օրը: Թերթում եմ Մարզպետին նվիրված հուշալբոմը, որն այնքան խնամքով, այնքան սիրով ու հոգատարությամբ պատրաստել կազմել է դասղեկ Գոհար Սաֆարյանը և նվիրել հերոսի մորը՝ Անժիկ մայրիկին: Նրանք երկար տարիներ նույն դպրոցում են աշխատել: Տիկին Անժիկը եղել է դպրոցի պարի ուսուցչուհին: Հուշալբոմում լուսանկարներ են` Մարզպետը մանկության տարիներին, զինվորական հագուստով, ընկերների, ուսուցիչների հետ… Կա նաև Մարզպետի ինքնակենսագրականը. «Ես` Մարզպետ Միքայելի Հակոբյանս, ծնվել եմ 1980թ. Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում, ծառայողի ընտանիքում: Հայրս` Միքայել Հակոբյանը, առևտրի աշխատող է, մայրս` Անժիկ Հակոբյանը` ուսուցչուհի: Սովորել եմ մեր գյուղի Մուշեղ Գալշոյանի անվան միջնակարգ դպրոցում: Սիրել եմ հումանիտար առարկաները` գրականություն, հայոց պատմություն»:

Այսքանը: Նրա կյանքի պատմությունը լրացնում են մյուսները՝ հարազատները, մտերիմները, ընկերները…

Ահա նրա համադասարանցու՝ Արտյոմի հուշը. «Դասարանում բոլորս վիճում էինք. «Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բա՞ռ պիտի լինի, թե՞ բար: Մեկն ասաց, որ Հայաստանի բերք ու բարիքից, խաղողից ու խնձորից համով ուրիշ ոչ մի տեղ չկա, մյուսը` մեր երկրում ամեն, ամեն ինչ համով է և այլն: Մարզպետը լսեց, լսեց ու ասաց իր հեղինակավոր խոսքը. «Արևի երկիր Հայաստանում ամենահամովը մեր լեզուն է, ամենաանուշը` հայ բառը, և արտասանեց.

-Գեղեցիկ լեզու, հրաշալի լեզու,

Այդ ինչպես քաղցր հնչում ես ինձ դու»:

Եվ հիշում են Մարզպետին, որը հարեհաս է եղել բոլորին, ինչպես հարևաններին գյուղում, այնպես էլ ծառայության ընթացքում իր զինվոր ընկերներին:

Հուշեր, հուշեր, հուշեր, և Մարզպետի ծննդյան օրը դառնում է նրա ոգեկոչման օր:

Մարզպետը զոհվեց 2000 թվականի հունվարի 8-ին Արցախի Մարտակերտի շրջանում` մարտական հերթապահության ժամանակ, երբ փոխարինում էր իր զինվոր ընկերներին, որ չցրտահարվեն: Եվ ինչպես Մարզպետի ծննդյան օրվա մասնակիցներն էին ասում, եղբայրները` Մխիթարն ու Ղուկասը, դասղեկ Գոհար Սաֆարյանը, նրա ազատամարտիկ որդին` Արայիկը, և Արագած Մկրտչյանը. «Մարզպետը չզոհվեց Արցախում, Մարզպետը ծնվե՛ց Արցախում»:

Եվ ժամանակը դա է վկայում-հավաստում, որովհետև ժամանակի ընթացքում նրա տապանաքարը նույնպես կծաղկի…

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ