Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԵՆՔ ԱՎԱՐՏԵԼ 20-ՐԴ ԴԱՐԸ
ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԵՆՔ ԱՎԱՐՏԵԼ 20-ՐԴ ԴԱՐԸ

Լույս է տեսել Ասլան Ասլանյանի «Սայիադ-Նովա» աշխատությունը, որը հեղինակի շուրջ 40 տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է։ Չհավակնելով գնահատել Ասլան Ասլանյանի գրականագիտական վաստակն ու ներդրումը սայաթնովայագիտության մեջ, նպատակ ունենք այս զրույցի շրջանակում ներկայացնելու Ասլան Ասլանյան հայի, ազգի ու պետության հոգսերով ապրող քաղաքացու, հարազատ ժողովրդի մշակութային ու հոգևոր ժառանգությունը կրող մտավորականի խոհերն ու մտորումները։

-Պարոն Ասլանյան, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը Ձեր ծննդավայրն է։ Ինչպե՞ս է ապրում այսօր չինարեցին, թոթափե՞լ է պատերազմի մղձավանջը…
-Պատերազմից հետո Չինարիում ոչ մի անվնաս, «չխփված» տուն չկար, ոչ մի գերդաստան չկար, որ զոհ չունենար։ Բայց ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հաղթանակից հետո ոչ ոք չլքեց Չինարին, գյուղից մարդ չպակասեց արտագաղթի պատճառով, չինարեցին ապրեց ոսոխի կողքին՝ վտանգն աչքի առաջ, իր որդուն դեռ բարուրից սովորեցրեց չվախենալ թշնամուց, հավատացրեց, որ ինքն ուժեղ է, ու ոչ ոք չի կարող հաղթել իրեն։
-Խորհրդային տարիներին Դուք հարեւանություն-բարեկամություն եք արել ադրբեջանցիների հետ, լավ գիտեք միմյանց ուժեղ եւ թույլ կողմերը, բնավորությունը։
-Հարեւան ադրբեջանցիները ապրում են մեր պապական հողերի վրա՝ պատմական Ուտյաց աշխարհի Տավշո գավառում, ու մեր հարաբերությունները երբեք չէին կարող բարեկամական լինել մեր պատմական տարածքները սեփականացրած եղեռնագործ թուրքերի ժառանգ ադրբեջանցիների հետ։ Մենք ստիպված էինք հանդուրժել թուրքերին, բայց բոլորս էլ գիտեինք, որ թուրքը մնում է թուրք։ Գիտեինք արյամբ, գենի հիշողությամբ, մեր պապերի ու հայրերի խրատներից։
Թուրքերը իրենց բնութագրող շատ դիպուկ ասացվածք ունեն. «Այն ձեռքը, որ չես կարող կտրել, համբուրիր, դիր գլխիդ»։ Մենք ապրում ենք գիշատչի հոգեբանությամբ տոգորված ազգի հարեւանությամբ ու պետք է միշտ ուժեղ լինենք նրանից թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր կարողություններով, թե՛ մշակույթով, թե՛ հոգու զորությամբ։ Մենք պիտի լինենք այն «ձեռքը», որը թուրքը կհամբուրի ու կդնի իր գլխին։
-Մեր ուժերը միշտ էլ անհավասար են եղել։ Թուրքը շատ է խլել մեզնից։ Աններելիորեն շատ, մենք խոշոր հաշվով ենք պարտվել։ Թուրքը հայրենազրկել է մեզ, կտրել արմատից, բռնազավթել է մեր հայրենիքը՝ մեր տունը, մեր սրբությունները, մեր մշակույթը։ Թուրքը շատ ցավ ու տառապանք է պատճառել մեր ժողովրդին։ Մենք «կտրված ձեռքն» ենք եղել, ոչ թե «գլխին դրված»…
-Մեր եւ թուրքերի միջեւ համեմատության եզր չկա, մենք հակոտնյա գոյեր ենք, անհամատեղելի։ մենք շատ հզոր ենք ու այդ պատճառով էլ միշտ վախ ենք ներշնչել թուրքերին։ Մենք հզոր ենք մեր հազարամյակների կենսագրությամբ, մեր հողի, մեր պատմական հայրենիքի հետ հոգու ու արյան կապվածությամբ։ Մենք հզոր ենք մեր ստեղծած հոգեւոր ու նյութական մշակութով։ Դուք ասացիք, որ մենք պարտվել ենք թուրքերին։ Հրեշավոր սխալ է, մեծ թյուրիմացություն. մենք ընդամենը մի ճակատամարտ տանուլ ենք տվել։ Ժամանակավոր նահանջ է։ Մենք հավերժական ենք այս հողի վրա։ Սա մեր Աստվածատուր հայրենիքն է, իսկ թափառական հողմերը կգան ու կանցնեն։
-Ձեր լավատեսությունը ինքնաթմբիրի մեջ չի՞ գցի մեզ։ Մենք պիտի պայքարենք այս արեւի տակ մեր տեղն ունենալու համար։
-Պարզապես մենք պիտի ճիշտ ապրենք։ Աստված մեզ հայ է ստեղծել, ու մենք պիտի հավատարիմ մնանք մեր հայկականությանը, մեր արմատին, մեր Աստվածատուր կերպին, կերտվածքին։ Պետք է չկտրվենք մեզ սնող ակունքից։
-Ի՞նչ է հայկականությունը, ի՞նչ բաղադրիչներից է կերտված ,եւ ի՞նչ նկարագիր ունի։
-Շատ տարողունակ հարց է՝ մեկ հարցազրույցի համար, բայց ես կփորձեմ առանձնացնել ամենաբնորոշը։ Հայկականությունը առաջին հերթին մենք-ի խորը գիտակցումն ու զգացողությունն է, արյան կապվածությունը երկու հայի միջեւ՝ աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինեն։ Հայկականությունը հայի կենսագրության ժառանգորդը լինելու, իր արմատի խորությունը զգալու կարողությունն է։ Հայկականությունը հայի ավանդական կերպարի, մարդկային փոխհարաբերությունների, բարոյական չափանիշների անկորուստ վերարտադրությունն է սերնդեսերունդ։
-Դուք ներկայացրել եք հայկական բանակում կոչումների անվանափոխության նախագիծ։ Անկախ այն բանից, թե իրավասու անձինք ի՞նչ գնահատական կտան Ձեր առաջարկին, եւ ի՞նչ ճակատագրի կարժանանա այն, ցանկանում եմ հարցնել՝ ինչո՞վ է պայմանավորված զինվորական կոչումները հայկականացնելու Ձեր ցանկությունը։
-Երբ մենք բանակ ունեինք, աշխարհում ո՛չ մայոր կար, ո՛չ լեյտենանտ, ո՛չ կապիտան, ո՛չ էլ գեներալ։ Ինչու՞ կտրվենք սեփական պատմության հազարամյա խորքերից եւ «ինտեգրվենք» օտարի մի քանի հարյուրամյակների պատմությանը։ Բացի դրանից, հայերենը կարող է լիովին արտահայտել յուրաքանչյուր զինվորական կոչման էությունն ու բովանդակությունը, ի տարբերություն «լեյտենանտի» կամ «մայորի»։ Զինվորական կոչումների՝ հայերեն, միայն մեր բանակին հատուկ, «չներմուծված» անվանումների գործածությունը ավելի կշեշտի մեր զինուժի կապը իր փառահեղ անցյալի հետ, կդառնա ազգային արժանապատվության խթան, զինվորին ու սպային կտոգորի անկախ, ինքնիշխան երկրի ազգային բանակի մասնիկը լինելու հպարտությամբ։
-Պարոն Ասլանյան, Դուք բանասիրական կրթություն չունեք, բայց Ձեր ամբողջ կյանքը նվիրաբերել եք Սայաթ-Նովայի կյանքի ու գրական ժառանգության ուսումնասիրությանը, նույնիսկ հակադրվել եք մեծանուն ու տիտղոսավոր գրականագետների։ Ինչպե՞ս «գտաք» Սայաթ-Նովային։
-Իմ հայրը աշուղ էր, մեր կողմերում նրան բոլորն էին ճանաչում ու սիրում, հայրս այսպես էր երգում.
Մասիսը ցավ է, ինձ կէրի,
Ազգս՝ սաղ, ընկած է գերի,
Ասլանով, երբ պիտի ազգդ
Մասիսին գրկի ու ներս բերի…
Հայրս կամավոր գնաց ռազմաճակատ ու հետ եկավ առանց ոտքերի։ Հետո տասնմեկ երեխա ունեցավ։ Այդպես՝ առանց ոտքերի տուն էր կառուցում իր որդիների հետ, քար էր կտրում։ Աննկուն մարդ էր, ուժեղ հոգի ուներ ու ամուր կամք։ Այդպես՝ առանց ոտքերի սազ էր նվագում ու երգում էր։ Նորից Ձեր ասած պարտությունը հիշեցի. հայրս պարտվե՞լ էր։ Նրա երկու ոտքերը չկային, բայց նա տուն էր կառուցում ու երգում էր։ Ինչպես մենք։ Մեզ կտոր-կտոր են արել, մեր հայրենիքը մասնատել են, բայց մենք տուն ենք կառուցում ու երգում ենք։ Մենք գիտենք, որ մեր ժառանգները «Մասիսը գրկելու եւ տուն են բերելու»։ Մենք այսպես ենք «հրամայել» նրանց, ներարկել ենք գենով, արյամբ, մոր կաթի հետ։ Ինչ վերաբերում է Սայաթ-Նովայի հանդեպ մեծ սիրուն ու ակնածանքին, դարձյալ հորս եմ պարտական՝ աշուղ Ասլանովին։
-Ձեր որդին՝ Վարուժան Ասլանյանը, սպա է, ծառայում է զորամասում։ Առիթ լինու՞մ է շփվելու զինվորների հետ, ծանո՞թ եք ներբանակային կենցաղին, փոխհարաբերություններին, մեր զինուժի ձեռքբերումներին ու խնդիրներին։
-Մի անգամ իմ ավտոմեքենայով գնում էի Տավուշ։ Ճանապարհին զինվոր էր կանգնած։ Սովորության համաձայն՝ մեքենան արգելակեցի, որ զինվորին էլ վերցնեմ։ Պարզվեց՝ մեր կողմերի տղա է, որդի է ունեցել, գնում է նորածին զավակին տեսնելու։ Ասել-խոսելով ճանապարհի կեսն անցել էինք, հանկարծ միտք ծագեց, ասացի. «Ձեր զորամասում մի սպա կա՝ Վարուժան Ասլանյանը, իմ զինվոր որդուն շատ վատություն է արել։ Նա ուսադիր կրելու իրավունք չունի»։ Զինվորը հուզվեց. «Վարուժան Ասլանյանը երբեք զինվորին վատություն չի անում, ընդհակառակը, միշտ զինվորի կողքին է, զինվորի եղբայրն է։ Մենք նրան շատ ենք հարգում»։ Ես շարունակեցի. «Հենց Երեւան վերադառնամ, գնալու եմ զինդատախազություն՝ բողոքեմ էդ սպայից։ Ես չեմ հանգստանա, մինչեւ Վարուժան Ասլանյանից վրեժ չլուծեմ իմ տղային նեղացնելու համար»։ Զինվորը հանկարծ գունատվեց, ասաց. «Կանգնեցրո՛ւ մեքենան, ես հրամանատարիս զրպարտողի հետ ճամփա չեմ գնա»։ Երբ ասացի, որ կատակում եմ, որ Վարուժան Ասլանյանը իմ որդին է, զինվորը շատ ուրախացավ։ Այնքան ջերմ խոսքեր ասաց տղայիս հասցեին։ Ես այս միջադեպը պատմում եմ անթաքույց հպարտությամբ։ Սպայի աշխատանքի ամենաճիշտ գնահատականը տալիս է զինվորը։ Զինվորի հոգս ու ցավով ապրող սպաներ շատ կան բանակում։ Բայց, ցավոք, անտարբեր ու անհոգի սպաներ էլ կան, որոնք չեն գիտակցում սեփական առաքելության կարեւորությունը, հայրենիքի պաշտպանի կոչման պատիվը։ Բանակը պիտի ազատվի պատեհապաշտներից, նրանք մեծ վնաս են հասցնում զորքին, բարոյալքում են ընդհանուր մթնոլորտը, զրկում են ոգեղենությունից, նսեմացնում են բարձր գաղափարները։
-Ի՞նչն է Ձեզ այսօր ոգեշնչում մեր իրականության մեջ, ո՞րն է մեր ապագա նվաճումների ամենամեծ երաշխիքը։
-Մեր երկրի նախագահն ու պաշտպանության նախարարը Արցախի համար մարտնչած հայորդիներ են։ Եթե նրանք պատրաստ են եղել կյանքը նվիրաբերել հանուն հայրենի հողի, ոչինչ չեն խնայի հայրենիքի առաջընթացի համար (ի՞նչ կա կյանքից ավելի թանկ)։ Երկուսն էլ մտավորական են, մեկը բանասեր է (հայագետ), մյուսը՝ զինվորական (բարձրագույն մասնագիտական կրթությամբ)։ Ես համոզված եմ՝ նրանք առաջ են տանելու երկիրն ու բանակը։ Եթե պատերազմի դաշտում հաղթել են, եթե պատերազմի դաշտից չեն փախել, եթե պատրաստ են եղել կյանքը վահան դարձնել ոսոխի առաջ՝ հանուն մեզ, մեր հայրենիքի, ապա՝ խաղաղ ժամանակների կռվից էլ չեն փախչի։ Նրանք կեսճանապարհին մնացողը չեն։
-Իսկ վրիպումնե՞րը, թերություննե՞րը, որոնք կան եւ՛ երկրում, եւ՛ բանակում…
-Գուցե մի ճակատամարտ տանուլ ենք տվել, գուցե մի-երկու մետր նահանջել ենք, բայց դա ոչինչ չի նշանակում։ Խոշոր հաշվով՝ մենք հաղթանակած ենք ավարտել 20-րդ դարը եւ այսօր հաստատուն ընթացքով առաջ ենք շարժվում։ Ի վերջո, ես խոսում եմ ոչ թե ժամանակավոր խմորումների, այլ երկրի ղեկը բռնած մարդկանց բարոյականության, ներքին ուժի, անձնվիրության. ինտելեկտի մասին։ Ես խոսում եմ իմ հավատի ու վստահության երաշխիքների մասին։
-Պարոն Ասլանյան, «Հայ զինվորը» շնորհավորում է Ձեզ ծննդյան 60-ամյակի առիթով, մաղթում անձնական եւ աշխատանքային հաջողություններ։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր