Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՄԵՐ ԲԵՐԴՆ Է



Այս ամրաշինական կառույցը, որը գտնվում է մեր հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում, մեր ժողովրդի՝ արդեն պատմություն դարձած անցյալի վկայություններից է: Այս հզոր կառույցը ժամանակին ուղեկալի դեր է կատարել, հին՝ բարձր պարիսպներով բերդի եւ բնակելի համալիրի մի մասն է ընդամենը: Ուղեկալի դիրքից, մեծությունից արդեն կարելի է պատկերացում կազմել նախկին բնակավայրի հզորության եւ կարեւոր նշանակության մասին: Կառուցողներն էլ անկասկած ռազմական գործի մեծ գիտակ են եղել: Ուղեկալը բարձունքի վրա է, որտեղից լայն տեսադաշտ է բացվում, ինչը հաստատ անհնարին է դարձնում թշնամու աննկատ մոտեցումը:

Ուղեկալը Արցախյան սահմանային կռիվների ժամանակ օգտագործել են ազատամարտիկները: Տեղացիները պատմում են, որ ադրբեջանցիների հետ առաջին բախումներից հետո մեր տղաները պարիսպների շուրջը խրամատներ են փորել եւ շուրջօրյա հերթապահություն սահմանել: Ջոկատի տղաները մնում էին ներսում՝ պարսպի մեջ, եւ անհրաժեշտության դեպքում հին ժամանակներում փորված գաղտնի անցքով միանգամից մտնում խրամատ ու դիրքավորվում: Հետագայում հին ուղեկալի շրջակայքում հենակետեր տեղադրեցին մեր բանակի զինվորները:

Բերդը կանգուն չի մնացել, ավերակներն էլ չկան այժմ: Ուղեկալը վերջերս է նորոգվել: Այստեղ հաճախ են գալիս մոտակա զորամասի զինծառայողները, հաղորդակցվում մեր անցյալի, ռազմական պատմության հետ, լսում շրջանի ինքնապաշտպանական մարտերի մասին: Նմանատիպ այցերը հոգեբանական մեծ ազդեցություն են թողնում զինվորների վրա, ուժ, վստահություն են հաղորդում, մանավանդ, երբ պատերազմական օրերի մասին խոսում են հենց իրենք՝ այդ կողմերում կռված ազատամարտիկները:

Բերդ-ուղեկալի գլխին այսօր հպարտությամբ ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Մեր եռագույնը տեսանելի է շատ հեռվից: Այն շատ պարզ երեւում է նաեւ ադրբեջանական հենակետերից եւ գյուղերից:

Չափազանց խորհրդանշական է այդ պատկերը՝ ներքեւում մեր բանակի զինվորներն են, իսկ նրանց թիկունքում՝ հին, հսկա ու հզոր բերդը:

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Ազգային բանակ


29/10/2015