Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵՐԴԱՎԱՆԻ ՔԱՂՑՐ ԽԱՂՈՂԸ



Իմ զավակներն են քաջ՝ փորել այգին,
Մեր առվակներն են պաղ՝ ջրել այգին,
Մեր զով հովերն են օրորել այգին,
Մեր արեւից է կարմըրել այգին:
Ես եմ այգին պահել ու փայփայել:
Ասում են ինձ, արի, այգուցըդ ել:
Ինչո՞ւ ելնեմ ես իմ տնկած այգուց.
Հազար զավակ ունեմ, հազար առյուծ:
ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ

Զինվորական մեքենան կանգ է առնում Բերդավանի խաղողի այգիներից մեկում: Հայացքս թափառում է փոքրիկ այգում, նայում եմ կանոնավոր շարքեր կազմած վազերին, իրար վրա դարսված արկղերին, որ պռնկեպռունկ լցված են արևի գույն ունեցող խաղողով, բերքը խնամքով քաղող երիտասարդ կնոջը, մեքենայի թափքում հերթական դույլը դատարկող տղամարդուն, և վտանգը մի տեսակ անիրական է թվում…

-Դժվար է հավատալ, որ հակառակորդից մի քանի հարյուր մետր ենք հեռու,- ասում եմ մեզ ընդառաջ եկող կնոջը:

-Սրտի դողով ենք գալիս այգի, չգիտենք՝ տուն կվերադառնանք, թե չէ, բայց կուզեկուզ չենք աշխատում,- պատասխանում է ու ձեռքով ցույց տալիս մեր դիրքը,- որովհետև ա՜յ էնտեղ տղերքն են… Գիտե՞ք` էսօր քանի անգամ են լռեցրել թշնամուն…

-Մեր բանակին վստահում ենք, թե չէ, ոչ մեկս էլ չէր համարձակվի այգի դուրս գալ,-միջամտում է միջին տարիքի տղամարդը, որի ճակատին քրտինքի մանր կաթիլներ են նշմարվում:

Ծանոթանում ենք: Էլլա և Մարտին Ապրիկյաններն են: Ամուսիններ են: Նրանք են տնկել այս այգին, նրանք են խնամում և խաղողից ստացված եկամուտով էլ հոգում են իրենց ապրուստը: Ասում են, որ ամեն մի ճութն իրենց ուրախությունն է, որ մի ամբողջ տարի այգու հոգսով են ապրում` հանկարծ չցրտահարվի, վազը չհիվանդանա… Այդպես մինչև ողկույզը քաղցրանում է: Եվ ամառ-ձմեռ աշխատում են հակառակորդի նշանառության տակ` դիրքում կանգնած զինվորներին ապավինած:

-Մեր ուժն էլ այս խաղողի մեջ է: Ո՞նց անտեր թողնենք: Էն կողմում էլ են հասկանում, քանի դեռ մշակում ենք այգին, ուրեմն գյուղն ու բանակը պինդ են, պետությունը պինդ է,-ասում է Մարտինը` խաղողով լիքը տոպրակը մեկնելով մեզ:

-Չմշակենք` կնշանակի հողը կորցրել ենք,- եզրափակում է Էլլան:

Եվ ամուսինները նորից գործի են անցնում:

Մեզ ուղեկցող փոխգնդապետը` զորամասի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանը, պարզաբանում է. «Մեկ հեկտարանոց այս այգին անմիջապես մեր դիրքի թիկունքում է` հակառակորդի նշանառության տակ: Այգում աշխատելը, բերք հավաքելը անվտանգ չէ. հակառակորդն այգում քրտնած գյուղացու վրա կրակում է այնպես, ինչպես զինված զինվորի: Նրա համար որևէ տարբերություն վաղուց չկա»:

Հրաժեշտ ենք տալիս հողի աշխատավորին` հասկանալով, որ խաղաղության ամեն րոպեն առավել քան անհրաժեշտ է նրանց: Քայլում ենք և համտեսում խաղողը:

-Քաղցր է, չէ՞,- հարցնում-հաստատում է փոխգնդապետ Բադալյանը:

-…Սովորական խաղող չէ, ուրիշ համ ունի: Ուրի՛շ,- ասում եմ:

-Այգում աշխատող մարդիկ էլ սովորական գյուղացիներ չեն, նրանք հերոսներ են,-ավելացնում է փոխգնդապետը:

♦♦♦

Հասնում ենք դիրք: Այն կարծես այգու շարունակությունը լինի` շատ մոտ է: Փոխգնդապետ Բադալյանը պատմում է, որ ժամանակին այստեղ ամրացած էր հակառակորդը, որ այս դիրքի համար թեժ մարտեր են մղվել, այն ձեռքից ձեռք է անցել, բայց քանի տարի է` մերն է:

Առաջինը, որ նկատում եմ կացարանում` խաղողով լիքը ափսեն է: Բերդավանցի դիրքի ավագը` լեյտենանտ Հմայակ Ասլիկյանը, ասում է, որ գյուղացիներն իրենց բարիքներից միշտ բաժին են հանում զինվորին: Հմայակը պայմանագրային սերժանտ է, վերջերս է սպայական կոչում ստացել: Զինվորագրվելու իր որոշումը կարճ է մեկնաբանում.

-Մեկը պիտի հողը մշակի, մյուսն էլ` այն ամուր պահի:

Դիրքի ավագն արագ քայլով ուղեկցում է մեզ խրամատ: Ցույց է տալիս կրակակետերը, որ նախատեսված են խոշոր տրամաչափի զենքի համար: Զենքն էլ այստեղ իր անունն ունի` Ձմեռ պապ:

-Այսօր շա՞տ եք կրակել,- հետաքրքրվում եմ:

Ասլիկյանը մատնացույց է անում անկյունում հավաքած պարկուճները: Պարզ է` 30-40 անգամ խափանել են այգում աշխատող գյուղացուն սպառնացող վտանգը, 30-40 անգամ լռեցրել են հակառակորդին: Խրամաբջիջում կրտսեր սերժանտ Տիտանյանն է: Նրա անթարթ աչքերն ամուր «սեպվել» են հակառակորդի դիրքին. հանկարծ որևէ շարժ բաց չթողնեն: Ինձ հետ խոսում է առանց հայացքը թեքելու.

-Հազվադեպ են դիրքի ուղղությամբ կրակում, հասկացել են՝ մեզ հետ ոտք մեկնելն անիմաստ է: Գյուղացուն են նեղում: Դե, բաց դաշտ է, կրակելը ինչ մի բարդ գործ է: Դա էլ մարտավարություն է…

Շարքային Գյունաշյանն էլ՛ թե՝

-Մեր զգոնությունն է նրանց զսպում, հենց թուլացանք՝ երես կառնեն: Յուրաքանչյուրիս պետությունը մի հատված է տվել պաշտպանելու, մերն էլ էս այգիներն են, պետք է տեր կանգնենք:

-Այսպե՛ս, միայն այսպե՛ս…,- ձեռքը խփելով զենքի խզակոթին՝ ասում է շարքային Ադամյանը:

Հրաժեշտ եմ տալիս դիրքապահներին: Եվ արդեն գիտեմ, թե ինչու է Բերդավանի խաղողն այդքան քաղցր…

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


29/10/2015