Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽՈՍՔ ԱՆՄԱՐ ՀԻՇԱՏԱԿԻ
ԽՈՍՔ ԱՆՄԱՐ ՀԻՇԱՏԱԿԻ

Դեռեւս անցած դարի 90-ական թվականներին, ծանոթանալով Թաթուլ Կրպեյանի կարճատեւ, բայց հերոսական կյանքի ուղուն, իմացա նաեւ, որ նա իր դստեր` Ասպրամի հետ լուսանկարվել է ընդամենը մեկ անգամ:

Տեսա այդ լուսանկարը եւ դրան նախորդած մեկ ուրիշն էլ, որում պատկերված են Թաթուլն ու իր կինը` հղի վիճակում:

Ուրեմն, ասացի ինքս ինձ, Ասպրամը ծնողների հետ լուսանկարվել է նաեւ դեռ իր ծնվելուց էլ առաջ: Եվ դա ինձ շատ հուզեց:

Ու ես այդ տպավորության տակ այն օրերին գրեցի մի բանաստեղծություն, որն այսքան տարիներ պահում էի իմ դարակում:

Եվ միայն վերջերս «Հայ զինվոր» թերթում (թիվ 35) տեսնելով Թաթուլ Կրպեյանի լուսանկարն ու կարդալով Ասպրամի սրտառուչ խոսքը հոր մասին, որոշեցի հիշյալ բանաստեղծությունը հանել դարակից:

ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
բանաստեղծ

ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԴՍՏԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ԻՐ ՀՈՐ ՀԵՏ

Երկու լուսանկար ունի հերոս հոր հետ:
Երկրորդն առավել հստակ է
ու մարտաշունչ.
Հայրն է` ֆիդայու շոր հագած, խստահայաց,
Մի ձեռքով զենք բռնած,
Մյուսով` գրկած իրեն`
Ասպրամ ֆիդայուհուն,
Որ հոր ոգուն ու կերպարին վայել`
Բռունցքը վեր պարզած,
Նրա հետ միասին խոյանում է առաջ:

Իսկ առաջին լուսանկարում
Երեքով են.
Հայրը, մայրը
Եվ մոր ներսում արդեն իսկ ընդգծվող
Ինքը:

ՁՈՆ

Ղարաբաղյան պատերազմի դյուցազուններ,
Մեկդ մեկիցդ անվեհեր ու աննկուն,
Չգիտեինք, որ մեր լեզվի բառերն այս թանկ
Բառարանը ձեզ համար էր պահում թաքուն:
Բայց այդ մասին, մեզանից էլ շատ ավելի,
Չգիտեիք մանավանդ դո՛ւք, մանավանդ` դուք,
Որ ծառս եղած, ելաք խուժող թշնամու դեմ`
Չթողնելու, որ մեզ տիրի կրկին սեւ սուգ:
Ելաք խրոխտ, ետ վանեցիք, սակայն, ավա՜ղ,
Այդ կրակոտ ճամփին ընկան ի՜նչ անձկալի
Քաջեր, որոնք աստղերի պես, մարած անգամ,
Ապրողներին դեռ կենարար լույս են տալիս:
Անունները նրանց պիտի ընդմիշտ հիշել,
Բայց թող ներվի` ոչ մի անուն ես չեմ տալու…
Ընկան նրանք հատիկների պես սերմացու,
Եվ մեկի տեղ` հազարներ են աշխարհ գալու: