Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ
ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

Սկիզբը՝ նախորդ համարներում

Հանդարտվեց, թե չէ, նույնպիսի ժրաջանությամբ շարունակեց լեզվին տալ ու իր միալար երգը կրկնել, սակայն ոչ մի դեպքում չթուլացնելով պաթոսը, որով համառորեն փորձում էր դուրս բերել ինձ զարտուղի ճանապարհից և կանխել անցանկալի դեպքերի ընթացքը:

-Հավատա ինձ, ճշմարիտ եմ ասում, Սողոմո՛ն, Աստված է վկա, որ չեմ զազրախոսում. ես Մարիայի թևի տակ մտա, շահեցի նրա վստահությունը (ահա և Հիդրան ցույց տվեց անճոռնի գլուխը, մտածեցի), որ մոտիկից ճանաչեմ նրան, հասկանամ նրա հոգու գաղտնիքը, ինչքան հնարավոր է, ինչքան տրված է ինձ…Եվ օգնեմ քեզ:

-Օգնե՞ս ինձ,- պոռթկացի մարդկային երեսպաշտության զզվանքից:

-Իրավունք ունես, կարող ես ընդմիշտ խաչ քաշել ինձ վրա, բայց ես ազնիվ մղումներից դրդված եմ դիմել այդ նվաստացուցիչ քայլին, որքան էլ դեմ է իմ սկզբունքներին, չկարծես…

-Ուրեմն, ինչո՞ւ ինքդ քեզ հակառակվեցիր…

-Որ հեռու պահեմ քեզ մահացու վտանգից£

Մարմինս անառողջ, տենդաբեր ջերմով համակվեց սահմռկեցուցիչ հայտարարության ահարկու շնչից: Թվաց` ուր որ է, կտապալվեմ նորից տառապանքի ցավից, բայց դիմադրեցի, դիմացա, հաղթահարեցի րոպեական թուլությունս, մնացի կանգնած, որպեսզի մինչև վերջին կաթիլը ճաշակեմ իմացության զազրելի թույնով լեցուն բաժակը, որ աներևույթ մի ձեռք դեմ էր արել դնչիս:

-Ի՞նչ նկատի ունես,- հարցրի կամաց` ասես երկյուղ կրելով աներևույթ ուժերի սպառնալիքից:

-Ես պարզել եմ` շփվելով նրա հետ, լինելով նրա կողքին, Մարիան սովորական մարդ չի, թեկուզ ծնվել է հասարակ հորից ու մորից. նրա մեջ իշխելու, ամեն գնով տիրելու դիվային ոգի կա թաքնված, որն էլ տանում է խելահեղ քայլերի, մղում բախտախնդրության, առանց հաշիվ տալու իր արածների համար: Հետևանքները նրան չեն հետաքրքրում… Մարիան ինքը մահացու տարերքն է` ընդունակ կործանելու իր ճանապարհին պատահած ամեն ինչ, որ հակառակ կլինի իր կամքին, իր խենթ ու խելառ կրքերին… Ցնորքին: Հա՜, հաստատ եմ ասում, Սողոմոն, ես հետևել եմ նրան. նա ինքն էլ հավատացած է, թե ծնվել է հատուկ առաքելությամբ, հանուն որի պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, պատերազմել ամբողջ աշխարհի դեմ… Նա իր գլխում զարհուրելի ծրագիր ունի կազմած և ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, մինչև չհասնի իր ուզածին, որովհետև համոզված է, որ գտել է իր հարազատ կեսին` «երկվորյակ հոգի» մարդուն, առանց որի չի կարող ապրել… «Եթե ոչ հիմա, ուրեմն` վաղը, մի օր նա իմը կդառնա: Ընդմիշտ»: Այդպես էլ ասաց: Նա չի հանդարտվի, հաստատ է…

-Ի՞նչ է նրա ուզածը, թե որ հաստատ է,- հարցրի` պատասխանը նախապես իմանալով:

Ինձ հետաքրքրողը բոլորովին ուրիշ բան էր:

-Ինքդ էլ գիտես,- ասաց անհուն թախիծով` անորոշ սարսափն աչքերում:- Դո՛ւ:

-Որտեղի՞ց է քեզ հայտնի:

-Քիչ ջանք չեմ թափել… Հանուն քեզ£

-Լավ չհասկացա` էլ ինչո՞ւ է վտանգավոր, հետն էլ մահացու,-հետաքրքրվեցի` դարձյալ ծեծված պատասխանի սպասելով£

-Մի՞թե գլխի չընկար. նա ինքն իրեն չի պատկանում, դժոխքի ծնունդ է, քաջքաքամի, որ ցանկացած տեղում, ցանկացած պահի կարող է վերածվել փոթորկի և կուլ տալ ամեն ինչ և ամենքին… Հասկանո՞ւմ ես… Ընտրությունը քոնն է, ես իմ գործն արեցի: Դու ես քո գլխի տերը:

Ես հայտնվել էի անտանելի երկվության առաջ. հիմա ամենից շատ ինձ մի հարց էր տանջում: Այս երկուսից ո՞ւմ հավատալ, ո՞ւմ կերպարանքն է առել չարքը, ո՞ւմ բերանով է խոսում անիծյալը… Եվ իսկույն էլ հիշեցի նամակի մասին: Զազրելի սարդը առաջվա պես ծվատում էր կուրծքս…

♦♦♦

Համաձայն Մարգուշայի պնդումների՝ նամակն ու սև թավշյա երեսվածքով փոքրիկ զարդատուփը Մարիան իրեն էր տվել չորեքշաբթի երեկոյան` օդանավակայան մեկնելուց առաջ և խնդրել էր անմիջապես էլ չհանձնել, այլ սպասել մի քիչ, որի հիմնավորումը շատ պարզ էր և նույնիսկ մարդկային… Համբերել, հետևել, հավաստիանալ, թե ինչ «ընթացք և զարգացում», ինչ արձագանք կարող էր գտնել բաժանությունը «սիրած տղայի սրտում» (և կգտնե՞ր արդյոք), ինչպիսի հնարավոր հետևանքների կարող էր հանգեցնել… Եթե, իրոք, նրա նկատմամբ ունեցած «զգացմունքը նույնքան անկեղծ էր», որքան և իրենը` իմ հանդեպ: «Չէ՞ որ ես մերկացրի իմ սիրտն ու հոգին Սոլոմոնի առաջ»,- խոստովանել էր Մարիան իր վստահորդին` Մարգուշա կոչվածին (որին, չգիտես ինչու, սկսել էի ամբողջ հոգով «ատել», թեև գիտակցում էի, որ իրավունք չունեմ այդքան դաժան վարվելու նրա հետ):

Ինձ պատուհասած «ցավը» պետք է որ լիովին արդարացներ Մարիայի սպասելիքները, որքան էլ զրկված էր անձամբ մոտիկից տեսնելու և համոզվելու հնարավորությունից… Փոխարենը միշտ իմ հարևանությամբ էր Մարգուշան` հալածական հորս «շքախմբից» ծանոթ Էրինին, որ հոգեկան ու ֆիզիկական տկարությանս օրերին գալիս էր ինձ տեսության և ջեմով բլիթներ էր հետը քարշ տալիս… Հոգեառ հրեշտակի պես լուռ նստում էր դիմացս այնքան ժամանակ, մինչև որ տհաճ տեսարանը աչքիս առաջ քիչ-քիչ սկսում էր շաղվել և վերածվել սպիտակ-լողացող մշուշի… որից ինձ դուրս քաշեց գնչուհի Սերան, երբ մեր տուն եկավ:

Մարիան իր հանձնակատարի բերանով պատվիրում էր բաց չանել զարդատուփը նախքան նամակի բովանդակությանը ծանոթանալը, որի ճերմակ ծրարի վրա` հասցեատիրոջ տեղում, մեծ-մեծ տառերով գրված էր` «ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԱՐԴՈՒՆ` իմ ՄԻԱԿԻն` իմ ԳԵՆԵՐԱԼԻՆ»: Եվ երբ բացեցի խնամքով սոսնձված ծրարը, մի այնպիսի չնաշխարհիկ անուշահոտություն խփեց քթիս, որ թվաց` Մարիայի հրեղեն շունչը, թևավոր հոգին մեկընդմիշտ ներթափանցեցին մարմնիս մեջ` բերնեբերան լցնելով ներսս, որից էլ հանկարծ գլուխս մեղմորեն պտտվեց, ծնկներս ծալվեցին…

«Ահա և կատարվեց,- գրում էր Մարիան աղջկական` սեթևեթ ձեռագրով,- կատարվեց այն, ինչը վաղուց էր խոստացված: Շատ կուզեի քեզ հետ, քո կողքին լինել, անվերջ նայել չքնաղ-տխուր աչքերիդ փայլատակման խորքը և զմայլվե՜լ… Հասկանալ կուզեի` ինչ ես մտածում, որտեղ են հիմա մտքերդ, դեպի ուր են թռչում, ում և ինչի հետևից…թեև ինձ երբեք էլ չի հաջողվել կռահել` արդյոք ի՞նչ քամիներ են սուրում քո այդ հունա-հռոմեական գեղեցիկ գլխում, ինչքան էլ ջանացի, ինչքան էլ ցանկացա… Բան դուրս չեկավ: Ինչ արած, եղածը եղած է, էլ հետ չես բերի, բայց դու պետք է իմանաս, Սոլոմոն, պարտավոր ես. ոչ մի բանի համար, արտասանածս ոչ մի բառի համար չեմ զղջում, չեմ ափսոսում, քանի որ դու միակն ես աշխարհում, ում իսկապես էլ սիրեցի` սիրեցի առանց ինձ հաշիվ տալու… Առաջին անգամ սիրեցի` սրտիս ամբողջ ավյունով, իմ խենթ հոգու անզուսպ փափագով սիրեցի: Սիրեցի առաջին իսկ ակնթարթից, հենց որ կիսադեմդ տեսա: Գիտե՜մ, հավատում եմ, որ ծանր է քեզ համար…չեմ կարող չհավատալ, որովհետև նույն դաժան-սպանիչ դատարկությունն է ծանրացել խղճիս… Արդեն մի քանի ժամ է` մահացու թախիծն է պաշարել ինձ. աչքիս բան չի գալիս, քիչ է մնում` ցած նետվեմ պատուհանից հենց միայն այն մտքից, որ վաղը, մյուս մնացած օրերին չեմ տեսնելու քեզ` քո աստվածային-ամոթխած դեմքը, ուռենու ճյուղի պես ճկուն հասակդ, որ միշտ հիացրել է ինձ, քո նազուկ մարմինը, որից մի աննկարագրելի, անմոռաց ջերմություն և տագնապ են փոխանցվել ինձ մեր վերջին հրաժեշտի հանդիպումից… Երբ անսպասելի «համբուրեցիր» ականջս. իմ կյանքի ամենաթանկ նվերը, անմոռաց հուշը, որին ես գուցե իսկապես էլ արժանի էի` ոչ մի արժանավորության չհավակնելով հանդերձ: Ես քեզ երբեք էլ չեմ մոռանա, թանկագինս, դու միշտ ինձ հետ կլինես` իմ սրտում, քանի տարի էլ անցնի: Ես հավատում եմ իմ տեսիլքին` իմ ՑՆՈՐՔԻՆ, որ առաջնորդում է ինձ, որ շարունակ հուշում է` դու ես այն մարդը, անկրկնելին, ով ծնվել է ինձ համար` միևնույն աստղի տակ, միևնույն առաքելությամբ և ճակատագրով ինձ է պատկանում, եթե նույնիսկ վիճակված չէ մեզ միասին լինել… Եվ հիմա քեզնից է կախված մեր` երկուսիս ապագան, նայած թե ինչ որոշում կընդունես:

Հիշո՞ւմ ես, երբ վերջին անգամ քեզ ասացի` «ուզում եմ մերժված լինել»… Միայն ու միայն մի հիմնավոր պատճառով. որպեսզի հնարավորություն տամ իրականություն դառնալու, ճամփա հարթելու այն վաղեմի կանխատեսմանը, այն զարմանահրաշ կանխանշանին, որի գոյության մասին քչերին է հայտնի, որը հիմա քեզ մոտ է, քո ձեռքերում… որովհետև ուզում եմ արդարև արժանի լինել քեզ, թե որ բախտը իսկապես էլ ժպտա մեզ…Հիմա կբացատրեմ, թանկագինս, քիչ էլ համբերիր…

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ