Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՈՐՏԵՂ ԱՊՐԵԼՆ ՈՒ ԱՐԱՐԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է
ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՈՐՏԵՂ ԱՊՐԵԼՆ ՈՒ ԱՐԱՐԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է

Հայրենիքի պաշտպանը միայն զինվորն ու սպան չեն, հայրենիքի պաշտպան են աշակերտն ու ուսուցիչը, դասախոսն ու ուսանողը, բանվորն ու հողագործը: Նա, ում համար հայրենիքը մեծ արժեք է:

Ս. ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար

Հայոց բանակը մեր անկախ պետության, ժողովրդի անվտանգության, համախմբման, միասնության ապահովման, հարազատ ժողովրդին ծառայելու հիմնական հենասյունն է, մեր պետական անվտանգության երաշխավորն ու խորհրդանիշը: Բանակն այն ուժն է, որին վստահում է ժողովուրդը և պատրաստ է աջակցել՝ հանուն մեր պետության կայուն զարգացման և խաղաղ գոյակցության:

2015-2016 ուսումնական տարին մեզ համար նշանավորվում է նրանով, որ հռչակեցինք այն հայրենասիրության տարի: Մեր նպատակը դպրոցում հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորումն է: Հենց այս նպատակին են ծառայում արդեն ծրագրված միջոցառումներն ու դասերը, մրցույթներն ու հանդիպումները, զրույցներն ու պատմությունները, ֆիլմերն ու ուսումնական նյութերը՝ նվիրված հայտնի մարդկանց և մեր հերոս ազատամարտիկներին:

Ռազմահայրենասիրական դաստիարակության վրա իր էական ազդեցությունն ունի նաև ռազմագիտության դասասենյակի կահավորումը, հրաշալի փառքի սրահը, որի առկայությունը յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմելու հայոց բանակի փառավոր ուղու, նրա ձեռքբերումների, խոնարհումի արժանի նահատակների գործունեության մասին: Իսկ վերջերս ձևավորված «Պատանի երկրապահներ» ակումբի սաները մեծ պատասխանատվությամբ են համալրել ՀՀ ՊԵ շարքերը: Նրանք աշակերտների շրջանում ավելի են խորացնում ռազմահայրենասիրական գաղափարախոսությունը, հայոց բանակի և հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը:

Ակումբի աշխատանքները համատեղվում են աշակերտական խորհրդի ռազմահայրենասիրական հանձնախմբի գործունեության հետ: Մի քանի անգամ արդեն միասին այցելել են զորամաս, անցել զինվորական պատրաստության դասեր, իրենց երգ ու պարով և գեղեցիկ բանաստեղծական տողերով ողջունել զինծառայողներին՝ ցանկանալով նրանց անկոտրում կամք, բարձր ոգի և խաղաղ ծառայություն:

Դպրոցում բարձր գիտակցությամբ են նշվում հայրենասիրական տարբեր միջոցառումները՝ նվիրված Անկախության օրվան, Նժդեհի ծննդյան տարեդարձին, Մայիսյան հաղթանակների տոներին, Հայոց բանակի օրվան: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի շրջանակներում դպրոցում կազմակերպված բազմապիսի միջոցառումները՝ բանավեճերը, քննարկումները, լուսաբանող պաստառները, սրահների ձևավորումը, ցուցահանդեսները, հիշատակի երթերը, բաց դասերը, երիտթուրքերի դատավարության ինքնատիպ դասը նպաստում են աշակերտների հայրենասիրության դաստիարակմանը, հզոր պետության, ամուր պետականություն ունենալու, գաղափարախոսության ամրապնդմանը մատաղ սերնդի գիտակցության մեջ և, իհարկե, ողբերգական անցյալի ու նահատակների հիշատակի արժևորմանը:

Բազմաթիվ համատեղ միջոցառումներ են իրականացվում ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման հրամանատարի և սպաների աջակցությամբ: Հաճախակի անցկացվում են արիության դասեր, որոնց շնորհիվ աշակերտներն ավելի լավ են հասկանում հայոց բանակի դերն ու առաքելությունը, պատկերացում կազմում նրա անցած մարտական ուղու, ժամանակակից ձեռքբերումների, զինվածության, մարտական պատրաստության մասին:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատարությանը՝ հանձին գեներալ-մայոր Ա. Մակարյանի: Նրանք նաև տեսնում և գնահատում են մեր աշխատանքը: Այս ամենի համար գեներալ-մայոր Ա. Մակարյանի կողմից խրախուսվել եմ հատուկ շնորհակալագրով, իսկ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Խոջոյանի կողմից՝ պատվոգրով: Մեր դպրոցը մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը բարձրացնելու գործընթացին աջակցելու համար մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի է արժանացել նաև զորամիավորման, ԵԿՄ-ի, ինչպես նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրի և «Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի կողմից:

Արցախյան ազատամարտը համայն հայության՝ հայ ազգի լինելության գոյամարտն է, որին մասնակցեց հայ ժողովրդի սերուցքը: Մարդիկ, ովքեր կամավոր, իրենց արյան կանչով փրկելու ելան մեզնից խլված սուրբ հողը ազատագրելու և պաշտպանելու: Այդ պայքարին անմասն չեն մնացել նաև մեր դպրոցի սաները: Մի քանի տասնյակ զինվորներ մարտնչել են և այսօր էլ շարունակում են ծառայել հանուն հայրենի հողի ամբողջական ազատագրման: Նրանցից շատերը բազմաթիվ սխրանքներ են գործել: Ցավոք, ունենք նաև կորուստներ՝ Գագիկ Դավթյան, Աշոտ Ավագյան, որոնց գործն անմահ է և նոր սերնդի համար հայրենանվիրության, անձնազոհության լավագույն օրինակ:

Մենք բոլորս հպարտ ենք մեր զինվոր սաներով, նաև նրանցով, ովքեր այսօր հայոց բանակի սպաներ են: Հպարտությամբ եմ ուզում նշել նրանց անունները՝ Տավուշի մարզի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Վահե Հովսեփյան, գնդապետ Վահրամ Հարությունյան, օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Բագրատ Մաթևոսյան և ուրիշներ: Նրանք մարտական ոգու, քաջության, տոկունության և անձնվիրության իրական օրինակներ են:

Սիրելի՛ հայ զինվորներ, դուք միշտ եղել եք մեր հայրենիքի այսօրվա և վաղվա պաշտպանը, պահանջատերը մեր արդար իրավունքի: Ձեզ մաղթում եմ ուժ, եռանդ, հզոր կամք հայրենիքի սահմաններն ավելի անառիկ դարձնելու, եղածը պահպանելու ու շենացնելու և կորցրածը վերադարձելու պատասխանատու և պատվաբեր գործում: Թող ձեր պաշտպանած հայրենիքը մեզ համար լինի այնպիսի վայր, որտեղ ապրելն ու արարելը բոլորիս համար իսկապես պատիվ լինի:

Առողջ եղեք և աննկուն:

ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն

Անուշ Գրիգորյանը մանկավարժական գործունեությունն սկսել է որպես սկսնակ ուսուցիչ, հետո՝ դասղեկ, պատմության և աշխարհագրության մասնախմբի նախագահ, ապա՝ փոխտնօրեն, իսկ վերջին տարիներին՝ տնօրեն:

Արդեն 38 տարի՝ աշխատում է Եղեգնաձորի թիվ 1 դպրոցում:

Արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի և պարգևների:

2004 թվականին մասնակցել է «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթին և ճանաչվել հաղթող՝ արժանանալով ավտոմեքենայի:

2011 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

2014 թվականին ՀՀ ՊՆ կողմից արժանացել է «Գարեգին Նժդեհ» մեդալի:

Պատրաստեց ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆԸ