Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՊԱՏԺԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՊԱՏԺԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ադրբեջանի սանձարձակ պահվածքն այլևս ոչ մեկին չի զարմացնում, սակայն հրադադարի հետզհետե լկտիացող խախտումներն ու այդ ընթացքում հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափի խոշորացումը, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, վկայում է նրա ծրագրերի ձախողման մասին:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, փորձելով ապահովել ղարաբաղյան հակամարտության իրենց տեսանկյունից ընդունելի լուծումը, որդեգրել է մի ռազմավարություն, որի հեռահար նպատակը հայկական կողմի բարոյահոգեբանական վիճակի և նյութական ռեսուրսների ջլատումն է: Ադրբեջանն այդ ռազմավարությունը սկսել է իրագործել դեռևս տարիներ առաջ՝ շարունակաբար ինտենսիվացնելով կրակային ներգործությունը հայկական դիրքերի վրա: Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, ըստ երևույթին, պարզ դարձավ, որ նույնիսկ խոշոր տրամաչափի հրաձգային զենքերի՝ «Իստիգլալ» դիպուկահար հրացանների և «ԴՇԿ», «ՆՍՎ» գնդացիրների կրառումն արդյունավետ չէ: Հայկական կողմի՝ աշխարհագրական առումով հիմնականում նպաստավոր դիրքերը, մինչ այդ իրականացված լայնածավալ ինժեներական աշխատանքները, անձնակազմին անհատական պաշտպանության ժամանակակից միջոցներով ապահովելը զինծառայողների մարտական հերթապահության կրման կարգը պահպանելու դեպքում դիրքապահի խոցման հավանականությունը հասցրել էին նվազագույնի: Եվ եթե ժամանակ առ ժամանակ ադրբեջանական ստորաբաժանումներին հաջողվում էր խոցել հայ զինծառայողի, հատուցումը լինում էր անխուսափելի և դաժան:

Գիտակցելով այս ամենը՝ ադրբեջանական կողմը անցյալ տարվա ամռանը կտրուկ փոխեց մարտավարությունը՝ ԼՂՀ պետական սահման գործուղելով արհեստավարժ պայմանագրային զինծառայողներով համալրված հատուկ նշանակության ստորաբաժանումներ և դրանց ներգրավմամբ ձեռնարկեց դիվերսիոն-հետախուզական նոր գործողություններ, որոնք որոշ փորձագետների համար հիմք հանդիսացան պնդելու, թե ղարաբաղյան հակամարտությունը թևակոխել է նոր՝ դիվերսիոն պատերազմի փուլ: Հայկական կողմն անհապաղ ձեռնարկեց համապատասխան միջոցառումներ, և մի քանի տասնյակ ադրբեջանցի դիվերսանտներ իրենց անփառունակ վախճանը գտան ՊԲ դիրքերի մատույցներում:

Հասկանալով, որ իրենց սանձազերծած դիվերսիոն պատերազմը ևս չի կարող ապահովել ռազմավարական խնդրի կատարումը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ փոխեց մարտավարությունը՝ առաջնագծում հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ կիրառելով հրետանի: Կիրառվող հրետանային զինատեսակները նախ սահմանափակվում էին 60 և 82 մմ տրամաչափի ականանետներով, իսկ ձեռքի և հաստոցային նռնականետներ օգտագործվել էին նաև նախկինում, թեև զգալիորեն ավելի ցածր հաճախականությամբ:

Ադրբեջանական կողմը բավականին արագ հասկացավ, որ գումարտակային օղակի հրետանավորների պատրաստության աստիճանը անգամ նշանացուցման համար անօդաչու թռչող սարքերի ընդգրկման պարագայում հնարավորություն չի տալիս հաջողությամբ կատարելու առաջադրված կրակային խնդիրները. ականանետային փոխհրաձգությունների արդյունքում հայկական կողմը կորուստներ չունեցավ, ինչը չի կարելի ասել նախահարձակ հակառակորդի մասին:

Անգամ աննախադեպ գրաքննության պայմաններում Ադրբեջանի կրած զգալի կորուստների փաստը կոծկել չհաջողվեց, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ միայն այս տարվա օգոստոս ամսվա ընթացքում ադրբեջանական բանակը տվել է 30-ից ավելի զոհ, իսկ 2013-15 թթ. ադրբեջանական կորուստների ընդհանուր թիվը կազմել է 283 ասկյար:

Չհամակերպվելով ձախողման հետ՝ Ադրբեջանը հերթական անգամ փոխեց կիրառվող զինատեսակների դասը՝ սեպտեմբերի 25-ին, բացի թուրքական «TR-107» ռեակտիվ հրետանային կայանքներից, գործի դնելով նաև հաուբիցային հրետանի: Կրակ բացվեց առաջնագծից 5-6 կմ հեռու իրենց առօրյա ծառայական խնդիրները կատարող հայկական ստորաբաժանման մարտիկների վրա, իսկ դրա նախորդ օրը հրետակոծվեցին ՀՀ Տավուշի մարզի բնակավայրերը: Հրետակոծության հետևանքով զոհվեցին ՊԲ 4 զինծառայողներ, Տավուշի մարզում երեք խաղաղ բնակիչ՝ երեք կին:

Հայկական պատասխանը, բնականաբար, չուշացավ:

Միայն Ակնայի ուղղությամբ իրականացված պատժիչ գործողության ընթացքում ոչնչացվեցին շուրջ 14 ադրբեջանցի զինծառայողներ, ընդ որում՝ հայկական կողմը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման իր ստանձնած պարտավորություններին, ձեռնպահ է մնացել փողային հրետանու կիրառումից:

Ադրբեջանի լկտիությանը անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ընթացքում: Նախագահն ասել է.

«Քաղաքակիրթ աշխարհի օրենքը կոչ է անում մարդկությանը վերջ դնել մարդկության հանդեպ հանցագործությունների անպատժելիությանը: Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է այս խնդրում: Մենք հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու ենք նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի՝ հրաման կատարող շարքայինից մինչև նման հրաման արձակող հրամանատարություն:

Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից է: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը:

Մենք կստիպենք, վստահաբար կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: Առայժմ այսքանը»:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի գործողությունները տարածաշրջանում ձևավորել են նոր ռազմաքաղաքական իրավիճակ, երբ հայկական կողմը՝ շահագրգիռ լինելով հրադադարի հետագա պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի շարունակականությամբ, պարզապես ստիպված է բոլոր հնարավոր միջոցներով կանխարգելել Ադրբեջանի սադրիչ գործողությունները:

Սուրեն ՍԱՐՈՒՄՅԱՆ
ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիր, մայոր