Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐԾԻՎՆԵՐԻ» ԹՌԻՉՔՆ ԱՆՀՆԱՐ Է ՍԱՆՁԵԼ…



Խոսք մի հայրենախոս գրքի մասին

Այս գիրքն անսահման ցավի, հպարտության ու խոնարհումի, երախտավոր զավակի հպարտության, նաեւ լուսավոր հավատի ծնունդ է:

Ցավ հայրենի հողի, Արցախ աշխարհի ազատության ու անկախության պայքարում կյանքը զոհաբերած հերոսների համար, հպարտություն ինչպես նրանց, այնպես էլ թշնամու դեմ խիզախորեն մարտնչած ու տուն վերադարձած ազատամարտիկների հանդեպ, խոնարհում մայր ժողովրդի անցյալ ու ներկա փառավոր ճանապարհի ու անմար հիշատակների առջեւ: Եվ, ի վերջո, ոգեղեն հավատ, որ ազգի հերոս զավակների ` «արյունոտ արծիվների» թռիչքը երբեք եւ ոչ մի ոսոխ չի կարող սանձել, ու անմահ է այն ժողովուրդը, որ ծնել է արծվաթռիչ զավակներ:

«Արյունոտ արծիվներ». հենց այսպես էլ կոչվում է Պարգեւ Մանուկյանի նոր գիրքը` նվիրված իր հայրենի Մարտունու տարածաշրջանի այն ազատամարտիկների սխրանքներին, ովքեր մասնակցել են Արցախյան հերոսամարտին` լինի զորակոչված, թե կամավոր զինվորագրված: Գրքի ընդգրկած ժամանակաշրջանը 1988-1994 թվականներն են, թեեւ շատ դրվագներում անդրադարձ կա նաեւ անցած դարասկզբի եղերական իրադարձություններին, հայոց բանակաշինության ակունքներում կանգնած նվիրյալներին, հայրենի եզերքի նշանավոր զավակներին:

Հեղինակի նախորդ` «Վարդենիկ» գրքում ներկայացվել էին տարածաշրջանի այդ հանրահայտ շենի ազատամարտիկների սխրանքները, Արցախյան պատերազմին հերոսաբար մասնակցած «Գայլավաշտ» կոչվող ջոկատի մարտական գործողությունները: «Արյունոտ արծիվները» նախորդ գրքի յուրօրինակ շարունակությունն է՝ արդեն ավելի լայն ընդգրկումներով, ոչ միայն Վարդենիկի, այլեւ Գեղարքունիքի, առավելապես` Մարտունու տարածաշրջանի մյուս շեների ազատամարտիկների մասնակցությունը Արցախի ազատագրման պայքարին` անուն առ անուն, լուսանկարներով ու կենսագրական հակիրճ տեղեկատվությամբ: Մանկավարժ հեղինակն իրապես անսահման նվիրումով ու երկարամյա համառ պրպտումներով, հայրենակիցներից ու արխիվներից բեկոր-բեկոր հավաքած, ի մի բերած նյութերով, հիշողություններով, փաստաթղթային վավերագրերով ստեղծել է մի գիրք, որ ավելի շատ հիշեցնում է ինքնատիպ հերոսամատյան` իբրեւ ներկա ու գալիք սերունդներին հասցեագրված թանկ հոգեւոր ժառանգություն:

«Արյունոտ արծիվներ» գրքում ներառված են նաեւ հետաքրքիր տեղեկատվական-փաստագրական նյութեր ֆիդայական շարժման, Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Վարդենիկի զորապետ Աղաբեկ Մելքոնյանի եւ այլոց մասին: Զուգահեռաբար գրքում տեղ են գտել նաեւ հերոսներին, հայոց երեւելիներին նվիրված բանաստեղծություններ ու ձոներգեր:

Հեղինակը սիրով ու երախտագիտությամբ հիշատակել է նաեւ ոչ միայն գրքի հովանավորի` Ռուսաստանի Տյումեն քաղաքում ապրող գործարար Աբրահամ Հովեյանի, այլեւ «Արցախյան Ազատամարտի բարեգործները» առանձին բաժնում` Սանասար Խաչատրյանի, Ռազմիկ Դավթյանի, Գարսեւան Մելոյանի, Կամո Մկրտչյանի, Սպարտակ Ղազարյանի, Ծատուր Մանուկյանի անունները:

Մենք էլ մեր հերթին շնորհակալության ու երախտագիտության զգացումներով ընթերցեցինք այս հետաքրքրաշարժ գիրքը, որ իր հայտնությամբ լրացնում է Արցախյան հերոսամարտի տարեգրության անհայտ բազմաթիվ էջեր:

Վարդգես ԽԱՆՈՅԱՆ

Խորագիր՝ #38 (1107) 1.10.2015 - 7.10.2015, Հոգևոր-մշակութային


01/10/2015