Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉԻԿՑԻՆԵՐ. ՀՈՂ, ՈԳԻ, ԶԵՆՔ



Սկիզբը՝ նախորդ համարում

ԱՅՑ ԶՈՐԱՄԱՍ

Զորամաս հասնելու ճանապարհին կանգ առանք գյուղի դպրոցի մոտ: Բարեկարգ շինություն է: Բոլոր պայմանները կան երեխաների ուսուցումն առավելագույն արդյունավետ իրականացնելու համար: Աչք է գրավում դրսում՝ հենց շենքի դիմաց գտնվող փոքրիկ ջերմոցը, որը բուսաբանության դասաժամերի գործնական աշխատանքների համար է: Իսկ նախնական զինվորական պատրաստության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով ապահովված դասասենյակի պատուհանից երևում է թշնամու հրաձգային զորավարժարանը…

-Խաչիկցուն պետք չէ հայրենասիրության դասեր տալ. նա ամբողջ հասակով, մեծով-փոքրով կանգնած է սահմանին,- արդեն զորամասում ասում է հրամանատարի պժկ Գուժ Ցոլակյանը: Գյուղացի երեխաները ռազմագիտության դասին իրենց պատուհանից ամեն օր տեսնում են, թե ինչպես է մարզվում թշնամին: Մենք բոլորս՝ զինվոր ու գյուղացի, նույն գործն ենք անում՝ պաշտպանում ենք մեր տունը, սահմանը, հայրենիքը: Այս բոլորը միասին հզոր ուժ է:

-Դպրոցի հետ ինչպե՞ս եք համագործակցում:

-Տարբեր առիթներով մենք միշտ դպրոցում ենք: Մեր ներկայությունը, որին ընտելանում է երեխան, նրա համար դառնում է կենսական կապ: Շատ երեխաներ կան, նույնիսկ՝ աղջիկներ, որ երբ հարցնում ես՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում են՝ սերժանտ: Դպրոցի զինղեկը՝ Համլետ Ներսիսյանը, ազատամարտի մասնակից է, եղել է զորամասի հրամանատար, գաղափարապես զորեղ անձնավորություն է: Ղեկավարում է նաև գյուղի «Պատանի երկրապահների ակումբը»:

Զրույցին ներկա է զորամասի հոգևոր սպասավոր Արսեն սարկավագը, որն ուշադիր հետևում է մեր զրույցին:

-Երբ թշնամուց մեզ ընդամենը մի քանի կիլոմետր է բաժանում, մենք պարտավոր ենք միասին լինել,- ասում է հոգևորականը: Բնակչություն, զինվորական և հոգևորական եռյակը նման է Սուրբ երրորդությանը, որտեղ Հայրը, Որդին ու Սուրբ Հոգին միասին են: Այսօր մեզ` թե՛ հոգևորական, թե՛ զինծառայող, թե՛ բնակիչ, վստահված է պատմության այս հատվածը, այս փոքրիկ լեռնային գյուղը: Մեզ համար ավելի մեծ վարձ չի կարող լինել:

Հետո հրամանատարի պաշտոնակատարի ուղեկցությամբ շրջում ենք զորամասում, ծանոթանում ծառայության պայմաններին: Ամենուր կարգուկանոն է, զինվորները խանդավառ են, ներքին խաղաղության ու համերաշխության մթնոլորտն` ակներև:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Այդ օրը դիրքում զինվորների կողքին մարտական հերթապահություն էր անցկացնում պայմանագրային զինծառայող, գյուղի բնակիչ Երանոս Սարգսյանը: Երանոսը մասնակցել է Արցախյան ազատամարտին, ճանաչում է թշնամուն և գիտե նրա հետ «խոսելու» լեզուն:

-Այն տարիներին բանակը նոր-նոր կազմավորվում էր: Իհարկե, բազմաթիվ խնդիրներ կային, այդ թվում` զենքի, զինվորական հագուստի, տարրական կենցաղային պայմանների և սննդի: Այժմ այս բոլոր հարցերը լուծված են, բանակի մարտունակությունը բարձր է: Մենք շատ ավելի կազմակերպված ենք, ուժեղ և ամենակարևորը՝ թե՛ զինվորը և թե՛ գյուղացին հոգեպես պատրաստ են կանգնելու, պաշտպանվելու և պատասխանելու թշնամուն…

-Դուք Խաչիկի բնակիչ լինելով՝ նաև հայկական բանակի զինվորական եք: Ի՞նչ զգացումներ եք ունենում դիրքերում:

-Հպարտ եմ, որ դիրքում եմ: Նայում ես ետ՝ այնտեղ քո տունն է, հարազատները: Միևնույն ժամանակ, ծառայությունը նաև իմ աշխատանքն է. և՛ հող եմ պաշտպանում, և՛ ընտանիք եմ պահում: Մինչև թույլատրելի տարիքս անպայման ծառայելու եմ:

Վերադառնալով գյուղ՝ հանդիպում ենք նաև Երանոսի բազմանդամ ընտանիքին, շրջում նրանց մեծ այգում, սուրճի սեղանի շուրջ զրուցում տիկնոջ հետ: Գյուղում մեծ տնտեսություն ունեն. անասնապահությամբ, հողագործությամբ են զբաղվում: Տիկին Հասմիկի խոսքերով՝ ամուսինն ամսվա կեսը մարտական հենակետերում է. տանը ինքն ու աղջիկներն են մնում: Տղամարդու օգնության կարիքն անկասկած զգացվում է, բայց ինքը հպարտ է, որ ամուսինն իրենց և հարևանների անդորրն է պաշտպանում. «Ժողովրդի մեջ էլ մեծ վստահություն կա սահմանը պահող զորքի հանդեպ»:

ՌՈԶԱ ՄԱՅՐԻԿԸ

Երեկոյան արդեն Ռոզա մայրիկի տանն ենք: Տունը գյուղի ծայրին է, թշնամու դիրքերին մոտ: Այս փոքրիկ, խարխուլ տնակը շատ նշանավոր հյուրեր է ունեցել: Պատերազմի տարիներին Ռոզա մայրիկը մեծ թվով զինվորներ է պահել, խնամել իր հարկի տակ: Այստեղ էլ որոշում ենք մնալ ու սպասել ազատամարտիկների ջոկատի տղաներին:

Ռոզա մայրիկը Խաչիկի այն բնակիչներից է, որոնք երբեք երկար ժամանակով չեն հեռանում գյուղից. նմանները ուրիշ տեղ չեն կարող ապրել: Հենց վերջերս է վերադարձել ՌԴ-ում բնակվող որդու մոտից՝ չհամակերպվելով օտարությանը: Երևանաբնակ մյուս որդին ու հարազատներից շատերն էլ փորձում են համոզել՝ թե արի, մի քիչ մեզ մոտ մնա: Բայց Ռոզա մայրիկն անդրդվելի է: Հրաշալի զրուցակից է, պայծառ մտքի տեր, տեղեկացված է թե՛ գյուղի բոլոր խնդիրներից և թե՛ աշխարհաքաղաքական զարգացումներից:

-Որ թուրքը գա, ի՞նչ կանես, Ռոզա մայրիկ,- կատակում եմ:

-Ի՞նչ պիտի անեմ, մանդիրովկայով դեմները կելնեմ,- իբր լուրջ-լուրջ պատասխանում է փոքրամարմին կինը: Հետո դուրս է գալիս տնից ու վերադառնում երկաթե մի ահագին լինգ ձեռքին:

-Հրե՛ս:

Ռոզա մայրիկի տեսքը սպառնալից է… ծիծաղից ուշաթափվում ենք: Իսկ նա չարաճճի ավելացնում է. «Իմ մասի՞ն գրեք, ի՞նչ վատ նյութ եմ»:

…Իսկ հետո երեկոն լցվում է նրա հիշողություններով՝ թուրքական ողջակիզումից մազապուրծ 12-ամյա հոր, նրա ընտանիքի մյուս անդամների ճակատագրի մասին… «Իմ սրտի մեջ ցեղասպանության ասկոլկան խրվել ու դուրս չի եկել, աղջի՛կ ջան»,- ասում է կամաց: Եվ նրա աչքերում անամոք վշտի մի փոքրիկ ստվեր է նշմարվում, որը հաջորդ պահին խնամքով թաքցնում է…

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ

Խաչիկ գյուղի ԵԿՄ նախագահ Վանուշ Գրիգորյանի համոզմամբ, ներկայիս բանակի ամենակարևոր ձեռքբերումներից է բարձր մարտունակությունը, կարգուկանոնը: Խոսելով զորամասի մասին` որպես կարևոր փաստ հարկ է համարում նշել, որ այստեղ տարիներ շարունակ ոչ կանոնադրային հարաբերություններ չեն գրանցվել. «Բացառվում է, որ գյուղում պարապ թրև եկող զինվոր տեսնես»: Այս ամենին, ըստ նրա, մեծապես նպաստում է նաև այն, որ դիրքերում՝ ժամկետային զինծառայողի կողքին, այսօր կանգնած են պայմանագրային զինծառայողները, մարդիկ, որ ժամանակին Խաչիկի ինքնապաշտպանական մարտերի մասնակիցն են եղել. «Մենք խաչիկցի ենք, իսկ խաչիկցին երբեք իր տունը հենց էնպես չի թողնի»:

-Ինչպե՞ս եք արձագանքում սահմանային միջադեպերին:

-Երբ սահմանին որևէ լուրջ միջադեպ է լինում, ես՝ որպես Խաչիկ գյուղի Երկրապահների միության նախագահ, առաջին հերթին անմիջապես հավաքում եմ ջոկատի տղաներին: Նույն կերպ ենք վարվում, եթե ահազանգ է հնչում մեր երկրի մեկ այլ սահմանամերձ գոտուց:

Վանուշ Գրիգորյանին լրացնում է ազատամարտիկ Քաջիկ Օհանյանը: Նա նշում է, որ պատերազմի ժամանակ և դրանից տարիներ անց էլ ջրի խնդիրը խաչիկցու համար հարցերի հարցն է եղել, որ իրենք՝ ազատամարտիկները, օրերով ջուր չէին ունենում: Իսկ այժմ պատկերը բոլորովին փոխվել է, գոնե խմելու ջրի հարցը հիմա լիովին լուծվել է:

Վիգեն Զոհրաբյանն էլ իր հերթին նշում է, որ ազատամարտիկները վստահությամբ են նայում մեր բանակի առաջընթացին և պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, զինվորականների կողքին կանգնելով, ցանկացած մարտական առաջադրանք կատարել. «Մարտական դիրքերում հերթապահող յուրաքանչյուր զինծառայող հստակ գիտակցում է` ինչու է այստեղ, և որն է իր դերը: Սա մեր գյուղի այսօրվա ամենակարևոր ձեռքբերումներից է»:

ՀՈՂԸ, ՈԳԻՆ ՈՒ ԶԵՆՔԸ…

Սեպտեմբերի 21-ն է՝ մեր երկրի անկախության օրը: Խաչիկցին սրտանց ուրախանում է: Դարձյալ գյուղամիջում են բոլորը՝ մանկական խմբերը` ռազմահայրենասիրական երգ ու պարով, գյուղի բնակիչները, զորամասի հրամանատարական կազմն ու ժամկետային զինվորները, ինքնապաշտպանական ջոկատի տղաներն ու Արսեն սարկավագը: Այսինքն՝ ամբողջ գյուղը, այսինքն՝ հայ ժողովրդի այս հզոր, անկոտրում հատվածը:

Հերոսական խաչիկցիների մասին երկու օրվա ընթացքում շատ բաներ իմացանք. մի հոդվածի սահմաններում չես ամփոփի: Իմացանք նաև փաստեր, որոնք որպես մարդկային անկեղծ տեսակի մասին հուշարձաններ պահելու ենք մեր հոգու խորքում: Մեկնում ենք Երևան… Իսկ Խաչիկն ապրելու է իր ամենօրյա կյանքով: Գյուղացիները պատրաստվելու են ցրտաշունչ ձմռանը. հավաքելու են խաղողը, աղալու են ցորենը, հնձելու են խոտը և զենքը ձեռքին սպասելու են գարնան տաք օրերին…

Սարերի մշուշում անէանում է Խաչիկ գյուղը, որ երկու օրում մեզ համար նյութեղենացավ, դարձավ հոգու, հողի, զենքի միասնության խորհրդանիշ…

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #38 (1107) 1.10.2015 - 7.10.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


01/10/2015