Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ
ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

Սկիզբը՝ նախորդ համարներում

Նա ինձ մի քանի գրոշ տվեց և խնդրեց, որ այգու «պոնչիկավաճառի» կրպակից երկու հատ տաք փքաբլիթ բերեմ: «Եվ թող էդ կաղ սատանան շաքարափոշին տակով չանի, թող մարդավարի շաղ տա, թե չէ՝ կանիծեմ, մյուս ձեռուոտից էլ կզրկվի»,- պատվիրեց Սերան: Եվ ես վազեցի «կաղ սատանայի» կրպակը` փքաբլիթի հետևից: Կրպակի տերը տրամվայի տակ ընկած Գևոն էր (անդուրի մեկը), որ զուրկ էր ձախ կողմի վերջույթներից` թե՛ ձեռքից, թե՛ ոտքից: Դեռ հաջողացրել էր Գերմանիայի Դրեզդեն քաղաքում իր համար որակյալ (խորհրդային առաջադեմ ժամանակների համեմատ) թանկարժեք «ոտք» պատվիրել, քանի որ առևտրի բնագավառում ազդեցիկ չինովնիկների հովանավորությունն էր վայելում, հետն էլ անասելի գծուծ, հարամ մարդ էր: Աչքերիդ մեջ կնայեր ու մանրը չէր վերադարձնի, դեռ վրադ էլ կհոխորտար, եթե հանկարծ ոտքդ կախ գցեիր մանրադրամի հույսով…«Էսօր առանց կոպեկի եմ,- արդարանում էր ծանոթ-անծանոթի առաջ:-Կունենամ` կտամ»: Ես ինքս էլ ջեմով փքաբլիթներ շատ էի սիրում, բայց հազարից մեկ էի Գևոյի կրպակը գնում, երբ մոտս ճիշտ այնքան գումար կար, որքան պետք էր երկու կամ երեք հատ գնելու համար, որպեսզի, ինչպես նա էր մարդու երեսով տալիս, «գրոշների հետևից չընկնեի»:

Երկու հատ հինգ կոպեկանոցով ձեռքիս ափը երկարեցի կրպակավաճառի մյուս` ձեռուոտով կեսին և խաբվածների ու նվաստացածների մի հսկա բանակի անունից բառ առ բառ կրկնեցի գնչուհու պատվերը, հատկապես առանձնահատուկ առոգանությամբ արտասանեցի նզովքին վերաբերող մասը, քանի որ շատ էի ուզում տեսնել, թե ինչ «գույն կառնի» կաղ սատանա կոչեցյալ մարդը ծեր կնոջ սաստկական, մահացու զգուշացումից: Բացի այդ, ինձ համար անչափ հետաքրքրական էր. կա՞ր, արդյոք, մի ինչ-որ ազդեցիկ, զորեղ ուժ, որի առաջ կարող էր ծնկի գալ «հասարակական չարիքի» այդ սևակնած հոգին: Պարզվեց, որ` «ՈՉ», չկա, առայժմ գոյություն չունի (որոշեցի ինքս ինձ), որովհետև այդ անճոռնի մարդը, առանց հետ ու առաջ անելու, իմ պատանեկան սնապարծությամբ արտասանած խոսքի վրա այնպիսի անհաշտ կատաղի թշնամանքով հարվածեց իրեն պարզված ձեռքիս, որ հինգ կոպեկանոցները շաղ եկան աջ ու ձախ, որոնցից մեկը ես այդպես էլ չգտա, ինչքան էլ չորս կողմը ման եկա: Ստիպված սեփական խնայողություններից վերականգնեցի դրամական թեկուզև չնչին, բայցևայնպես կորուստը, որպեսզի անպատիվ չլինեի ծեր կնոջ առաջ, որքան էլ մեղավորություն չունեի կատարվածի համար:

Շատ ավելի բարդ էր «բարոյական վնասի» հատուցման հարցը. չէ՞ որ Սերան շարքային` ամեն քայլափոխի հանդիպող գնչուներից չէր, այլ, այսպես ասած, «տիտղոսակիր»` պայծառատեսի համարում վայելող անձնավորություն, որին չէր կարելի հասարակ (պարզունակ) կեղծիքով կերակրել: Գոնե ես համոզված էի, թեպետև ուրիշ ճար չունեի: Ես նրան ստեցի` ասելով, թե այսօր բլիթներ չեն մատակարարել, քանի որ արտադրամասում «ալյուրը վերջացել է», և որ, ըստ կրպակատիրոջ, վաղն արդեն արտադրությունը վերականգնված կլինի: Նա նույնիսկ նեղություն չկրեց հայացքը ինձ վրա դարձնելու, երբ լուռ լսում էր դատարկաձեռն վերադառնալուս պատճառը, որին հաջորդեց իսկապես էլ իր խորաթափանցությանը սազական հանդիմանությունը:

-Բայց դու հաղորդեցի՞ր իմ խոսքերը այդ չոլախ շանը, ինչպես որ խնդրել էի:

-Իհարկե, հենց որ աչքերը չռեց վրաս…

Գնչուհի Սերան պնդեց, որ կոպեկը ինձ պահեմ, որին ես հակառակել նույնպես չկարողացա:

Հետո նա սկսեց հարցուփորձ անել` ո՞վ եմ, որտե՞ղ եմ ապրում, ծնողներս ովքե՞ր են…Իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը ստանալով` Սերան կարծես հիվանդագին բժժանքից վերջնականապես ազատագրվեց և, առանց այլևայլության, բացականչեց (մի բան, որ մինչև օրս պղտորում է հոգիս, միտքս). «Օ՜…ահա թե ինչպիսին ես դու…»:

Թե ի՞նչ նկատի ուներ, և թե կա՞ր գնչուհու զառամյալ սրտում մի ինչ-որ նվիրական, անձնական գաղտնիք, որ միայն ու միայն իրեն էր հայտնի (որի մասին թույլատրված չէր հարցնել), այդպես էլ անորոշ ու անհայտ մնաց ինձ: Նա զգուշորեն, խնամքով և նույնիսկ հարգալից իր հոդատապից ծռմռված մատներով բռնեց ձեռքս, նստեցրեց իր կողքին, ապա բաց դարչնագույն, փայլատ աչքերը անըմբռնելի զմայլանքով տևական-խոհուն հառեց դեմքիս ու անէացավ այնքան ժամանակ, մինչև որ նրա վերացած հայացքի կախարդանքին այլևս չդիմանալով՝ ինձ համար անսպասելի արտասվեցի, լաց եղա… Հենց այդ օրը, այգու նստարանին նստած, պայծառատես կինն առաջին անգամ իմ կյանքում կանխատեսեց այն, ինչի մասին հայտնի է արդեն, և չեմ ուզում կրկնել: Միայն մի աննշան մանրամասն. Մարիան չկար, չէր երևացել հորիզոնում, երբ գնչուհին գուշակությունն արեց…Ու երբ այս դեպքից ամիսներ անց մեր տուն մտավ, ես հասկացա, որ նա մորս հուսահատ հրավերը չէր մերժել միայն մի պատճառով. որովհետև հեռակա տեսնում էր, որ ՎԵՐԻ ու ՎԱՐԻ ուժերը ամբողջ թափով գործի էին անցել, ինչպես և գուշակել էր:

17

Բախտագուշակ Սերան մեր տանը հայտնվեց ուրբաթ երեկոյան` ձեռքն առած իր ծալովի աթոռակը, որից գրեթե միշտ անբաժան էր: Մայրս, իսկույն ևեթ անիմանալիի շունչն իր վրա զգալով, ներքին այրոցքից կարմրատակած այտերով և իրեն ոչ բնորոշ` ենթագիտակցական շերտերից բխող սեթևեթանքով առաջնորդեց ծեր կնոջը մահճակալիս մոտ, որ ակադեմիկոսի այրու խորհրդով տեղափոխվել էր հյուրասենյակ` երկփեղկ, լուսավոր պատուհանի տակ: Անհավատալի է, բայց ես իմ բոլոր գաղտնի-բացահայտ ցավերն ու տառապանքը անհապաղ մոռացության մատնեցի, հենց որ ծեր գնչուհու չոր ցախի պես կերպարանքը բարձրից կախվեց գլխավերևումս և սկսեց ծուռ ժպտալ, որի տակ թաքնված որևէ խորհուրդ, որեւէ ակնարկ փնտրելու-գտնելու նպատակով չարժեր ավյուն ու եռանդ ծախսել` խելքամաղ չլինելու համար… Մյուս` ոչ պակաս նպաստավոր («բարերար») հանգամանքն էլ այն էր, որ բարձր առաստաղով հսկայական սենյակը պռնկեպռունկ լցվեց ոչ վաղ անցյալից ինձ ծանոթ հոտով:

Եվ այդ իսկ վայրկյանից սկսած ոչ մի ուրիշ զգացողություն, ոչ մի կողմնակի խոհ կամ տրամադրություն չէր կարող կենտրոնական, գերիշխող լինել, քան դիմանալը, սպասելն ու համբերելը` վերջիվերջո, ինչ էր պատրաստվում անել ինձ հետ` իմ վիրավոր հոգու հետ դիմացս տնկված նախապատմական (անդրջրհեղեղյան ժամանակների) «այծամարդու առասպելական հոտով» (սատանան գիտի, թե ինչ անցավ մտքովս) մարդը, որի հայտնվելով մեջս հանկարծ միանգամից զարթնեց հակառակության ըմբոստ ոգին, և քիչ էր մնում կրծքավանդակս ահռելի ուժով սեղմող անհասկանալի ցավից ոռնոցով դուրս թռչեի անկողնուցս ու փախչեի, ուր որ աչքս էր կտրում…Մինչդեռ նա ինքն էլ իր աչքից հաստատ կընկներ, եթե հայտնապես չկռահեր ու չհանդարտեցներ սրտիս հուրը, որ բռնկել էր գերբնականի վերահաս շնչից: Մայրս հեռվից, ինչպես անխոս սրբապատկեր, ուշադիր հետևում էր մեր ընտանեկան հարկի տակ երբևէ տեղի չունեցած աննախադեպ անցուդարձին, որի նախաձեռնությունը իրեն էր պատկանում: Դրանից էլ անասելի հուզվում էր…

Գնչուհին իր կոշտ-փշոտ ձեռքը դրեց ճակատիս և աչքերը փակ երգեցիկ ձայնով ծոր տվեց (ինչպես ես էի ընկալում) ինչ-որ հմայախոսություն, որը, խորթ ու օտարոտի լինելուց բացի, մեռած լեզուների շարքից էր թվում, թեև «հիվանդի վրա» ներգործելու արտասովոր հմայքով էր օժտված, ինչն էլ աչքի համար աննշմարելի-աներևույթ շոգիի նման, նախ, թափանցեց մաշկիս տակ, հետո բջիջ առ բջիջ սկսեց ծավալվել, լող տալ մարմնիս բոլոր հյուսվածքներում… Վաղուց արդեն սմքած-չորացած` «անկիրք» կնոջից (զարմանալիորեն նոր միայն հայտնաբերեցի` իսկը «կենդանի մեռել») մի այնպիսի ահարկու-դուրեկան ջերմություն էր հորդում, որ չզգացի, թե ոնց քուն մտա…Չեմ հիշի` որքան տևեց կախարդանքը, որ փաստորեն յուրատեսակ, հազվագյուտ «հաղորդության» ծես էր, բայց հստակ հիշում եմ` քրտինքի մեջ կորած բացեցի աչքերս և գլխապատառ կանչեցի. «Մա՜մ…»: Մայրս, քարարծվի պես թևերը փռելով, ուր որ է, պատրաստվում էր կուրորեն խոյահարել առաջին իսկ պատահածին, սակայն ինքն էլ չգիտեր` ո՞ւմ, ո՞ր կողմից…ո՞վ ինձ նեղացրեց: Ծեր կինը ձեռքի ծանրումեծ, պատկառելի նշանով սաստեց մորս թռիչքի պահին:

-Հանգիստ կաց, այ կին, քեզ մի կոտորիր…կանցնի-կգնա…Բա, ի՞նչ էիր ուզում, էդպես էլ պետք է լիներ…«Թռչնի տենդ» է:

Մայրս ոտքի վրա սփրթնեց լսածից, հակառակ որ գնչուհին փորձել էր հանգստացնել խեղճին. նկատելով, որ հիմա էլ փեշի տակից դուրս բերած յոդի սրվակով անանուն-կասկածելի (ճզմված փայտոջիլի գարշելի հոտով) լուծույթ է լղում գլխիս ընտրովի տեղերին` կոպերիս, բլթակներիս հետևը, քունքերիս, կզակիս տակ, խաթարված հավատով (դարձյալ չկողմնորոշվելով` ում և ինչի հավատալ, հավատա՞լ առհասարակ) հարցրեց, թե` «կյանքիս, առողջությանս ոչինչ չի՞ սպառնում»: Ինչպես և սպասելի էր, Սերան ոչ միանշանակ պատասխան տվեց բացարձակապես անվրդով և նույնիսկ հանդիսավոր, ինչն էլ ինձ առնվազն անխիղճ երևաց մորս տառապանքի հանդեպ, որ առանց այդ էլ կեղեքվում էր անմարդկային-անառողջ մթնոլորտից:

-Ես ձեր տուն եկողը չէի՜, կնիկարմատ, չկարծե՛ս, թե որ քո տղայի թիկունքին վտանգ չտեսնեի, հենց որ պատմեցիր ինձ նրա «թուլության» մասին… Դու, հո, լա՞վ գիտես, որ ես մասխարա բաների հետևից ընկնողը չեմ: Դրա համար էլ քեզ մոտ, քո տունը եկա:

Սրտիս զարկերը գնալով ավելի ու ավելի հաճախացան բախտագուշակ կնոջ ակնհայտ երկդիմի հղումից, որով նա մորս ափաշկարա հասկացնել էր տալիս, թե իրեն քաջ ծանոթ է ինձ հետ կատարվածի իրական «բնույթն ու էությունը», և թե ինքը հիմա այստեղ է, որպեսզի մոտիկից ծանոթանա իր իսկ կանխատեսման նախանշաններին, որոնք կարող են եւ ցավագին ընթացք ունենալ ջահելի համար…

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ