Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՐԴԱՆԱՆՑ ԿԱՆՉ
ՎԱՐԴԱՆԱՆՑ ԿԱՆՉ

Հնագույն մի ավանդություն կա` պատմում են՝ իբրև թե դարեր շարունակ Ակնաղբյուր գյուղի ծերերը այս ծառի մոտից են իրենց որդիներին բանակ կամ պատերազմ ճանապարհել ու հետն էլ հորդորել.
-Որդի, Զորավարի աղբրից ջուր խմիր, ձեռքդ Վարդանի ծառին քսիր, ու քեզ չարուչոռ չի դիպչի…
Ու նորից զորակոչ է հայրենյաց հողում… փառքդ շատ, Տեր, ուրեմն կանգուն է Հայոց բանակը, ուրեմն կապրի հայոց աշխարհը…
Արդեն քանի տարի «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը նոյեմբերի վերջին կիրակի օրը մեկնում է Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղ, որ շրջակա գյուղերի զինակոչիկ հայորդիներին հայոց բանակ ճանապարհի եւ տոն դարձնի այն հնագույն սովորույթը, որը կոչել ենք «Վարդանանց կանչ»:
Հայ ասպետները ամեն տարի մեծագույն սիրով են սպասում այս օրվան, երբ նորից պիտի գան ու կիսեն իրենց հայրենակիցների ուրախությունն ու հպարտությունը` իրենց անկախ հայրենիքում իրենց իսկ զավակներին ազգային բանակ ճանապարհելու համար:
Իսկ հայ ասպետների հետ ամեն անգամ սիրով գալիս են նաեւ այն երգիչ- երգչուհիները, որոնց համար նույնպես ամեն հայի տոն իր տոնն է, ամեն հայի զավակ իր զավակը` Լեյլա Սարիբեկյանը, Սոֆա Սայադյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը…
«Վարդանանց կանչը» սովորական տոն չէ, այն սահմանապահ տոն է, քանզի եթե սահմանն անցած թշնամին կարող է ոչնչացնել ֆիզիկապես, ապա ամեն մի մոռացված ազգային ավանդույթ կամ տոն ժողովրդին ոչնչացնում է հոգեբանորեն, մշակույթով ու հիշողությամբ:
Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի լեռան լանջին թիկն են տվել երբեմնի հսկայական տապալված կաղնու մասունքները:
Կաղնին սրբավայր է շրջակա գյուղերի բնակիչների համար, կաղնուն ու նրա տակից բխող աղբյուրի ջրերին բնակիչները հրաշագործ հատկություններ են վերագրում` բուժում են հիվանդներին, երազանքներ կատարում ու չարուչոռից հեռու պահում …Աղբյուրը Զորավարի աղբյուր են կոչում, ծառը` Մեծն սպարապետ Վարդանի ծառ…ու անհայտ է մնում` որն է այս մեծ հավատի իրական ակունքը` ծառի նկատմամբ նախաքրիստոնեական պաշտամու՞նքը, հայրենիքի պաշտպանի կարեւորու՞մը, թե` քրիստոնեական հավատի հզորությունը:
Պատմությունից հայտնի է, որ 450 թվին, Մեծ Հայքի հյուսիսային սահմաններին Խաղխաղի դաշտի ճակատամարտում պարսիկների դեմ տարած փառահեղ հաղթանակից հետո, տունդարձի ճանապարհին սպարապետ Վարդան Մամիկոնյանը առատաջուր մի աղբրի կողքին զորքին հանգիստ է տալիս, ու ի նշան հաղթության, հենց աղբրի ակունքին մի կաղնի տնկում: Ծառը մեծանում է, սաղարթակալում ու դառնում հսկա:
Հնագույն ավանդությունը պատմում է, թե դարեր շարունակ գյուղի ծերերը այս ծառի մոտից են իրենց որդիներին բանակ կամ կռիվ ճանապարհել ու հորդորել են.
– Որդի՛, Զորավարի աղբրից ջուր խմիր, ձեռքդ Վարդանի ծառին քսիր ու քեզ չարուչոռ չի դիպչի…
Բայց ավանդույթը վաղուց մոռացվել էր:
1500 տարի ապրել է Վարդանի ծառը, կռիվ տվել ժամանակի ու բնության արհավիրքների դեմ, ու 1500 տարի ծառի հետ կռիվ է տվել նաեւ ժողովրդի նախնյաց հիշողությունը, կռիվ է տվել հավատը, ու հենց հավատով վառած մոմերից էլ … 1975 թվի աշնանային մի փոթորկոտ օր ճղակոտոր գետին է տապալվել…
Հավատը վախով չես սպանի, կստիպես միայն ավելի խոր թաքցնել….ժողովրդի հիշողության խորքերում անթեղված հավատը չերերաց անգամ խորհրդային աթեիզմի բռնատիրությունից, ու կործանված ծառի հսկա փչակը խորան դարձավ, որտեղից էլ երբեք չկտրվեց քամուց մլմլացող մոմի ծուխը…, չկտրվեց նաեւ հավատավորների հոսքը դեպի սրբավայր…
1976-ին Վարդանի ծառին այցի եկավ հայ ժողովրդի ռազմավարական դարավոր տաղանդի փառահեղ ժառանգորդը` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը ու ժառանգականության խորհրդով էլ կործանված ծառի կողքին մի քանի կաղնի տնկեց:
2005 թվին ավանդույթը նորից նշվեց ու նոր շունչ առավ. շրջակա գյուղերի 40 նորակոչիկների հայրեր նորից իրենց որդիներին առաջնորդեցին դեպի Զորավարի աղբյուր, որ ջուր խմեն, ձեռքները Վարդանի ծառին քսեն, իրենք էլ մի-մի կաղնի տնկեն, օրհնություն ստանան ու հավատով մեկնեն հայոց բանակ՝ ծառայելու:
Տոն դարձած ավանդույթը ժողովրդի հիշողության ծալքերում Զորավարի ծառ ու ջրի հրաշագործության թարմ դեպքեր էր վեր հանում… Արցախյան պատերազմի օրերին գյուղից շատերը մեկնեցին պաշտպանելու հայոց սահմաններն ու Արցախ աշխարհը, վիրավորվեցին ու հաշմանդամ դարձան, բայց բոլորն էլ տուն դարձան:
Դժվար է որոշել հասկանալիի ու անհասկանալիի սահմանները… Ծառն ի՞նչ ուժ կարող է ունենալ իր մեջ … ինչի՞ն է հավատում ժողովուրդը…հավատ սեփական ուժի՞, ծառի զորության ու նախնյաց ոգու՞ նկատմամբ… հավատ, որ պատերազմում բախվում են զենքերն ու զորքը, բայց հաղթում է ոգի՞ն….
Կործանված ծառի սրբազան մասունքները օր օրի մաշվում էին, պակասում …եւ որոշվեց նույն տեղում եկեղեցի կառուցել …որ հավատն ավելի քարեղեն դառնա ու հարատեւի:

Դարեր՛, դարեր են անցել, եւ մեր էության մեջ դեռ որոտում, դղրդում է Վարդանի Ավարայրյան խոսքը` ուղղված հայոց բանակին. «Խիզախության հետ վախ մի խառնեք, Վախը թերահավատության նշան է…Մահն ընդունենք ուրախ սրտով»:
«Վարդա՛ն, զորավա՛ր, եւ զորավորդ հայոց, անցած, գոյ եւ գալոց մեր սերունդների անունից համբո՛ւյր Ավարայրի՛դ, համբո՛ւյր անունիդ…»: Մեկուկես հազարամյակ առաջ հայ զինվորը տվեց հայրենապաշտության ու անձնվիրության գերագույն չափը, որով եւ մի անգամ ընդմիշտ լուծեց հաղթանակելու գաղտնիքը:
«Ոգու մարդը-ահա՛ սխրագործելու, մեծագործելու կարող ղեկավարը…նա, ով Տղմուտի ափերում դարերին իմացյալ մահով անմահանալու ճամփան մատնանշեց` հրաշունչ Մամիկոնյանը, որն իր արյունով հաստատեց, թե չի կարելի մարել այն, որն էությամբ անմարելի է` հայկական ոգին» (Նժդեհ):
Ահա այս ոգին է, որ ամեն տարի Ակնաղբյուր գյուղում հավաքում է հարյուրավոր մարդկանց, այս ոգին է, որ մենք ի պահ ենք տալիս մեր զավակներին եւ ճանապարհում բանակ, այս ոգով է ամեն մի մայր իր զավակին օրորում, մեծացնում եւ դարձնում հայրենիքի զինվոր: Սիրելի՛ մայրեր, Հայոց մայրեր, փառք Ձեզ ու պատիվ, քանի որ Ձեր սրտի մորմոքով ու հոգու կարոտով են պաշտպանվում հայոց սահմանները, Ձեր թաքցրած արցունքներից ու հայրենապաշտ գիտակցությունից է սնվում հայ զինվորի անվեհերությունն ու հպարտությունը: Սիրելի՛ մայրեր, ժամը եկավ, ձեր որդին էլ պիտի զինվոր դառնա, հայ զինվոր` Գեւորգ Չաուշի ու Աղբյուր Սերոբի, Արաբոյի ու Սեւքարեցի Սաքոյի, բոլոր-բոլոր ֆիդայիների գործը շարունակողը:
Ահա այս գիտակցությամբ տասնյակ զինակոչիկներ լվացվում են աղբյուրի ջրով, ձեռքները քսում Վարդանի ծառին ու շարժվում դեպի ավտոբուսները …

ՍԵՅՐԱՆ ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ

Վարդանանց ուխտի խորհուրդը

Պատմության էջերը թերթելիս հաճախ եմ ինքս ինձ հարցրել՝ ինչո՞ւ հայ ժողովուրդը իր մղած անթիվ-անհամար հաղթական պատերազմներից իր գոյատեւության խորհրդանիշ ընտրեց մի ազատամարտ, որի ելքն ընդամենը բարոյական հաղթանակն էր։ Իսկապես՝ ինչո՞ւ։
Այս հարցի պատասխանը ես ստացա Սարդարապատի պատերազմի եւ Արցախյան ազատամարտի խորհուրդները յուրացնելիս։ Մի ժողովուրդ, որը երբեք ուրիշի ունեցվածքին աչք չի գցել, իր ազգային կերպը հաստատել է հայրենական պատերազմի մեջ։ Եվ պատմությունը հաստատեց ժողովրդի ճշմարտացիությունը՝ բոլոր այն պատերազմներում, որոնք վերածվել են հայրենական պատերազմների, հայ ժողովուրդը հաղթել է։
Վարդանանց պատերազմը, որ բռնկվել է հազար հինգ հարյուր հիսունհինգ տարի առաջ, չի ավարտվել տակավին։ 1555 տարի շարունակ մի խումբ մարդիկ՝ նախարարներ, հոգեւորականներ, զինվորականներ, շինականներ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ միաբանության, հայրենի հավատքին նվիրվելու, ազատության համար կենաց-մահու վճռականությամբ կանգնելու վսեմության դասեր են տալիս սերունդներին, նրանց սրտերում միշտ բորբոք պահելով արժանապատիվ ապրելու վարքը։ Վարդանանց դասը հրաշալիորեն ստացավ նաեւ մեր օրերի սերունդը։ Արցախյանը պատերազմի հաղթանակը ձեռք բերվեց միաբան կամքի, հավաքականության շնորհիվ միայն, ազատ ապրելու, հայրենիքը օտարի լծից զերծ պահելու անհուն ձգտման արդյունքում։
Մեր սուրբ նախնիների՝ Վարդանանց ուխտի խորհուրդը լոկ պատերազմի ժամանակ չէ, որ հառնում է մեր առաջ, այն մենք պարտավոր ենք ընդունել եւ նրա դրոշով ընթանալ նաեւ խաղաղ օրերի մեջ։ Որովհետեւ հաղթանակի պտուղները հնարավոր է պահել եւ նորանոր հաղթանակների հասնել դարձյալ ու դարձյալ Վարդանանց վարքի շնորհիվ, վարք, որ մենք նախանձախնդրորեն պիտի ամուր պահենք մեր ազգային բարոյականության հիմքում՝ հզոր եւ բարգավաճ երկիր, ապահով ապագա ունենալու համար։

ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ