Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է
ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է

Ավանդաբար տարեվերջին բոլոր կառույցներում ամփոփվում են կատարված աշխատանքները, ի մի են բերվում ձեռքբերումներն ու թերացումները, վերլուծվում դրանց պատճառներն ու նախանշվում զարգացման հետագա ուղիները: Դեկտեմբերի 24-ին մամուլի ասուլիս էր կազմակերպվել ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունում, որի ընթացքում վարչության պետ գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը ներկայացրեց 2010թ. սահմանապահների գործունեության արդյունքները, պատասխանեց ոլորտին առնչվող տարաբնույթ հարցերի: Իր խոսքում նա նշեց, որ Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի պահպանության խնդիրը անցնող տարում հաջողությամբ կատարվել է: Սահմանապահ ջոկատների պատասխանատվության գոտիներում եւ անցագրային կետերում բռնվել են պետական սահմանը խախտած ավելի քան 600 անձ, սահմանային եւ պետական սահմանի ռեժիմների շուրջ 40 խախտողներ: Բռնագրավվել է շուրջ 140 միավոր հրազեն եւ սառը զենք, ավելի քան 800 000 ռուբլի արժողությամբ մաքսանենգ ապրանք, 7կգ թմրանյութ եւ հոգեմետ դեղամիջոց, մոտ 3000 մարդու փաստաթղթերում անճշտություններ են գրանցվել, 2000-ին թույլ չի տրվել անցնել սահմանը, կանխվել են ընտանի կենդանիների գողության ու սահմանով տեղափոխման փորձեր: Ցուցանիշները խոսուն են եւ սահմանապահ վարչության ամենօրյա լարված ու պրոֆեսիոնալ աշխատանքի վկայությունն են: Ընդհանուր առմամբ, բոլոր օղակների համալիր ղեկավարման կարգը, սահմանապահների ուսուցանման մեթոդները, մարտական պատրաստության, զինվորական կարգուկանոնի ներկայիս մակարդակը թույլ են տալիս արդյունավետ կատարել առաջադրվող խնդիրները նաեւ 2011թ.: Դրան մեծապես նպաստում է նաեւ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության, մարզպետների, բնակչության հետ սերտ համագործակցությունը: Խոսելով այդ մասին` գեներալ-լեյտենանտն առանձնացրեց այն փաստը, որ ոչ մի պաշտոնյա, սահմանային շրջանի բնակիչ անտարբեր չէ իրենց խնդիրների հանդեպ: Հատկապես սերտ կապեր են հաստատվել Ազգային անվտանգության խորհրդի հետ, մշակվում է սահմանային ոլորտի զարգացման եւ կատարելագործման ծրագիր:
Շարունակական են զինծառայողների սոցիալ-կենցաղային եւ ծառայողական պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, միայն անցնող տարում վարչությանը ենթակա շուրջ հիսուն օբյեկտում կապիտալ նորոգում է կատարվել, տարբեր նպատակներով ծախսվել է 760 միլիոն դրամ: Պարբերաբար թարմացվում են տեխնիկան եւ սպառազինությունը:
Չի փոխվել ստորաբաժանումների կոմպլեկտավորման կարգը. ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ սահմանապահ վարչությունում այսօր ծառայում են պարտադիր ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ` ընդհանուր թվակազմի համապատասխանաբար 24 եւ 68 տոկոս հարաբերակցությամբ, ինչը առանձնահատուկ խնդիրներ է առաջացնում ուսումնական եւ մարտական պատրաստության ժամանակ: Մյուս առանձնահատկությունն այն է, որ անձնակազմը բազմազգ է. այստեղ կողք կողքի ծառայում են հայեր, ռուսներ, թաթարներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Գեներալ-լեյտենանտը նշեց, որ Հայաստանին բնորոշ է բնակլիմայական գոտիների բազմազանությունը, որոշ հատվածներում տեղանքը բարդ է, ինչը, սակայն, չի խանգարում սահմանապահի մասնագիտական պարտականությունների կատարմանը:
Ամփոփագրերի վերլուծությունը թույլ է տալիս հայտարարել, որ օրինազանցների գերակշռող մասը սահմանի այն կողմից է: Գեներալը հայտնեց, որ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել Թուրքիայի, Իրանի սահմանապահ ծառայությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ խախտումների պատճառները բացահայտելու, դրանք նվազագույնի հասցնելու համար: Պատասխանելով Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման վերաբերյալ հարցին` նա նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում, ՀՀ իշխանությունների սահմանած կարգով, կբացվեն անցագրային կետեր եւ կսպասարկվեն այժմ գործող մյուս անցակետերի նման:
Տարվա ընթացքում բոլոր սահմանապահ ջոկատներում ստուգումներ են անցկացվել, գեներալ-լեյտենանտ Վլասովն անձամբ շրջել է սահմանի ողջ երկայնքով, ծանոթացել օպերատիվ իրավիճակին: Այդ ստուգումների արդյունքների, բոլոր ցուցանիշների համադրմամբ՝ Մեղրիի սահմանապահ ջոկատը լավագույնն է ճանաչվել սահմանապահ վարչությունում, բազմաթիվ զինծառայողներ պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով, խրախուսվել են պատվոգրերով եւ այլ եղանակներով:
Վերջում Վիկտոր Վլասովը շնորհավորեց բոլորին գալիք տոների կապակցությամբ, մաղթեց հետագա բեղմնավոր աշխատանք, մասնագիտական հաջողություններ պետական սահմանի պահպանության կարեւոր ու պատասխանատու առաքելությունն իրականացնելիս, նաեւ հավելեց, որ Ամանորը նշելու է Հայաստանում իր ենթակաների կողքին:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան