Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ
ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

Սկիզբը՝ նախորդ համարներում

15

-Ինչքան էլ ինքս ինձ նզովյալ վախկոտի մեկը համարեի (քանի որ անզոր էի, անկարող խոստովանելու Մարիայի հանդեպ զգացմունքս), միևնույն է, հերիք էր մտածեի, որ վաղը նորից եմ տեսնելու նրան, աննկատ մոտենալու և խելակորույս կլանելու եմ լեռնային առվակի պես մաքուր, անապակ մարմնի շունչը, վարսերի անուշ բույրը, գիշերվա անթափանց մթնում անգամ ինձ համար արև էր ծագում հենց միայն երազներիս թագուհուն վերստին հանդիպելու վայելքից: Եվ անպտուղ տառապանքս ինձ այնքան թանկ, այնքան քաղցր էր թվում, որ երջանկությունից մինչև լույս արթուն էի մնում` հաշվելով ժամերը, րոպեներն ու վայրկյանները… Ու հանկարծ մի առավոտ զարհուրած բացում եմ աչքերս եւ հասկանում, որ տապալված եմ, խորտակված` առանց կորցրածը վերադարձնելու որևէ հույսի, առանց հույսի նշույլ ունենալու իրավունքի, ինչպես բաց ծովում լողացող հսկա, անխարիսխ նավի միակ և վերջին ուղևորը: Չկար, այլևս երբեք չէր լինելու զվարթուն պանին իմ «ընդհատված ճանապարհի» խաչմերուկում, որտեղ մի օր, մեզնից անկախ, խաչվել էին մեր ուղիները: Չէր խուժելու այլևս «անկոչ հյուրի» նման իմ ոգեղեն, անձեռակերտ ամրոցի պատերից ներս, ինչպես «բարբարոս զավթիչ», որին ես առաջվանից ավելի խելագար կրքով ու սպասումով էի տրվելու իմ ցնորքներում` առավոտից իրիկուն բնազդորեն փնտրելով նրան` նրա ստվերը այն վայրերում, որտեղով քայլել-անցել էր երազներիս թագուհին, այն բոլոր-բոլոր մարդկանց կողքին, անշունչ առարկաների մեջ, որոնց հպվել-քսվել էր նրա խնամված, ազնվական ձեռքի ափը…շորի փեշը… Էլ չէի լսելու նրա կարկաչուն ծիծաղը, որոտան ձայնը, որ դեռ երկար, շատ երկար զրնգում էր ականջներումս մինչև այն ժամը, երբ տանջալի մտածումներից ծանրացած-դժժացող գլուխս դնում էի բարձին, որպեսզի քնեմ … Դեռ երբեք այդչափ շոշափելի, այդքան առարկայորեն չէի զգացել ու ճաշակել սեփական ճղճիմության դառը-թունոտ պտուղները, ինչն էլ ինձ, իրոք, անխնա գետնին տապալեց Մարիայի հեռանալուց մի քանի օր անց:

Դասերից հետո ծանոթ մարդիկ մոտակա այգու տարածքից գրկած տուն էին հասցրել ինձ` իմ ուշագնաց մարմինը ու դրել անկողին: Ես ինքս էլ անհաղորդ էի եղել, թե ինչպես է կամաց-կամաց մարում գիտակցությունս: Ոչ ոք հրավիրված բժիշկներից այդպես էլ հստակ ախտորոշում չտվեց ինձ պատուհասած «ցավի» մասին, մանավանդ որ ոչ մի տեղս չէր ցավում: Ոմանք հակված էին այն եզրակացության, թե «ուղեղի ֆունկցիայի սպեցիֆիկ խանգարումը հար և նման է գլուխ բարձրացրած տենդախտի կանխանշաններին, որի դրսևորումներից մեկն էլ, իր հերթին, շատ է նման ընկնավորության նոպայի…»: Մեր մեջ ասած` այդպես էլ գլուխ չհանեցին` իրականում ինչ «մոծակ» էր ինձ խայթել: Բժշկության տեսանկյունից ես և՛ առողջ էի, և՛…«հիվանդ», միայն թե ոչ ոք, ինձնից բացի, ավելի ստույգ չէր պատմի ինձ պատած «ցավի» և դրա պատճառների մասին (մեկ է` գնդակահարեին էլ, բերանիցս խոսք դուրս չէին քաշի):

Մեկ շաբաթից մի քիչ պակաս պառկեցի անկողնում` շարունակ անզգայության թմբիրի մեջ թաղված` չունենալով ո՛չ ուտելու, ո՛չ խմելու, ո՛չ էլ, առավել ևս, որևէ մեկի հետ կիսվելու ցանկություն. երբ հաճախ կիսանիրհ-կիսաերազում Մարիայի չքնաղ պատկերն էի տեսնում, որ անվերջ համոզում էր, կրկնում` «գնանք ինձ հետ…առանց քեզ ես չեմ ապրի…դու էլ` առանց ինձ… Ուրիշ հնարավորություն մեզ տրված չի, սիրելիս…»: Եվ ուզում էի հավերժ քուն մտնել, չարթնանալ, որպեսզի տեսիլքը չանհետանար, միշտ մնար ինձ հետ…բայց, չգիտես որտեղից, ինչ մուժ ու խավարից իմ բյուրեղյա երազի տիրույթ էր ներխուժում հորս հալածական ուրվականը` ոխակալ Էրինիներով շրջապատված և սովորականի նման իր ահարկու շնչով ցիր ու ցան էր անում շուրջս հավաքված հրեշտակներին, որոնք՝ որպես մշտարթուն-բերեխոս էակներ, հերթապահում էին իմ և երազիս արանքում՝ սնարիս մոտ, որպեսզի հավերժ քնով չտարվեի…Եվ ես դժկամորեն բացում էի կոպերս, որոնց վրա մահացու, սրտակեղեք թախիծ էր ծանրացել. տեսնում էի մորս` նրա անմարդկային կսկիծից դեղին-սմքած դեմքը, հանգած մոխիրներ հիշեցնող ահագին աչքերը, որոնցում ինձ կորցնելու սարսափն էր սառել: (Երբ հանկարծահաս կարկամությունն ու թուլությունը վերջապես լքեցին մարմինս, և ես ոտքի կանգնեցի, նրանից մի բուռ էր մնացել, այնքան էր թաքուն ու բացահայտ հեծեծել սրա-նրա առաջ` խնդրելով, որ մի ճար անեն, փրկեն ինձ` հանուն բոլոր սրբերի):

Էլ ով ասես, էլ ում ասես, որ տկարությանս այդ մի քանի օրերի ընթացքում մորս հուսահատ, հերոսական մաքառումները և պարզապես մարդկային-անզուգական նկարագիրը մեր համեստ ու հասարակ տունը չբերեց: Հռչակավոր գիտնականներ, գիտությունների կաճառի իսկական անդամներ, կենսաքիմիկոսներ, բնագիտության պրոֆեսորներ, որոնք այն ժամանակ արդեն իսկ պատկառելի տարիք ունեին և մեր հարևանությամբ ապրելով` եկել էին մարդկայնորեն աջակցելու մորս և, իհարկե, քաջալերելու ինձ, որպեսզի արագ դուրս գամ վհատության վիճակից: Ինչ խոսք, հիմա էլ խոնարհվում եմ նրանց մեծության և վաստակի առաջ, բայց ինձ, չգիտես ինչու, թվում էր, նույնիսկ համոզված էի, որ այդ պաշտելի մարդկանց ներկայությունը շատ ավելի նպաստավոր ու իմաստակիր կլիներ, եթե նրանք նույնպիսի կազմով, ասենք, այցի գային ինձ իմ ծննդյան տարեդարձի օրը, որից հետո թերևս արժեր լրջորեն խորհել արժեքավորի և անարժեքի, անցողիկի ու հավերժականի մասին և չընկնել երբևէ վհատության գիրկը: Այնուամենայնիվ, նրանց օրինակելի, վարակիչ խոսք ու զրույցից ուզում եմ առանձնացնել մեր դրկից պարոն Վաղարշի` օրգանական քիմիայի ազգային ինստիտուտի հիմնադիր տնօրենի, ակադեմիկոսի այրու` տիկին Երանուհու, որ Զալցբուրգի համալսարանի հոգեբանության և հոգեվերլուծության ֆակուլտետի շրջանավարտ էր, գիտական աստիճան պաշտպանած մի շատ արիստոկրատ կին, ոսկեղենիկ հայերենով արտասանած սրտառուչ խոսքը, որը տերունական աղոթքի զորություն ուներ և, կարծեմ, քիչ թե շատ մխիթարեց մորս:

«Եկեք մի պահ երևակայենք, աղավնյակս, որ մարդու միտքը, այն էլ ազնվագույն երիտասարդի, այնպիսի անհնարին բարձունքների է հասել, որի մասին մենք ձեզ հետ կարող ենք միմիայն կռահել, ինչ-որ հավանական կամ նույնիսկ որոշակի պատկերներ գծագրել, մինչդեռ ոգի՜ն…Բոլորովին այլ է ՈԳՈՒ բանը, աղավնյակս, որն ընդունակ է հազար ու մի տեսանելի-աներեւույթ թելերով անհաշտ պայքարի մեջ մտնելու քմահաճ մտքի հետ, և հենց այդ ներքին անհամապատասխանությունից էլ շատ հաճախ տառապում է մարդուս հոգին, ցնցվում, ինչպես Երկրի միջուկը, որից էլ հիվանդանում է մարմինը` նվազ կամ առավել խոցելի: Նայած, թե ինչպիսի ուժգնության հույզեր են կառավարում մեզ, ինչ ՏԵՆՉ է առաջնորդում… Ամենակարևորը` ո՞ւմ է պատկանում մարմինը, որում հանգրվանել են այդ երկու ահեղ, իրարամերժ ազդակները` առաջընթացի և հաջողության գրավականները, որոնց համասեռ համընկնումն ու միասին հանդես գալը բնության մեջ շատ հազվադեպ է պատահում և կարող է հրաշքներ գործել մարդու հետ` մարդու միջոցով, հոգյակս…Ավաղ, քիչ, բայց մեր օրերում էլ պատահում են վառ անհատականություններ, որոնց ճկուն միտքը, համագործակցելով սառը դատողության հետ, ունակ է, ինչպես ասում են, օդում` սլացքի պահին, անհրաժեշտ ալիքի կատարին որսալու, իրենով անելու ՀՐԵՂԵՆ ՈԳԻՆ, որն էլ, ինչպես հայտնի է հնուց անտի, ի զորու է թռիչքի համար թևեր պարգևելու նույնիսկ ամենաապիկար մարմնի տիրոջը` անկախ նպատակի կամ նշանակետի բովանդակությունից: Լինի սիրո մեծ ԶԳԱՑՄՈՒՆՔ, թե ամեն գնով տիրելու, իշխելու սարսռազդու, կործանարար ՄՈԼՈՒՑՔ: Այնպես որ, անուշիկս, չարժե չափից ավելի անհանգստանալ, որովհետև ձեր որդու պես փխրուն սիրտ ունեցող երիտասարդի դեպքը հարկ է նույնիսկ օրինաչափ համարել: Մի՞թե չեք հասկացել, իմ անուշիկ աղջիկ, որ, այսպես կոչված, «խորհրդավոր մի ձեռք» հենց թռիչքի պահին, յոթերորդ երկնքում, երանության մեջ անջատել է տղայի «սավառնակի շարժիչը»: Եվ այն ամենը, ինչի մասին գիշեր-ցերեկ երազել էր, տենչացել` կարծելով, թե իր ջահել անսանձ մտքի զորության շնորհիվ ընդմիշտ իրեն է պատկանում, մի գեղեցիկ օր արևադարձային թռչնակի պես չվում է, գնում տաք երկրներ` ամայացնելով մարմինն ու հոգին խորքից: Իմ պառավ սիրտն ինձ հուշում է, որ հենց այդպիսի ցավագին «խզումն է» գլխավոր պատճառը երիտասարդի սրտի վհատության:

Խեղճ մայրս, որ լրիվ չէր ձերբազատվել իրեն կեղեքող կպչուն մտքերից ու տագնապներից, հավանաբար ամբողջ խորությամբ չընկալեց կյանքի շարժիչ ուժերի մասին մատուցվող նյութի իրական նշանակությունը, որ մեկ այցի ընթացքում կարողացավ պեղել-վեր հանել էությանս ընդերքից ակադեմիկոսի այրին: Միակ խելքին մոտ հետևությունը, որին ներքուստ հակված էր մայրս, և որն էլ, ի վերջո, բարձրաձայնեց, իմ «հոգու ապահովության» շուրջն էր պտտվում, ինչն էլ ինձ վաղուց էր հայտնի:

-Ուրեմն, անհանգստանալու կարիք իսկապես էլ չկա՞,- հարցրեց մայրս` նայելով ուղիղ կնոջ բերանին, որից բախտորոշ պատասխան էր ակնկալում:

-Անհանգստանալ, անշուշտ, պետք է, աղավնյակս, և նույնիսկ անհրաժեշտ, չէ որ դուք մայր եք, և նա էլ, որքան ինձ հայտնի է, ձեր միակ արու զավակը, բայց կրկնում եմ՝ ամեն ինչ չափի մեջ, որպեսզի կարողանաք առանց խուճապի գնահատել երևույթի իրական վիճակը: Առայժմ թող պառկի, թող հանգստանա. ՍՐՏԻ կորովը վերականգնելու համար տևական ժամանակ կպահանջվի. տղան փայլուն տվյալներ ունի, շատերի համար` նախանձելի, և, եթե ինձ չի դավաճանում զառամյալի զգացողությունս, պետք է որ զորեղ կամքի տեր լինի երիտասարդը, թե որ կարողացել է դիմադրել ու դիմանալ արժանապատվորեն… Ինձ թվում է, որ նա հիմա, հոգյակս, հաստատ ծիծաղում է ծեր պառավիս դատողությունների վրա, որովհետև, իրենից բացի, ոչ մի բժիշկ, ոչ մի հոգեբան (իհարկե` չնսեմացնելով նրանց դերը մեր կյանքում) ի վիճակի չէ հասկանալու, գնահատելու իր ներսը տիրող «քիմիան», որից զերծ չէ արարածներիցս ոչ ոք, քանի դեռ գտնվում ենք Աստծո ողորմածության տակ: Ենթակա ենք ՆՐԱ աշխարհաստեղծ և աշխարհակործան ԿԱՄՔԻՆ` ուզենք թե չուզենք, հավատանք, թե ոչ: Ուրեմն, լցվենք բարի գործերի հանդեպ աստվածային լույսով և սպասենք փրկարար հայտնության, երբ հոգու և մարմնի միջև ԱՆՋՐՊԵՏԸ իսպառ կվերանա: Եվ ասպետի իր կացարանը կվերադառնա ժամանակավորապես անհետացած ՈԳԻՆ: Այնժամ, ո՞վ կարող է պնդել, թե իսկապես էլ երկար սպասված ՀՐԱՇՔԸ տեղի չի ունենա:

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ