Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՁԳՏՈՒՄ ԵՄ ՈՉ ՄԵԿԻՑ ՀԵՏ ՉՄՆԱԼ
ՁԳՏՈՒՄ ԵՄ ՈՉ ՄԵԿԻՑ ՀԵՏ ՉՄՆԱԼ

ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆ
Եֆրեյտոր

Անցած տարի զորակոչվեցի կապի ուսումնական զորամաս: Ճիշտն ասած՝ մտքովս երբեք չէր անցել, որ օրերից մի օր կդառնամ կապավոր, և թող անհամեստություն չթվա, եթե ասեմ` հմուտ կապավոր եմ, որին այսօր լուրջ մարտական խնդիր է վստահված: Դեռևս ուսումնական զորամասում մեզ ուսուցանող սպաները, խոսելով առհասարակ կյանքի բոլոր բնագավառներում կապի կարևորության մասին, ասում էին, որ այն գործառույթները, որոնք կենդանի օրգանիզմում կատարում է նյարդը, այդ նույն նշանակությունն ու կարևորությունը կյանքում ունի կապը, որ այսօր, առանց ժամանակակից կապի միջոցներին ու դրա գաղտնիքներին տիրապետելու, դժվար, կարելի է ասել` անհնարին կլինի արդի մարտահրավերներին դիմակայելը, ժամանակակից պատերազմներում հաջողություն ունենալը: Եվ ես, ականջալուր նրանց խոսքերին, այնպես սովորեցի, որ գերազանց հանձնեմ ավարտական քննությունները:

Դեռևս ուսումնական զորամասում դասակի համանատար, ենթասպա Համլետ Մարգարյանը միշտ ինձ էր հանձնարարում մեր դասակի մասնագիտական պատրաստությունից հետ մնացող, թույլ զինվորների հետ լրացուցիչ պարապմունքներ անցկացնելը, ինչը ես պատվով էի կատարում: Լրացավ ծառայությանս յոթերորդ ամիսը: Հավատացնում եմ, երբեք մտքովս չի անցել ծառայությանս օրերը հաշվել՝ մտածելով, թե՝ «երբ կանցնի երկու տարին»: Երբե՛ք:

Այժմ ծառայում եմ գնդապետ Ս. Գևորգյանի հրամանատարությամբ գործող զորամասում՝ որպես ռադիոկայանի ավագ հեռախոսավար: Ասեմ նաեւ, որ ռադիոկայանը նախատեսված է ցամաքային զորատեսակների միջև կապ հաստատելու համար: Եթե տագնապ է՝ անմիջապես գործի ենք դնում ռադիոկայանը և դուրս գալիս նշանակման վայր: Մեր երեք հոգանոց անձնակազմը` պետը (պայմանագրային), շարքային Արամ Վարդանյանը, վարորդ-էլեկտրիկ Աբրահամ Հովհաննիսյանն ու ես նշանակման վայրում անցկացնում ենք մարտական հերթապահություն` կապ հաստատելով տարբեր ծառայությունների, զորամասերի միջև: Առօրյա ծառայությունս էլ միշտ անցնում է ռադիոկայանում. բացազատում ենք այն, տալիս փորձնական կապ… Մեր ռադիոկայանը աչալրջորեն է կատարում մարտական հերթապահությունը: Մինչ օրս, սատանի ականջը խուլ, կապի խափանում չի եղել, թեև դրան էլ ենք պատրաստ. հաշված րոպեների ընթացքում կվերականգնենք:

Իմ խնդիրը վարորդ-էլեկտրիկի հետ մշտապես մեզ վստահված ռադիոկայանի սարքինությանը հետևելն է, ալեհավաքները բացազատելն ու դրանք մաքուր պահելը, ինչպես նաև փորձնական կապ տալը, ապա՝ սարքավորումները փակելն ու հավաքելը: Ճիշտ է՝ առաջնագծում չեմ ծառայում, բայց, երբ վստահեն, բարեխղճորեն կծառայեմ նաև մարտական դիրքում:

Այս զորամասում ինձ հետ կողք կողքի ծառայում են նաև հորեղբորս երեք տղաները՝ Խորենը, Հովոն, Հայկը, որոնք ՌԴ-ից են եկել կամավոր բանակում ծառայելու: Մեր երակներով սասունցու արյուն է հոսում, և մենք ծառայությանը, մարտական առաջադրանքի կատարմանը զինվոր սասունցու աչքերով ենք նայում:

Ուզում եմ նաև ասել, որ մարտավարամասնագիտական, կրակային, շարային, 1 կմ և 100 մ վազքից՝ «գերազանց», իսկ ֆիզպատրաստությունից և ՀՊՊ-ից` «լավ» գնահատականի եմ արժանացել:

Ծառայության սկզբում պտտաձողի վրա երկու անգամից ավելի ի վիճակի չէի ձգվել, կես մարդ էի դառնում, ամաչում էի… Թեպետ գյուղի տղա էի, (ծնվել եմ Կոշ գյուղում), ինչպես քաղաքում են ասում՝ գյուղի կաթ ու մածուն կերած, սակայն ֆիզիկապես թույլ էի… Մեկ ամսում ձգումներիս քանակը ավելացրի՝ արժանանալով լիարժեք «չորսի»:

Նոր ուսումնական փուլն սկսվել է: Համոզված եմ, որ կկարողանամ ուսումնական տարին գերազանց գնահատականներով փակել եւ արժանանալ նաև «Քաջարի մարտիկ» կրծքանշանի:

Չմոռանամ ասել, որ արդեն պարգևատրվել եմ «Լավագույն կապավոր» կրծքանշանով:

Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ