Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԴ-ՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ
ՌԴ-ՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ

ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2015» զորավարժությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 22-ից ՌԴ-ում է հայկական ստորաբաժանումը:

Շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Շարահրապարակում բարձրացվել են մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները, հնչել պետական օրհներգերը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը, բարձրաստիճան ներկայացուցիչներ մասնակից երկրներից և այլք:

Զորավարժության հիմնական խնդիրների իրագործմանը զուգահեռ, այս օրերի ընթացքում կազմակերպվել են նաև մարզական միջոցառումներ: Մասնակից պետությունների զինծառայողները միմյանց դեմ մրցել են տարբեր մարզաձևերում, և մեր ստորաբաժանումը լավագույն արդյունքներով արժանացել է բազմաթիվ պարգևների:

Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժության նախապատրաստական փուլի ավարտից հետո՝ օգոստոսի 26-ին, տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը, որի ընթացքում զորախմբերը գործել են համատեղ ու ներդաշնակ կատարելով առաջադրված խնդիրները:

«Փոխգործակցություն 2015» զորավարժությանը մասնակցում են մինչև 2000 զինծառայողներ, ներգրավված է 200 միավոր ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկա, ինչպես նաև՝ շուրջ 40 միավոր ավիացիա:

ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈՒ զինծառայողներին ճգնաժամային պայմաններում առավել արդյունավետ գործելու, համընդհանուր սպառնալիքների դիմագրավմանը միասնաբար հանդես գալու հնարավորություն ընձեռող, ինչպես նաև արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության և համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովմանը միտված զորավարժության վճռական փուլը օգոստոսի 28-ին է: