Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ



Սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրվա կապակցությամբ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող Արիության դասերն ավանդական են դարձել, և մեկ անգամ չէ, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի մեկն անցկացնում է դպրոցականների հետ` ոգեկոչելով արիության ու հայրենասիրության նախնյաց պատգամներն ու հայրենիքը զորացնելու հորդոր ուղղելով Հայաստանի վաղվա կառուցողներին: Այս տարի պաշտպանության նախարարը Երևանի Չայկովսկու անվան դպրոց էր եկել ընտանյոք հանդերձ` ծնողների և տիկնոջ հետ. առաջին անգամ դպրոց էր գնում նրա կրտսեր երեխան` Լաուրա Օհանյանը:

Չայկովսկու անվան դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար նոր ուսումնական տարվա առաջին դասը յուրահատուկ էր և հանդիսավոր. դասը վարում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը կարևորեց գիտելիքի, կրթության նշանակությունը ինչպես երիտասարդ սերնդի դաստիարակության, այնպես էլ հայ հասարակության նկարագրի ձևավորման գործում, քանի որ գիտելիքը այն հենքն է, որի վրա կառուցվում են անհատի և հասարակության զարգացումն ու առաջընթացը ապահովող բոլոր երաշխիքները: Իսկ գիտելիքի առաջին և ամենակարևոր օրրանը հանրակրթական դպրոցն է, որը միշտ էլ էական նշանակություն է ունեցել կրթության պաշտամունք ունեցող հայ ժողովրդի համար:

Նախարարը հիշեց, որ անգամ հայ ժողովրդի կենսագրության դժվարին, օրհասական օրերին հայոց դպրության օջախները չեն փակվել, շարունակել են գործել այն ամուր հավատով, որ հենց գիտելիքով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները, մտքի թռիչքով ենք նվաճելու մեր տեղը այս արևի տակ:

Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև Արցախյան պատերազմին` խաղաղությունն արժևորելու, նախնիների սխրանքներով հպարտանալու և հերոսական ավանդույթները շարունակելու անհրաժեշտությունը հուշելով դպրոցականներին: Միայն աներևակայելի կամք, սեր առ հայրենիք, վճռականություն ու խիզախություն էր պետք հաղթելու մարդկային-նյութական ռեսուրսով մեզ տասնապատիկ գերազանցող Ադրբեջանին, ազատագրելու մեր բռնադատված հողերը և ազատ հայրենիք ու հաղթողի հպարտություն նվիրելու բարձրացող սերնդին: Եվ ահա այդ նույն ոգով ու արիությամբ հայոց բանակը պաշտպանում է Արցախյան պատերազմի նվաճումները, սեփական հայրենիքի ու ժողովրդի անվտանգ կեցությունը:

Բանակը զարգանում է օր օրի, ի հեճուկս բոլոր դժվարությունների, հետ չի մնում ժամանակի ռիթմից և պահպանում է պարտադրողի իր կեցվածքը սահմանին, բանակը հաղթահարում է նաև ներքին խնդիրները` շարունակաբար դառնալով ավելի կարգապահ ու զարգանալով ավելի արդյունավետ: Մարդակենտրոն բանակի գաղափարը, զինվորին որպես անհատականություն տեսնելու գործելաոճը, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, միաբանության մթնոլորտը բանակի ներքին հարաբերությունները կատարելագործելու և բանակաշինության մեջ նոր նվաճումներ արձանագրելու հեռանկար են բացում:

Բանակի և ուսումնական հաստատությունների կապը խթանում է ռազմահայրենասիրական դաստիարակության արդյունավետությունը, բանակը դարձնում է առավել թափանցիկ ինչպես հասարակության, այնպես էլ երիտասարդների` ապագա զինվորների համար ու ստեղծում բանակի ու հասարակության գաղափարական միասնության հրաշալի նախադեպ: Նախարարը իր խոսքն ավարտեց այն ամուր համոզմունքով, որ բարձրացող սերունդը` զինված գիտելիքով, բազում առաքինություններով ու հայրենասիրությամբ, երաշխավորելու է հայրենիքը և հայ ժողովրդի անվտանգ ապագան, զորացնելու է հայրենիքը, հայ ժողովրդի անցած ճանապարհին ու փառքին վայել պատմություն է կերտելու ապագայում:

Վերջում պաշտպանության նախարարը խորհրդանշական նվեր հանձնեց Երևանի Չայկովսկու անվան դպրոցի տնօրենին` ի հիշատակ սեպտեմբերի 1-ի առաջին դասը միասին անցկացնելու գեղեցիկ հիշողության:

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (1103) 3.09.2015 – 9.09.2015, Բանակ և հասարակություն


03/09/2015