Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ



-Ամանորի այս օրը ուզում եմ շնորհավորել մեր զինվորներին, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում եւ նրանց, ովքեր պատվով կատարելով իրենց ծառայությունը, Ամանորը դիմավորում են հայրենի հարկի տակ։ Դիմում եմ իմ զինվորներին. Սիրելիներս, Դուք զինվոր եք ողջ կյանքի համար։ Ապրեք ձեր կյանքը հպարտորեն, որովհետեւ դուք բարձունքից տեսնում եք մեր հայրենիքի սահմանները։ Կանգնեցեք այդ սահմաններին տղամարդավարի, հպարտ, աչալուրջ։ Հողի տերը նա է, ով կարոտով ու գուրգուրանքով է վերաբերվում նրան։ Երբ հողը սիրում է իր տիրոջը՝ ծնվում են նոր Զորավարներ, Զորավորներ ու Երաժիշտներ։
Եվ Ամանորի այս գիշեր ձեզ՝ որպես մեր հերոսական պատմությունը շարունակողների ու հարստացնողների, ցանկանում եմ առողջություն, երջանկություն, երկար կյանք…
Վայքում ապրող իրենց հարազատներին, տատիկ-պապիկներին շնորհավորանքի խոսքեր էին հղում նաեւ գնդապետի կինը՝ տիկին Լիլիթը, երեխաները՝ Գառնիկն ու Նանեն…
ԲԱԳՐԱՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
գնդապետ

Լենա Խաչատրյանն ու Ամալյա Սահակյանը այս զորամասի հնաբնակներից են։ Լենան գանձապահ է, Ամալյան՝ գործավար։ Ծառայության 16 տարիները նրանք Ամանորը դիմավորել են զինվորների հետ։ Հետաքրքիր, վառ հիշողություններ են պահպանել անցած տարիներից։
-Տարիներ առաջ, Ամանորի նախօրեին զորամաս էր այցելել այն ժամանակ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը։ Երբ զրուցեց մեզ հետ ու իմացավ, որ երեխաներ չունենք, բարկացած ձեռքը խփեց սեղանին.
-Բա ձեր փոխարեն չինացինե՞րը պիտի երեխաներ ծնեն ազգի համար.
-Պարո՛ն նախարար, էստեղ ծառայող բոլոր զինվորներն էլ մեր երեխաներն են,- ասացինք։ Նախարարը ժպտաց մեր պատասխանից,- վերհիշում են նրանք։
-Հայաստան աշխարհին ցանկանում ենք խաղաղություն, մեր զինվորներին, սպաներին՝ առողջություն եւ երկար տարիների կյանք։ Թող 2011 թվականը լինի մեր նոր իղձերի, երազանքների իրականացման տարի։ Թող ամեն մի զինվոր անփորձանք անցկացնի իր ծառայությունը եւ վերադառնա իր մոր գիրկը,- բարեմաղթեցին Լենա Խաչատրյանն ու Ամալյա Սահակյանը։

Մայոր Արթուր Բորոյանին հանդիպեցինք զորամասի ճանապարհին։ Զգացվում էր ռուսական կրթությունը, սակայն ինձ հետաքրքրեց նրա ազգանունը՝ դա, ինչպես գիտեք, մեծ հայդուկապետ Սմբատի՝ Մախլուտոյի ազգանունն է։ Երբ այդ մասին հարցրի երիտասարդ սպային, նա ժպտաց.
-Ես Մախլուտոյի եղբոր՝ Երվանդի թոռն եմ։ Երկար դեգերումներից հետո պապս հաստատվել է Բաքվում։ Հայրս ծնվել է Բաքվում։ Պապիցս փոխանցված շատ պատմություններ հայրս՝ Սերգեյը, պատմում էր ինձ, քույրերիս։ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչի» ռուսերեն հրատարակությունը մեր սեղանի գիրքն էր։ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես սովորում էի Բաքվի ռազմական ուսումնարանում։ Ծնողներիս, քույրերիս հետ վերադարձանք Հայաստան։ Ես մասնակցեցի մեր ազատագրական պայքարին։ Պատերազմի ողջ ընթացքում ինձ ոգեւորել, ուժ է տվել իմ մեծ պապի՝ Մախլուտոյի՝ Սմբատի ոգին։
-Ձեր ցանկությունները, բարեմաղթանքները Ամանորի առթիվ։
-Թող խաղաղության, հաջողությունների տարի լինի։ Ուժեղ, հզոր, մարտունակ բանակն է մեր խաղաղության երաշխիքը։ Մեր նախնիների հերոսական պատումները թող միշտ մեզ ոգեւորեն եւ տանեն դեպի հաղթական նոր բարձունքներ։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #51 (866) 29.12.2010 - 5.01.2011, Բանակ և հասարակություն


29/12/2010