Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՕԴԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ



Մեր անսպասելի այցն անակնկալի չբերեց ՀՕՊ զորամասի փորձառու հրամանատարին:

– Երկար ճանապարհ եք եկել, մի փոքր շունչ քաշեք, մի բաժակ թեյ կամ սառը ջուր խմեք, նոր կորոշենք մեր անելիքները, որ ստորաբաժանումից կուզեք, նրանից էլ կսկսենք, – ահա այսպես մտերմիկ դիմելով մեզ՝ ասաց փոխգնդապետ Կարեն Դարբինյանը: Մի փոքր շունչ առնելուց հետո հրամանատարին ներկայացրինք մեր այցի նպատակը: Մեզ լսելուց հետո փոխգնդապետ Դարբինյանը կապվեց ենթակա դիվիզիոնների հրամանատարների հետ և հրահանգեց պատրաստ լինել՝ ընդունելու «Հայ զինվորի» պաշտոնաթերթի լրագրողներին:

Փոխգնդապետ Վաչագան Ղազարյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնի խնդիրը իրեն վստահված օդային սահմանների անվտանգությունը հակառակորդի հարձակողական միջոցներից պաշտպանելն ու պահպանելն է: Դիվիզիոնը պարբերաբար մարտական հերթապահություն է անցկացնում, մարտական պատրաստության պլանի համաձայն անցկացնում է ուսումնական պարապմունքներ, ներգրավվում ինչպես ուսումնական , այնպես էլ մարտական զորավարժությունների մեջ: 2014 թվականի նոյեմբերին Արցախում անցկացված ՀՀ ԶՈՒ և ՊԲ համատեղ զորավարժության ժամանակ դիվիզիոնը, կատարելով գիշերային 100 կմ երթ և զբաղեցնելով պահեստային մեկնարկային դիրք, կատարեց իր առջև դրված առաջադրանքը, ինչի համար անձնակազմը խրախուսվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի կողմից: 2015 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ այս դիվիզիոնը մասնակցել է նաև գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի և գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումների համատեղ անցկացված մարտավարամասնագիտական զորավարժությանը` նպատակ ունենալով մոտոհրաձգային զորամիավորումները պաշտպանել հակառակորդի օդային հարձակումներից: Ամբողջովին կատարելով իր առջև դրված մարտական խնդիրը` անձնակազմը ստացել է դրական գնահատական:

Դիվիզիոնը համալրված է պայմանագրային զինծառայողներով, որոնք ունեն բարձր մասնագիտական պատրաստվածություն և ցանկացած պահի ի զորու են արժանի հակահարված տալու մեր օդայի սահմաններ ներխուժած հակառակորդին: ՀՕՊ ստորաբաժանումում իրենց բարեխիղճ ծառայությամբ աչքի են ընկել կապիտան Վ. Տրեգուբովը, ՌԴ ակադեմիայի շրջանավարտներ, մարտկոցի հրամանատար, կապիտան Տ. Մանվելյանն ու տեղեկատվության արտապատկերման բաժանմունքի պետ Ս. Մոսիկյանը, դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Ա. Բախշյանը, ավագ լեյտենանտներ Հ. Հակոբյանն ու Ս. Սահակյանը…

Դիվիզիոնում նյութատեխնիկական ապահովվածությունը գերազանց է. եթե տեխնիկայի շահագործման հարցում հանկարծ ի հայտ է գալիս որևէ անսարքություն, ապա տեղում իրենց իսկ ուժերով անհապաղ վերացվում է:

Ծառայության համար ստեղծված են շենքային և աշխատանքային նախանձելի պայմաններ: Չորս կողմը կատարյալ մաքրություն է, որ ներդաշնակվելով միջանցքներում բազմապիսի ծաղիկների հետ, հաճելի ներգործություն է ունենում ներս մտնողի վրա: Ամենուր փակցված են ծխախոտի` կյանքի համար վտանգավոր լինելու մասին հուշող բազմազան ցուցապաստառներ: Այս ամենը տեսնելով հասկանում ես, որ այստեղ հոգատար ձեռքը ամեն ինչում ներկա է:

Նշանակետը` հայտնաբերել, ուղեկցել եւ ոչնչացնել

Հրամանատարական կետի տեղակայման վայրի անվտանգության նկատառումներից ելնելով, ցերեկային և գիշերային ժամերին, տարբեր երթուղիներով, պարեկություն է կատարում ներքին վերակարգը: Դիվիզիոնի հրամանատարի ուղեկցությամբ եղանք հրամանատարական կետում: Մեզ դիմավորեց պատասխանատուն` ավագ լեյտենանտ Հ. Հակոբյանը, որի զեկույցից պարզ դարձավ, որ պետական օդային սահմանի ևս մեկ օրը խաղաղ է եղել, մարտական հերթապահության խախտում չի գրանցվել, իսկ կապի միջոցները գործում են անխափան: Բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնելով ՌԴ ակադեմիայի շրջանավարտ Հ. Հակոբյանին, դիվիզիոնի հրամանատարը շրջվելով իմ կողմը՝ ասաց.

– Ծառայության այս երկու տարիների ընթացքում հասցրել է իրեն դրսևորել լավագույն կողմերով, իսկ օրերս էլ նրան շնորհվեց հերթական` ավագ լեյտենանտի զինվորական կոչում:

Դիվիզիոնի հրամանատարական կետում ավագ լեյտենանտ Հ. Հակոբյանի հետ մարտական հերթապահություն էին անցկացնում ավագ պլանշետավար-ռադիոհեռախոսավար, շարքային պայմանագրային Տ. Ղազարյանը և պլանշետավար, ավագ հեռախոսավար, շարքային պայմանագրային Մ. Առուստամյանը: Մեր այցի պահին ավագ պլանշետավար-ռադիոհեռախոսավար Տ. Ղազարյանը պլանշետի վրա արտապատկերում էր ինքնաթիռի կոորդինատները, իսկ պլանշետավար-ռադիոհեռախոսավար Մ. Առուստամյանն էլ կատարում էր գրառումներ օդային իրադրության, օդում գտնվող նշանակետերի վերաբերյալ:

-Դիցուք հայտնաբերել ենք նշանակետը: Հայտնաբերելուց հետո ուղեկցում ենք, իսկ երբ ստանում ենք համապատասխան հրամանը` ոչնչացնում ենք: Հայտնաբերել, ուղեկցել, ոչնչացնել,- հակիրճ ներկայացրեց փոխգնդապետ Վ. Ղազարյանը:

Հրամանատարական կետը լիարժեքորեն ապահովված է կենցաղային բոլոր պայմաններով ու հարմարություններով, կին և տղամարդ զինծառայողների հանգստի սենյակով, խոհանոցով` կահավորված ժամանակակից սարքավորումներով: Ինչպես ասում են՝ այստեղ կարելի է բնակվել և աչալուրջ ծառայություն անցկացնել:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #34 (1103) 3.09.2015 – 9.09.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/09/2015