Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱՍՊԵՏ» ՃԱՄԲԱՐՈՒՄ
«ԱՍՊԵՏ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

Արդեն ութերորդ տարին է, ինչ ԼՂՀ պաշտպանության, կրթության, գիտության ու սպորտի նախարարությունները համատեղ կազմակերպում են ռազմամարզական ճամբար, որտեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայոց երկու հանրապետությունների և Սփյուռքի պատանիները: Սկզբում ճամբարները գործում էին զորամասերին կից: Հետագայում Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակա գեղատեսիլ անտառապատ ձորակում ստեղծվեց «Ասպետ» ռազմամարզական ճամբարը: Այս տարի Քաշաթաղի շրջանից ռազմամարզական միջոցառումներին մասնակցեցին 11-րդ դասարանի 12 տղաներ՝ Կովսականի, Գետամեջի, Մարտունաշենի, Գողթանիկի միջն. դպրոցներից, Կովսականի Թ. Կրպեյանի անվ. միջն. դպրոցի զինղեկ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրա հավաստմամբ՝ ջոկատն աչքի է ընկել կարգապահությամբ եւ լավ հանդես եկել մրցույթներում:

Գետամեջի միջն. դպրոցի աշակերտներից Հրանտ Անտոնյանը շահել է 1-ին մրցանակ կրակային վարժությունից՝ նվեր ստանալով ժամացույց և գնդակ, իսկ Նարեկ Խաչատրյանն ու Կարեն Դալլաքյանը արժանացել են շնորհակալագրի: Գրիգոր Խաչատրյանն արժանացել է «Լավ ճամբարական» մրցանակի: Երկու գերատեսչությունների շնորհակալագրեր են ստացել նաև Կովսականի և Գողթանիկի միջն. դպրոցի աշակերտներ Սամվել Օհանյանը, Աշոտ Աբրահամյանը: Պարգևի է արժանացել նաև ջոկատի հրամանատարը:

Զրույցի ընթացքում տղաները խոստովանեցին. դժվարություններ եղել են, սակայն սովորել են հաղթահարել: Ուրախ են, որ ճամբարում մոտիկից ծանոթացել են բանակային կյանքին, շփվել իրենց տարեկիցների հետ, նոր ընկերներ ու ծանոթներ ձեռք բերել: Պատրաստ են նորից լինել «Ասպետում» և մասնակցել ռազմամարզական մրցույթների:

Էդ. ՉՈՒԽԱՋՅԱՆ