Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Մարիան ինձ ուղեկցեց դասարան, որտեղ նրա հայտնվելն աշխուժության ալիք առաջացրեց, և իսկույն օգտվելով իրարանցումից՝ ներկայացրեց ինքնավստահ ու հպարտ. «Ընդունեք գեներալին,- կարծես վերադարձել էի Խաչակրաց արշավանքից:- Երկու օրից մեկնում եմ,- անակնկալ փսփսաց ականջիս,- վաղն արի մնասբարևի, երկար դասամիջոցին բուֆետում հյուրասիրություն եմ տալու, ուզում եմ, որ դու էլ ներկա լինես,- պատասխանի չսպասելով՝ դուրս վազեց դասարանից՝ թողնելով ինձ հուսախաբության խավարի մեջ:

Վրա էր հասել այն պահը, ինչի մասին մտածել էի ժամեր, օրեր շարունակ՝ երևակայելով ինձ մենակ, անպետք ու լքված, որից ամենաշատն էի սարսափում, ինչպես հիշողության հանկարծահաս կորստից:

Մինչև նախանշված օրն ու ժամը` մինչև չորեքշաբթի, ես Մարիային չտեսա` ոչ դպրոցում, ոչ էլ ուրիշ մի տեղ մոտերքում, ինչպես և սիրտս էր շարունակ հուշել…Նրա չերևալը ճանապարհի պատրաստությամբ պայմանավորելը որքան էլ միանգամայն տրամաբանված բացատրություն կարող էր դիտվել ինձ համար, սակայն ես, սեփական ծայրահեղ հայացքների դրդմամբ, հակված էի շատ ավելի խրթին ու խճողված լուծումների, որոնց տրամադրում էին իմ պատանեկան բորբոք միտքն ու հիվանդագին պատկերացումները այն դժվարին հոգեկան ու հոգեբանական կացության վիճակում, որում հայտնվել էի դյուրագար էությանս թելադրանքով, ինչն էլ ինձ դարձնում էր անհամբեր, դարձնում էր խենթ ու անկառավարելի` ընդունակ չկշռադատված արարքների, որը ես ժառանգել էի հորիցս: Նրան գտնելուս մի քանի անհաջող փորձերից հետո փակվեցի սենյակումս և ձեռքերս արնոտելու աստիճան սկսեցի բռունցքներով հարվածներ տեղալ պատին` բթացնելու համար կուրծքս պատառոտող այն խուլ ցավը, որ մեկ էլ զգացել էի հորս մեռած գտնելու չարաբաստիկ օրը… Որովհետև մեկընդմիշտ հասկացել էի, համոզվել` առանց Մարիայի` նրա զրնգուն, հոգեթով ծիծաղի, առանց նրա արտասովոր պայծառ ներկայության` մաքրագործող շնչառության, շուրջս անթափանց մշուշ էր` ծանր ու սպանիչ թախիծ, որից բառիս բուն իմաստով խեղդվում էի, շնչահեղձ լինում, ինչպես ուռկանն ընկած խամ ձուկ, որին, հերիք չէ, կտրել էին իր հարազատ տարերքից, դեռ մի բան էլ նետել էին շիկացած թավայի մեջ: Ու այդպես` գլուխս կորցրած, խելքամաղ ու անոթի, տենդագին տվայտանքների մեջ զօր-գիշեր մի վերջին հանդիպում էի խնդրում մեր տեր Հիսուս Քրիստոսից, որպեսզի օր առաջ հայտնեի չվող գեղեցկուհուն, որ հոժար եմ նրա հետքով քայլելու` նրա ստվերը լինելու, թեկուզ դժոխքի բաժին դառնամ: Ոչինչ այլևս ի վիճակի չէր շեղելու ինձ իմ ճանապարհից, ոչ ոք ի զորու չէր վիժեցնելու այն հաստատ որոշումը, որն անասելի տառապանքի գնով էր ինձ տրվել …

Երկու օրից՝ կեսօրին, գեներալի ծառայողական մեքենան կանգնած էր դպրոցի կենտրոնական մուտքի դիմաց: Ես չներկայացա հրաժեշտի հրավերքին, որ կազմակերպել էր սիրատոչոր սրտերի տիրուհին՝ ի պատիվ փութանցիկ բարեկամության, այլ պահվելով իմ թխկենու հետևը՝ որոշեցի ապավինել ներքին ձայնիս զորությանը, որ տրամադրում էր ինչ-որ արտասովոր բանի: Ինձ համակել էր աղոտ ընկալումն այն զգացման, թե ուր որ է լուծում պիտի գտներ իմ գլխավոր կասկածներից մեկը, որի ապացուցված չլինելը ինձ տարաբախտ էր դարձնում: Չէ՞ որ սիրող սրտերի միջև արտաքուստ թվացյալ բացասում կա, քանի դեռ «ամաչում են», որ սիրում են, քանի դեռ չեն շշնջացել նվիրական խոսքեր: Քանի դեռ չեն խոստովանել…

Ես պարզապես ցանկանում էի օտար, չար աչքից հեռու մեկուսի մի վայրում խոստովանել, որ պատրաստ եմ հետևելու իրեն, ուր որ առաջնորդի, անցնելու այն բոլոր փորձությունների միջով, հաղթահարելու «ճանապարհային քարտեզի» բոլոր այն դժվարությունները, որոնք երազներիս թագուհին, հավատացած եմ, մանրամասն և ամենայն բծախնդրությամբ գծագրել էր իր տեսիլներում` ճամփաբաժնի կանգառներով, կիսակայարաններով հանդերձ…Ամբողջ հոգով ու սրտով համաձայն էի, հնազանդ, միայն թե «արժանի լինեի նրան»:

…Ահա և Սողոմոնի վիրավոր ինքնասիրության ստվերոտ (խախուտ) կողմը, որ նրան իմ աչքին դարձնում էր ոչ միայն խոցելի ու անպաշտպան, այլև ԱՆԶՈՒԳԱԿԱՆ իր տեսակի մեջ: Մարդ, որին ոչ մի հոգի երբեք չէր ասել` «դու միակն ես, անկրկնելին, որին, ինձնից անկախ, ամենուր ձգտել են սիրտս ու հոգիս, երբ նույնիսկ չեմ ճանաչել, ծանոթ չեմ եղել քեզ… Քեզ նմանը չկա աշխարհում…Դու արժանի ես ամենալավ բախտի»: Խոսքեր, որոնք խորթ էին նրա ականջին, անհարիր նրա ինքնագիտակցությանը` ընդհանրապես, և որոնց անկեղծությանը հավակնելու համար նախևառաջ ուզում էր վստահանալ, թե իսկապես էլ արդյոք արժանի՞ է «միակը» և «անփոխարինելին» կոչվելու, քանի որ մանուկ հասակից սովոր էր գիշերները անկողին մտնել նույն տագնապալի և նվաստացուցիչ զգացողությամբ` «ես ինքնասպանի որդի եմ, ձախողակ մարդու ժառանգ, ուրեմն և անարժան…»: Ու մեկ էլ, չգիտես որտեղից, երկնքի շաղի նման, հայտնվում է մեկը` տարանցիկ մի «ծիտ», և քեզ քո մասին` քո կոչվածության ու նախասահմանության մասին պարզում է այնպիսի՜ բաներ, որոնք միմիայն իրեն են շնորհված զգալու և տեսնելու հայտնապես` «իր մարմնի բոլոր անդամներով»` ներսով ու դրսով, որպիսին ինքդ ամենաանհավանական երազում չէիր կարող երևակայել…Սողոմոնն իր միս ու արյունից, իր ինքնության խորունկ խորքերից բարոյական պատնեշներ էր խոյացնում, որպեսզի դրանք հաղթահարելով էլ հագեցնի իր թերահավատությունը սեփական արժանիքների նկատմամբ, որոնց ոչ մի կերպ չէր վարժվում» (Այլ կերպ ասած` մարդը զբաղված էր «իր միսը ուտելով»): Եվ մի՞թե հենց այդ մասին չէր վկայում վարձկանուհին, երբ հեգնում էր նրան. «Էլ ինչո՞ւ ճակատի գիծն անցար, հերո՛ս տղա»: Թերահավատությունը նրա գլխավոր մեղքն էր, ԱՐԱՏԸ, որ (լեզուս պապանձվի) կարող էր կործանման հասցնել…

Վարորդն արդեն փայլեցրել էր մեքենայի դիմապակին, խոզանակել էր սապոգները և ղեկի մոտ նստած՝ շվվացնում էր ինչ-որ ջահելական մեղեդի՝ երբեմն-երբեմն անհանգիստ նայելով թևի ժամացույցին, որ նշանակում էր, թե կամակոր պանին շեղվում է գեներալի նախանշած գրաֆիկից: Չդիմանալով սպասման տանջալի ընթացքին՝ վճռեցի մոտենալ զինվոր-վարորդին և զրույցի բռնվել հետը, մինչև որ կհայտնվեր չվող գեղեցկուհին: Եվ դեռ նոր էի փողոցն անցել, երբ հայացքս որսաց դպրոցի դռնից դուրս թռչող Մարիային՝ մազերն արձակ, խոլական, որպես վրեժի ֆուրիա, որ ինձ տեսնելով՝ ընթացքից սրարշավ նետվեց վրաս ու տապալեց մայթեզրի սիզախոտին:

– Ինչո՛ւ, ինչո՛ւ չեկար, հը՛… ինչո՜ւ…,- մերթ լալով, մերթ էլ հիստերիկ ծիծաղելով՝ բռունցքներով թմբկահարում էր կուրծքս և խոսում անհավանական բաներ:- Դու ինձ սիրո՞ւմ ես, հա՞, ասա՜, ասա, որ սիրում ես, խոսի՜ր, լսո՞ւմ ես… ես մեկնում եմ, մեկնո՛ւմ եմ, դու ինձ այլևս չես տեսնի, երբե՜ք չես տեսնի:- Նրա բնավորության փոփոխականությունը արտահայտվում էր հոգեվիճակի արագ փոփոխություններով՝ ինքնավստահությունից հուսալքության, ուրախությունից մելամաղձության, որին էլ հաջորդեց մի նոր էքսցես. հեծած պահելով ինձ մեջքիս վրա: Մարիան հանկարծ ափերի մեջ առավ գլուխս և կռանալով հատ-հատ սկսեց համբուրել աչքերս՝ շշնջալով այնպես, որ գլուխս պտտվեց հեշտալի դողից:- Քեզ, քո ԳԱՂՏՆԻՔԸ տանում եմ ինձ հետ…, ո՛չ, ո՜չ, հարկավոր չի՜, ոչինչ մի՜ ասա, լռի՜ր, սո՜ւս, սսը՛ը՛… Ես ունեցել եմ այն, ինչ ցանկացել եմ, իսկ հիմա ուզում եմ մերժված լինել. մնաս բարով, իմ գեներալ: Ես քեզ սիրում եմ…

Եվ ես ինձ վրա լցվող վայրենի կրքի, մոլուցքի հասնող հուզականության ու աղջկական խռովքի չդադարող հեղեղի տակ հուսահատությունից համարյա անգիտակից վիճակում դիմեցի ճարահատ խղճուկ հնարի` վրեժ լուծելու պես: Կծեցի Մարիայի ոսկյա օղ ունեցող բլթակը, միայն թե ազատվեի նրա կատաղի ճիրաններից…

-Նորի՜ց զազրելի սարդը…-ասացի անկիրք` մի տեսակ ջրիկ հիասթափությամբ, որից էլ սկսել էր սիրտս խառնել: -Ո՜նց եմ զզվում էդ զեռունից…,-չդիմացա,-սիրտս խառնում է… Ախր, կյանքդ թունավորեց էդ գարշելին…էլ չեմ դիմանում… Մինչև ե՞րբ ես հանդուրժելու, ճզմի թող գնա,- զորակցությունս հայտնեցի ծպտյալ թշնամու դեմ պատերազմում` մղելով, ի վերջո, վճռական քայլերի, ընդհուպ մինչև կատարյալ արտաքսում, որպեսզի խուսափեի իրերն իրենց անուններով կոչելուց և անհարկի որակումներից, քանի որ, իսկապես էլ, հազիվ էի ինձ զսպում: Նա ամենաանշառ, խոնարհ մարդուն էլ հունից կհաներ: (Նկատի է առնված իբրև ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ):

-Ես հենց սկզբից ազնիվ եղա քեզ հետ, ժուռնալի՛ստ, և ազնվորեն էլ զգուշացրի` «մեղքը քո վիզը», թե որ հանձն առար գալու ինձ հետ,-տեղի տվեց գրագիտորեն:

-Հրա՜շք աղջիկ,- պոչս քաշեցի,- նա քո աչքերն է համբուրում, հառաչում է, ախ քաշում, իսկ դո՞ւ…ականջն ես կծում,-ներսս կրակ ընկել, այրվում էր: (Քիչ էր մնում ասեի` «կտրում»):

-Շատ եմ ափսոսում, հավատա…, երբեք ինձ չեմ ների ամոթալի թուլությունս:

-Հավատում եմ, Աստծո սիրուն, հետո՞ ի՛նչ…

-Հետո… անընդհատ տարիներ ի վեր Մարիայի ցավից այլայլված դեմքն էի տեսնում, նրա լացակումած, լուրթ աչքերը ու … տառապում էի մեղավոր խռովքից:

-Կնշանակի` ոչինչ էլ չե՛ս ասել, չե՛ս խոստովանել, այդպես էլ սիրտդ բա՛ց չե՛ս արել նրա առաջ, ինչպես որ խոստացել էիր ինքդ քեզ,- ասացի` հակառակի հույս չունենալով:

-Չհասցրի…ամեն ինչ շատ արագ ավարտվեց. նա բաց թողեց գլուխս, զսպանակի պես վեր ցատկեց վրայիցս և ցասկոտ-խղճալի հայացքը սիրտս խրելով էլ վազեց նստեց հայրիկի ծառայողական մեքենան:

Շարունակելի

Խորագիր՝ #33 (1102) 27.08.2015 – 2.09.2015, Հոգևոր-մշակութային


27/08/2015