Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎԱՐԱՆ ՔԱՅԼԴ ՊԱՐԶԻՐ ԽԱՎԱՐԻՆ



Պայմանագրային սերժանտ Կարեն Անտոնյանը ծնվել է Սիսիան քաղաքում 1989 թվականին: Սիսիանի այն դպրոցում, որտեղ սովորեց Կարենը, ռազմագիտություն առարկան դասավանդում էր Արցախյան ազատամարտի հերոս-նահատակ Վուրգ Ոսկանյանը: Նույն դպրոցի սան էր նաև Կարենի մանկության ընկերը` Արշակ Գրիգորյանը, որը նույնպես հերոսաբար զոհվեց: Այս տեղեկություններով սկսվեց մեր զրույցը սերժանտ Կարեն Անտոնյանի հետ, որը սկսեց արտասանել այս բանաստեղծությունը.

Զինվոր ես դառնում, դու հա՛յ պատանի,
Հազար երանի քո ճրագ մորը,
Հազար երանի և քո սյուն հորը,
Հազար երանի և այն աղջկան,
Ում սիրած յարը հողին է պաշտպան,-
Քո բազուկներին հազար երանի.
Ոսոխների դեմ դու մի վարանի:
Զինվոր ես դառնում, դու հա՛յ պատանի,
Տղամարդ կյանքիդ շեմին դժվարին
Անվարան քայլքդ պարզիր խավարին:

Զենքդ միշտ պահիր աչքիդ լույսի պես,
Ինչպես քո մայրն է քեզ պահել փոքրուց,
Աչքդ սուր պահիր, ականջդ` ձայնի,
Միշտ հպարտ կրիր կոչումն զինվորի,
Որ հող հայրենին պաշտպանված լինի:

-Գիտե՞ք՝ ում բանաստեղծությունն է,- հարցնում ու չի էլ սպասում պատասխանի,- հեղինակը մորեղբայրս է` Ասատուր Գևորգյանը, որի գրական կեղծանունն է Ասո Սիսական: Արցախյան պատերազմի տարիներին մարտնչել է Մարտակերտում, այժմ ապրում է Սառնակունք գյուղում:

Այս տեղեկություններից հետո ինձ լիովին պարզ ու հասկանալի է, թե ինչու կրտսեր հրամկազմից որպես լավագույն զինծառայող գումարտակի հրամանատարությունը միանգամից նշեց այս անուն-ազգանունը` սերժանտ Կարեն Քաջիկի Անտոնյան: Հասկանում ես, որ այսպիսի մարդկանց տեսած, նրանց պատմությունները լսած պատանին չէր կարող ծառայությամբ աչքի չընկնել: «Մեր արժանավոր նախնիները միշտ էլ ուսուցչապետ են մնում բոլոր սերունդների համար»,- ասել է Գարեգին Նժդեհը: Եվ Կարենի գերազանց ծառայությունը դրա վկայությունն է:

Կարենը զարգացած, կիրթ անձնավորություն է (ինչպես դա բնորոշ է Զանգեզուր աշխարհի մեծամասնությանը): Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Պետական տնտեսագիտական քոլեջում: Որպես ժամկետային զինծառայող ծառայել է սահմանային զորամասերից մեկում: Ծառայությունից հետո մասնակցել է Արմավիրի դասակի հրամանատարների տեղակալների դասընթացների, որից հետո որպես սերժանտ նշանակվել է հրաձգային գումարտակի դասակի հրամանատարի տեղակալ: Այժմ էլ որպես տնտեսագետ հեռակայում է Գյուղակադեմիայի Սիսիանի մասնաճյուղում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

-Ինչպե՞ս ընտրեցիք զինվորականի մասնագիտությունը,- ու չնայած այս հարցի պատասխանը թվում է` պարզ է, բայցևայնպես, ցանկացա պատասխանը լսել Կարենից:

-Արդեն թվարկեցի նվիրական այն անունները` Վուրգ Ոսկանյան, Արշակ Գրիգորյան, Ասատուր Գևորգյան, և եթե դրան էլ ավելացնենք ազատամարտի դուրս եկած Զանգեզուր աշխարհի այն տղաներին, որոնց տեսել եմ, լսել նրանց պատմությունները` արդեն պարզ կլինի, թե ինչու դարձա զինվորական: Եվ հատկապես անջնջելի է մնացել այն տպավորությունը, որ նրանց հետ զրույցների ժամանակ միշտ զգացել եմ, մինչև ուղն ու ծուծը լցված նրանց հայրենասիրությունը և հաղթանակի հասնելու նրանց աներկբա հավատը: Իսկ հարցի վերջնական պատասխանը, ինձ թվում է, նախնիներից մեզ փոխանցված այն գենն է, որը անցնում է ամեն մի զանգեզուրցու երակներով:

-Խոսքի մեջ ասացիր, որ հերթափոխի եք կանգնում նոր դիրքում: Ինչպե՞ս է անցնում ծառայությունը մարտական նոր հենակետում:

-Սկիզբը դժվար է, սակայն արդեն համակերպվել ենք: Ասեմ ավելին` դիրքը գերիշխող է, իսկ երբ նայում ես բարձունքից` բացվում են բոլոր զգայարանները:

-Քեզ ի՞նչ տվեցին սերժանտական դասընթացները, ի՞նչը կկարևորեիր:

-Օղակների փոխհամագործակցությունը` ջոկ, դասակ, վաշտ: Եթե այս օղակները լիարժեք աշխատեցին, և հրահանգները ժամանակին փոխանցվեցին, դա կարևորագույն խնդիր է:

-Հայրենասիրության քո ըմբռնումը, քո բացատրությունը:

-Գիտե՞ք, ինչ կցանկանայի: Կուզեի դրսում գտնվող ամեն մի հայ մի պահ իր երկրին նայի դիրքում կանգնած զինվորի աչքերով: Այսօր ցավ ես ապրում, երբ տեսնում ես, որ շատերը դուրս են գնում երկրից: Զգացե՞լ եք, որ երկրապահներից շատերը նույնպես դժվարին կացության մեջ են, բայց ապրում են իրենց երկրում: Վաղվա հավատն է նրանց պահում: Ես էլ դրսից լավ աշխատանքի առաջարկներ ունեմ, բայց գերադասելի է, երբ ամեն երեկո տեսնում եմ երեխաներիս, ընտանիքիս, ծնողներիս… Սա է հայրենասիրության իմ ըմբռնումը…

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #33 (1102) 27.08.2015 – 2.09.2015, Ազգային բանակ


27/08/2015