Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ



Հայկական ազգային բանակի ձեւավորումը, նրանում առաջնորդների` սպաների դերը, նրանց պատրաստության խնդիրները եւ զինվորական գործունեությունը պատմական յուրաքանչյուր ժամանակահատվածում պայմանավորված են եղել մի շարք գործոններով` պատմաքաղաքական, ազգային, մշակութային, որոնց հոլովույթում եւ ձեւավորվել ու կազմավորվել է մեր բանակը: Նախորդ դարերի քաղաքական իրավիճակներին, հայկական բանակի առջեւ ծառացող խնդիրների առանձնահատկություններին ու դրանց լուծման եղանակներին անդրադարձը հնարավորություն է տալիս դիտարկել հայ զինվորականության անցած ուղին, վերագնահատել այն եւ արժեւորել ներկայիս խնդիրների օբյեկտիվի միջով:

ՀԻՆ ԵՎ ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐ

Ի տարբերություն հին դարերի այլ զորաբանակների, որոնց հաջողությունը հաճախ պայմանավորված էր լինում զորաբանակի մեծ թվաքանակով, ավարառությամբ, նյութական շահը խրախուսելու մեթոդով, հայկական փոքրաթիվ զորքերի հաջողության գրավականն էր գաղափարաբարոյական դաստիարակությունը:

Ինչպես վկայում են մեզ հասած պատմական տվյալները, հայկական բանակում հին դարերից ազգային և պետական ուրույն դեր ու նշանակություն է ունեցել զինվորական դաստիարակության իրականացումը, որի հիմքում ֆիզիկականի հետ մեկտեղ խիստ կարևորվել է հատկապես բարոյական այնպիսի որակների դաստիարակությունը, ինչպիսիք են տիրասիրությունն ու հայրենասիրությունը:

Հատկանշական է, որ սկզբնական շրջանում տիրասիրությունը հայրենասիրության նկատմամբ նույնիսկ առաջնային դիրք է գրավել: Եթե հույները հին դարերում իրենց համարում էին հելլենական մշակույթի ջատագովներ, տարածողներ և դեպի «խավար Ասիա» լուսավորություն բերողներ, իսկ հռոմեացիները` ողջ աշխարհին խաղաղություն պարտադրողներ և հռոմեական նիզակի ներքո զարգանալու, բարգավաճելու հնարավորություն ընձեռողներ, ապա հայերն իրենց առաջ դնում էին թագավորի իշխանությունը պաշտպանելու խնդիրը: Քանի որ հայ թագավորների կարգախոսն էր. «Ես հայ եմ, ինձ պետք չէ նվաճել աշխարհը, այլ աննվաճ պահել Հայքը», ապա հայկական բանակի մղած պատերազմները առավելապես պաշտպանական բնույթ էին կրում: Այս շրջանում Հայաստանում հայրենիք հասկացությունը ամփոփված էր թագավորի անձի մեջ և հայերի մեջ դաստիարակության համակարգում կարևորվում էր հատկապես տիրասիրությունը: Փ. Բուզանդի մոտ կարդում ենք, որ Շապուհը, Հայաստանում կրած մի խոշոր պարտությունից հետո, հայրենիք վերադառնալով, հիացմունքով պատմում է հայկական զորքի մասին. «Մի ուրիշ բանի վրա էլ եմ զարմացած…Հայաստանի գնդի միասիրտ հավատարմության և տիրասիրության վրա… Այո, – ասում էր նա, – երանի~ նրան, որ Հայոց գնդի տերն է, այնպիսի տիրասեր, միաբան և հավատարիմ զորքի» [Բուզանդ Փավստոս, «Պատմություն հայոց»]:

Դեռ 4-5-րդ դարերի «…գաղափարա-բարոյահոգեբանական արժեքները կոչված էին հայկական բանակի ելակետային նպատակների և ավանդական վարքուբարքի համաձայն դաստիարակելու հատկապես սպայակույտի շարքերը համալրող պատանիներին, ինչպես նաև ընդգծելու հայրենիքի և ժողովրդի առջև ունեցած պարտականությունները» [Այվազյան Ա., «Հայ զինվորականության պատվո վարքականոնը /4-5-րդ դարեր/»] :

Տիրասիրության ոգով դաստիարակությունը անհրաժեշտ էր ոչ միայն ցածր խավի զինվորականությանը, այլ նաև հատկապես զինվորականության բարձր խավի ներկայացուցիչ դառնալու պատրաստվող ազնվականների զավակներին: Եվ սա դեռ վաղ հասակից սերմանվում էր ազնվականական տների տղաների մեջ, որոնք երկրի ապագա ղեկավարներն ու զորավարներն էին:

Տիրասիրության ոգով դաստիարակության նպատակ էր հետապնդում նաև կրոնական դաստիարակությունը: Ազնվականական դասը լավատեղյակ էր Աստվածաշնչին և հատկապես գրքի այն հատվածներին, որոնցում քարոզվում էր ստորադասի նվիրումն ու երկյուղածությունը` նախարարի, թագավորի, իշխանի և երկնային Տիրոջ նկատմամբ: Վարդան Հացունու մոտ նշվում է. «… մեծ էր մանավանդ Դավթի սաղմոսաց դերը, զորս բոլոր ժողովուրդն ի բերան գիտէր, սորվելով մասամբ մ’ալ ժամերգութենէ, որ անոնցմով կազմուած էր» [Հացունի Վ., «Դաստիարակությունը հին հայոց քով»]:

Բոլոր ազնվականական տներում, ինչպես վկայում է Փ. Բուզանդը, առանձնահատուկ տիրասիրական դաստիարակություն էին տալիս արու զավակներին: Բոլոր Մամիկոնյանները, և հատկապես սպարապետական տունը, իր արու զավակներին ուսուցանում էր այն ոգով, որ հարգարժան և անձեռնմխելի է թագավորական անձը, եթե նույնիսկ օտարազգի է:

Տիրասիրությամբ Մամիկոնյաններից հետ չէին մնում նաև այլ նախարարական տոհմերի ներկայացուցիչները: Սրա մասին է վկայում, օրինակ, Անգեղ տան իշխան Դրաստամատ ներքինու այն վարմունքը, երբ իր ծառայությունների համար Շապուհ արքայի առաջարկած շնորհների փոխարեն գերադասում է միայն մեկ օրով հնարավորություն ստանալ այցելել Անհուշ բերդ՝ ծառայելու բանտարկված Արշակ Արքային: Երբ Արշակը ինքնասպան է լինում, դրան հետևում է նաև նվիրված ներքինու ինքնասպանությունը:

Սակայն միայն տիրասիրության ոգով դաստիարակումը /անվերապահ ենթարկվածությունը նախարարին և հրամանատարությանը/ իհարկե քիչ էր ամուր և կուռ բանակ ստեղծելու համար: Կարևորվում էր նաև հրամանատարի հոգատարությունը զինվորի նկատմամբ: Այդ իսկ պատճառով Հին Հայաստանում գործող կարգի համաձայն՝ ազնվականների տղա երեխաները ուսանում էին իրենցից մեկ աստիճանով ցածր ազնվականի մոտ և ուսուցման ողջ ընթացքում ապրում էին նրա տանը: Սա արվում էր այն նպատակով, որ ապագա հրամանատարը հնարավորինս լավ ճանաչեր իր ենթականերին, մոտիկից ծանոթանար նրանց կարիքներին ու հոգսերին: Այսպիսով ապահովվում էր հետադարձ կապը՝ հրամանատար – զինվոր, իշխանության ներկայացուցիչ – հասարակ ժողովուրդ: Ի դեպ, նմանատիպ մոտեցում կար միջնադարյան եվրոպական ասպետների դաստիարակության համակարգում: Սակայն Եվրոպայում ազնվականի զավակը կրթվում էր ավագ ասպետի մոտ:

Շարունակելի

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Հոգևոր-մշակութային


13/08/2015